‘Պետքարտուղարությունն ամերիկացիներին զգուշացնում է Սոչիի վտանգների մասին’

931

ԱՄՆ Պետքարտուղարությունը զգուշացնում է ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք մտադիր են փետրվարի 7-ից մարտի 16-ն այցելել Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերն, անձնական անվտանգության մասին անընդհատ հիշելու անհրաժեշտության մասին: Զգուշացման մեջ նշված են մի քանի կարևորագույն ասպեկտներ, որոնց վրա հարկավոր է ուշադրություն դարձնել:

«Օլիմպիադան առաջին խոշորամասշտաբ իրադարձությունն է, որ անցնելու է Սոչիում: Տարածաշրջանի բուժօգնության ու ենթակառուցվածքների հնարավորությունները ստուգում չեն անցել մեծ քանակի եկվորների սպասարկելու հնարավորության առումով: Բժշկական ծառայությունները ռուսական հաստատություններից շատերում զգալիորեն տարբերվում են արևմտյան չափանիշներից տարբեր մոտեցումների և առաջին օգնության պրակտիկայի պատճառով: Ճանապարհորդներին խորհուրդ է տրվում դիտարկել բուժտարհանման կամ հայրենիք վերադառնալու ապահովագրության վարձատրման հնարավորությունը»,-ասվում է փաստաթղթում:

Պետքարտուղարությունը հիշեցնում է, որ Օլիմպիադայի նման հրապարակային և գրավիչ իրադարձությունները ցանկալի թիրախ են ահաբեկիչների համար: ՌԴ իշխանությունները, ասվում է փաստաթղթում, ցույց տվեցին, որ ձեռնարկում են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները: Միևնույն ժամանակ, ամերիկացիներին հիշեցնում են, որ Ռուսաստանում, հատկապես Հյուսիսային Կովկասում, նախկինի պես ահաբեկչական գործողություններ են կատարվում ու պատանդներ են վերցվում: Որպես օրինակ նշվում է Վոլգոգրադը, որտեղ 2013 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը մահապարտներն երեք պայթյուն կազմակերպեցին հանրային տրանսպորտում, որից մեկը՝ երկաթուղային կայարանում: Նշվում է, որ երեք բռնարարքներից երկուսը կատարվել են մեկ օրվա ընթացքում:

Վերջին 10-15 տարիներին պայթյուններ են եղել ՌԴ պետական շենքերում, օդանավակայաններում, հյուրանոցներում, զբոսաշրջային վայրերում, դպրոցներում, բնակելի տներում: Բացի այդ, ահաբեկիչների թիրախն է եղել նաև հանրային տրանսպորտը՝ մետրոն, ավտոբուսները, գնացքներն ու ինքնաթիռները:

ԱՄՆ Պետքարտուղարությունը մեջբերում է «Կովկասի Իմարաթ» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Դոկու Ումարովի հայտարարությունը, որն արվել է 2013 թ. հուլիսին: Տեսագրության մեջ Ումարովը չեղյալ է հայտարարել իր բոլոր նախորդ կարգադրությունները քաղաքացիական անձանց վրա չհարձակվելու մասին և կոչ է արել հարձակումների Օլիմպիական խաղերի ժամանակ:

«Սոչի մեկնողները պետք է պատրաստ լինեն ոստիկանների առատությանն ու անվտանգության խստացված միջոցներին մրցումների և հարակից վայրերում: Ոչինչ չի վկայում սպառնալիքի մասին հենց ԱՄՆ քաղաքացիների կամ կազմակերպությունների հանդեպ, սակայն քաղաքացիները պետք է իրազեկ լինեն իրավիճակին: ԱՄՆ քաղաքացիներին կոչ են անում զգոն լինել ու զգուշավոր ցանկացած հանրային տրանսպորտից օգտվելիս»,-ասվում է փաստաթղթում: Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հետևել իրավիճակի զարգացումներին և անհապաղ կիրազեկի անվտանգության սպառնալիքների մասին:

«ԱՄՆ քաղաքացիները չպետք է մոռանան անձնական անվտանգության մասին: Հանցավորությունը Սոչիում նման է դրսևորումներին այդ չափերի ցանկացած այլ քաղաքի համար: Սակայն Օլիմպիադայի նման իրադարձությունները լավագույն միջավայրն են հանցագործների համար զբոսաշրջիկներին որպես թիրախ ընտրելու համար: Խորհուրդ չի տրվում խոշոր գումարներ կամ արժեքավոր իրեր ունենալ ու կրել: Քանի որ մարզական օբյեկտներից դուրս վճարման միակ միջոցը կարող է կանխիկ գումարը լինել, մտածեք գումարը չհրկիզվող պահարանում պահելու մասին…»,-հիշեցնում են ամերիկացիներին: Նրանց խորհուրդ է տրվում նաև օգտվել միայն լիցենզավորված տաքսի ծառայություններից կամ ուղևորությունները կազմակերպել հյուրանոցի միջոցով:

Ամերիկացիներին խորհուրդ է տրվում խուսափել մարդկանց կուտակումներից այն վայրերում, որտեղ ապահովված չեն անվտանգության պատշաճ միջոցներ և զգուշավոր լինել այն վայրերում, որտեղ անց են կացվում բողոքի ցույցեր կամ նման այլ միջոցառումներ, քանի որ խաղաղ ակցիաները շատ արագ ու անսպասելի կերպով կարող են վերաճել անկարգությունների: «2013 թվականի հունիսին ՌԴ Պետդուման օրենք է ընդունել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզն» արգելելու մասին երեխաների և դեռահասների շրջանում: ԱՄՆ կառավարությունը հասկանում է, որ այս օրենքը կիրառելի է ինչպես ՌԴ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների դեմ: ՌԴ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները կարող են տուգանվել մինչև 100 հազար ռուբլի գումարով, իսկ արտերկրի քաղաքացիները կարող են ձերբակալվել մինչև 14 օր ժամկետով ու արտաքսվել: Ռուսական իշխանությունները միանգամայն լղոզված կերպով են բնութագրում «միասեռականության քարոզն» ու այն, թե որ ակցիաներն են համարում քարոզչական»,-ասվում է փաստաթղթում:

Թարգմանությունը՝ panarmenian.net-ի:

Նախորդ հոդվածը‘«Լիսկան» Գորիսի պաշտոնավորների շրջանում խուճապ է առաջացրել’
Հաջորդ հոդվածը‘Դպրոցական աղջկան վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է’