‘Պահանջում են աշխատանքային երկուշաբթին չտեղափոխել շաբաթ’

929

Մի խումբ քաղաքացիներ change.org կայքում պետիցիա են ստորագրել՝ կառավարությունից պահանջելով չտեղափոխել աշխատանքային երկուշաբթի օրերը շաբաթ օր: Նախաձեռնությանն այս պահի դրությամբ միացել է 212 մարդ: Հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, և ՀՀ քաղաքացիները իրենց կենսագործունեության ընթացքում չպետք է ստիպված լինեն առաջնորդվել եկեղեցական տոներով:

Յուրաքանչյուր ոք ազատ է այցելել կամ չայցելել իր հարազատի շիրմին և դա անել իր համար հարմար ցանկացած օր, և դրա համար ՀՀ կառավարության կողմից հատուկ օրեր պարտադրելը ողջամիտ և տրամաբանական չէ, առավել ևս՝ այդ օրերը դարձնելով ոչ աշխատանքային:

Աշխատանքային օրերի տեղափոխությունը նաև տնտեսապես է վնասաբեր, քանի որ քաղաքացիները ո՛չ այդ օրն են աշխատում, ո՛չ էլ ամբողջ ծավալով` տեղափոխված շաբաթ օրը: Եթե հաշվի առնենք, որ տարեկան 5 օրեր տեղափոխվում են մոտակա շաբաթ օրը, և փաստացի քաղաքացիները այդ 5 օրվա փոխարեն աշխատում են մոտ 2,5 օր, ու տարվա մեջ կա 260 աշխատանքային օր, ապա ստացվում է, որ մենք կորցնում ենք այդ աշխատանքային օրերի 1%-ը:

Շատ հայաստանյան կազմակերպություններ գործընկերային հարաբերություններ ունեն արտասահմանյան կազմակերպությունների հետ, և աշխատանքային օրերի տեղափոխությունը խոչընդոտում է նրանց բնականոն աշխատանքին:

Ուստի հորդորում ենք Ձեզ դադարեցնել աշխատանքային երկուշաբթի օրերի տեղափոխումը դեպի մոտակա շաբաթ օրը և չեղյալ հայտարարել ՀՀ կառավարության 13.12.2012թ. թիվ 1558-Ն որոշումը»:

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը փոխհատուցում է պահանջում Վարդան Սեդրակյանից’
Հաջորդ հոդվածը‘Սուրիկ Լիսկա Խաչատրյանի թիկնապահը դուրս է գրվել’