‘Պեդրիտոյից` Դոն Պեդրո. 5 տարի Բարսայում’

668

Շաբաթ օրը լրացավ 5 տարին, ինչ այս` արդեն իսկ լեգենդար «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս իր ամենաքիչ գնահատված կանտերանոներից մեկը`Պեդրո Ռոդրիգես Լեդեսման:

2008-ի հունվարի 12-ին Պեդրոն` այդ ժամանակ դեռ Պեդրիտոն, առաջին անգամ հայտնվեց Ռայկարդի Բարսայի հայտացուցակում: Ինչպես հաճախ է պատահում, կանտաբրիացին նույնպես Բարսայի հայտացուցակում հայտնվեց ընդամենը պահեստայինների անհրաժեշտ քանակ ապահովելու համար: Նախորդ օրը պարզ էր դարձել, որ բասկ Սանտի Էսկերոն, ով Բարսայում էր հայտնվել նույնպես  ընդամենը պահեստայիններին նստելու համար, բաց է թողնելու “Մուրսիա”-ի հետ հանդիպումը հիվանդության պատճառով, և Ֆրանկ Ռայկարդը դիմել էր Բարսա-B-ի օգնությանը՝ խնդրելով Պեպ Գվարդիոլայի թիմից եզրային խաղացողի:

Իսկ Պեպի գլխավորած թիմում կային 3 աչքի ընկնող եզրայիններ. Վիկտոր Վասկեսը`ծնունդով 87-թվի  Մեսսիի, Սեսկի և Պիկեի խաղընկերը, Ժեֆրենը, ում կարող եք հիշել Մադրիդի «Ռեալի» դարպասը խփած գոլից հետո, որից հետո հաշիվը դարձավ 5-0, և Պեդրոն, ում Պեպը Բարսա-B էր տեղափոխել Բարսայի 3րդ թիմից «Բարսելոնա C»-ից:

Դեբյուտից հետո Պեդրիտոն այլև չհայտնվեց առաջին թիմի կազմում՝ մինչ Գվարդիոլայի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելը: Պեպը 2008-ին իր հետ ամառային միջմրցաշրջանային ամերիկյան շրջագայության վերցրեց Բարսա-B-ի 5 խաղացողների` Սերխիո Բուսկետսին, Ժեֆրենին, Վիկտոր Սանչեսին, Վիկտոր Վասկեսին և Պեդրոյին: Բացի Բուսկետսից ոչ ոք չկարողացավ տեղ գտնել եւ պարբերաբար խաղալ առաջին թիմի կազմում, քանի որ նրանք ամեն կերպ զիջում էին առաջին թիմի աստղերին` Անրինն, Էտո’Օին և Մեսսիին:

Մրցաշրջանից հետո նորից խոսակցություններ սկսեցին Պեդրոյի՝ ակումբից հեռանալու մասին, բայց այդ թույլ չտվեց Գվարդիոլան, և Պեդրիտոյի հետ ստորագրվեց առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը. Պեպի խորհրդով Պեդրիտոյի փոխարեն խաղացողը նախընտրեց ավելի հասուն՝ Պեդրո տարբերակը:

2009-ի ամռառվանից էլ սկսեցին արդեն հասուն Պեդրոյի լուրջ արկածները Կատալոնիայում: Թիմի նոր աստղ Իբրահիմովիչի ձեռքը կոտված էր, իսկ Մեսսիին տրամադրվել էր հերթական երկարատև արձակուրդը, այդ պատճառով էլ Պեդրոն հայտնվեց Իսպանիայի 2009 թվականի Սուպերգավաթի «Ատլետիկի» դեմ առաջին խաղի մեկնարկային կազմում: Առաջին խաղակեսից հետո Բարսան պարտվում էր 1-0 հաշվով, և հենց Պեդրոն փոխեց խաղի ընթացքը: Նախ՝ դարձավ Չավիի գոլի փոխանցման հեղինակը, իսկ հետո հեռահար գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 1-2: Բայց նույնիսկ այդ գոլից հետո զգացվում էր, որ Պեդրոն խաղամակարդակով բավականին զիջում է իր խաղընկներներին և թվում էր, թե միևնույն է, կանտերանոն երկար կյանք չի կարող ունենալ Բարսայի կազմում, հաշվի առնելով նաև այն, որ թիմում կար ավելի աչքի ընկնող Բոյան Կրկիչը:

Բայց շատ շուտով՝ օգոստոսյան վերջին խաղում Պեդրոն հաստատեց իր ավելի լուրջ հավակնությունները, երբ ավելացրած ժամանակում խփած գոլով հաղթանակ պարգևեց Բարսային Եվրոպայի Սուպերգավաթի՝ «Շախտյորի» դեմ խաղում:

Այդ մրցաշրջանը դարձավ պատմական Պեդրոյի համար, քանի որ ձմռանը նա իր գլխով գոլով շրջեց ակումբային աշխարհի առաջնության եզրափակչի ընթացքը և դարձավ միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է մեկ տարվա ընթացքում գոլի հեղինակ դառնալ 6 տարբեր մրցաշարերում:

Փայլուն մրցաշրջանից հետո Պեդրոն ամռանն անսպասելիորեն ընգրկվեց Իսպանիայի հավաքականի ԱԱ-2010-ի հայտացուցակում, բայց առաջին անգամ խաղաց միայն կիսաեզրափակչում, իսկ արդեն եզրափակչում դուրս եկավ մեկնարկային կազմում:

Երեք մրցաշրջաններում նա ավելի շատ էր խաղացել մեկնարկային կազմում, քան Իբրահիմովիչը, Բոյանը կամ Անրին, 2010-ի սեպտեմբերից վերածվեց անքննարկելի մեկնարկային կազմի խաղացողի և մրցաշրջանի ավարտին կարևոր գոլերի հեղինակ դարձավ ՉԼ-ի կիսաեզրափակչում և եզրափակչում` բացելով «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի հաշիվը: Այդ ժամանակվանից ի վեր պարզ էր, որ ինչքան էլ կանտաբրիացին իր խաղամակարդակով զիջի իր խաղընկերներին, միևնույն է՝ հայտնվելու է մեկնարկային կազմում՝ իր կարգապահության և դաշտում կատարած աշխատանքի համար:

Պեդրոն երբեք չի հայտնվի անհատական մրցանակների երեկոներին եւ շատ բարդ է պատկերացնել, որ երբեւէ կնդգրկվի որեւէ լրատվամիջոցի կողմից կազմված տարվա լավագույն կազմում, բայց Բարսայի մնացած խաղացողների համար պարզ է, որ նրանց անհատական մրցանակներում կամ ՖԻՖԱ-ի տարվա կազմում ընգրկվելու հարցում մեծ դեր ունի նաև Պեդրոն, ով, միևնույն է, թվում է, որ եթե չլիներ Բարսայի սան, ամենաշատը կարող էր խաղալ «Սեւիլյաի» կամ «Մալագայի» կարգի թիմերում: Իսկ Բարսայում նա անփոխարինելի է:

 

Դավիթ Քիրամիջյան

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանը, «Գլենդեյլ հիլզ»-ը եւ Մուշ-2-ի անորակ բնակարանները’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում ազատ արձակված քաղբանտարկյալները փոխհատուցում են պահանջում’