‘
Լուր
Արտաշես Գեղամյանի կարծիքով՝ թեև Սերժ Սարգսյանն առ այսօր իրենից ներողության չի խնդրել «դատարկ դհոլ» անվանելու համար, բայց քանի որ ինքը ՀՀԿ ցուցակով պատգամավոր է դարձել, «դա նշանակում է՝ քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանի գնահատականը երկրի նախագահի կողմից տրվել է»։
Մեկնաբանություն
«ՉԻ» — Արտաշես Գեղամյանն, իհարկե, իրավացի է։ Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանն ավելի՛ իրավացի է։ Պարզ ասած՝ Սերժ Սարգսյանի «դատարկ դհոլ» գնահատականի և ավելի ուշ այդ «դհոլը» խորհրդարան տանելու որոշման միջև հակասություն չկա։ Եթե ուշադիր ուսումնասիրենք ՀՀԿ խմբակցության կազմը, ակնհայտ կդառնա, որ Արտաշես Գեղամյանին խորհրդարան տանելով՝ Սերժ Սարգսյանը փաստորեն վերահաստատել է «դատարկ դհոլ» գնահատականը։ «Դատարկ դհոլ» է եղել, դրա համար էլ խորհրդարան է տարել (իշխող կուսակցությանը նման մարդիկ միշտ էլ պետք են)։ Ինչ վերաբերում է Գեղամյանին, ապա գործարքն ակնհայտորեն նրա սրտով է։ Ջանդամր, թե «դատարկ դհոլ» չի անվանել, «զատո» մանդատ նվիրեց։ Թող վաղն էլ «ճղած պարկապզուկ» անվանի, մեկ էլ տեսար՝ նախարարի պորտֆել էլ տվեց։
‘