‘Չմասնակցածներն ու ներքաղաքական իրավիճակը’

1475

Իրականությունն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է կես միլիոնից ավելի ձայն, իսկ ընտրությունների օրը 1.5 միլիոն մարդ  չի գնացել ընտրությունների:

Մյուս իրականությունն այն է, որ հիմնական վարկանիշային քաղաքական ուժերը` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ,  չեն մասնակցել ընտրություններին:

Չմասնակցության ձևաչափը

Լեւոն Տեր-Պետրոսյանը, չառաջադրվելով՝ լուծեց երկու հարց. նախ՝ կրկեսային կարգավիճակ հաղորդեց ընտրություններին, և երկրորդ` իր ընտրազանգվածին հասկացրեց, որ սա ընդամենը կարճաժամկետ փուլ է: Ասել է թե՝ դադար` հիմնական խաղից առաջ: Կոնգրեսի ընտրազանգվածը, մեծ մասամբ, չգնաց ընտրատեղամասեր, գնացածներից շատերը անվավեր դարձրին քվեաթերթիկները` դառնալով երգիծական անսպառ նյութերի հեղինակ: Իսկ մի մասն էլ, ակնհայտորեն, քվեարկել է Րաֆֆի օգտին:

Գագիկ Ծառուկյանը, չառաջադրվելով՝ կատարելության հասցրեց տիկնիկային թատրոնը՝ թողնելով Ս. Սարգսյանին անհարմար վիճակում: ԲՀԿ-ն ունի ուժեղ և աշխատունակ կառույցներ ողջ երկրով մեկ: Ս. Սարգսյանի թիմը քարոզարշավի ընթացքում անընդհատ փորձում էր համոզել, թե ԲՀԿ-ն աշխատում է իրենց օգտին: Արդյունքում՝ փետրվարի  18-ին պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն խստորեն կատարել է իր քաղխորհրդի որոշումը` չպաշտպանել որևէ մեկին: Մի քանի սակավաթիվ  ԲՀԿ-ականներ, ովքեր ինքնակամ ծառայեցին Սերժին, հայտնվեցին ավելի անհարմար վիճակում: Բառիս բուն իմաստով՝  խայտառակ եղան: ԲՀԿ-ի ընտրազանգվածը, մեծ մասամբ, չգնաց ընտրությունների, իսկ գնացածներն ակնհայտորեն քվեարկել են Րաֆֆու օգտին: Աբովյանում Րաֆֆին հավաքեց մեծ թվով ձայներ:

Մասնակցության անհրաժեշտությունը

Չմասնակցության ձևաչափի հստակեցումից հետո հաջորդ հարցը պետք է լինի երկրի երկու հիմնական քաղաքական  ուժերի` ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի վերադարձը ակտիվ քաղաքականություն: Ընդ որում՝ այդ վերադարձը չպետք է կապվի Րաֆֆու քայլերի հետ: Պարզ է, որ հետընտրական լարվածությունն իր ազդեցությունը թողնելու է  ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի քայլերի հաջորդականության վրա: Բայց ոչ երբեք` Րաֆֆու քայլերը: Դրանք տարբեր են: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը շարունակում են մնալ ամենավարկանիշային գործիչները, և նրանց քաղաքական թիմերն ունեն ավելի մեծ առաքելություն պետության ապագայի հանդեպ, քան հանրահավաքային մի քանի օրերին ակտիվ ու չհաշվարկված մասնակցությունը:

Հ. Գ. Գեբելսյան քարոզչամեքենան վերջին մի քանի օրերին անընդհատ փորձում է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի քաղաքական ներկայացուցիչներին ներքաշել Րաֆֆի-Սերժ հարաբերությունների պարզաբանման ոլորտ: Այստեղ նույնպես շատ կարևոր է հստակեցնել սահմանը` երկու անձերի հարաբերության և հայ հասարակության, պետության: 

Անուշավան Գրիգորյան 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին կպատմի վաղը՝ Ազատության հրապարակում’
Հաջորդ հոդվածը‘Պելե. Նեյմարի հիմնական խնդիրներն են մոդան եւ նրա սանրվածքը’