‘«Լիսկան» Գորիսի պաշտոնավորների շրջանում խուճապ է առաջացրել’

3026

Մինչ երեւանյան լրատվամիջոցները գրում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` երկրից արտագաղթելու շուրջ խոսակցությունների մասին, Լիսկան տոներից հետո հարազատ Գորիսի պետական հիմնարկների ղեկավարներին  լուրջ երկընտրանքի առաջ է կանգնեցրել:

Մեր հավաստի աղբյուրը տեղեկացնում է, որ  Սուրիկ Խաչատրյանը, նախորդ տարիների նման, այս տարի էլ քաղաքի պաշտոնավորներին Հին նոր տարին նշելու համար խնջույքի է հրավիրել իրեն պատկանող «Վանատուր» ռեստտորանում:

Պաշտոնավորներն էլ չգիտեն` ընդունե՞լ պաշտոնաթող «Ցարի» հրավերքը, թե ոչ: Մի կողմից, Լիսկայի կազմակերպած խնջույքին մասնակցելով նրանք կարող են հարուցել գործող մարզպետ Վահե Հակոբյանի դժգոհությունը, մյուս կողմից` չգնալով, կարող են բարդություններ ունենալ նախկին մարզպետի հետ, որի ազդեցության աստիճանը գորիսեցիների համար դեռեւս հստակ չէ:

Անգամ  ասում են, Գորիսի քաղաքապետ, Խաչատրյանի հովանավորյալ Նելսոն Ոսկանյանը հապճեպ արձակուրդ է վերցրել` արտասահմանում բուժման մեկնելու պատրվակով: Տարբեր պատճառաբանություններով խնջույքից խուսափելու փորձեր են անում նաեւ գյուղապետերը:

Լիսկայի հետ հարաբերությունները հստակեցնելու խնդիրը Գորիսում է’լ ավելի է կարեւորվում, եթե հաշվի առնենք, որ այս տարվա կեսերին քաղաքը պետք է նոր քաղաքապետ ընտրի:  Ըստ նախնական տվյալների, գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանն առաջադրվելու մտադրություն չունի: Գորիսում խոսում են երիտասարդ գործարար Տիգրան Կարապետյանի հավանական թեկնածության մասին, որը վայելում է նոր մարզպետ Վահե Հակոբյանի անվերապահ աջակցությունը: Նախկին մարզպետն այս հարցում իր «նախասիրությունները» դեռ չի բացահայտել:

Ինչ վերաբերում է  Սուրիկ Խաչատրյանի արտագաղթի մասին խոսակցություններին, ապա ըստ հավաստի աղբյուրի, Լիսկան անձամբ առայժմ գնալու մտադրություն չունի, մինչդեռ ընտանիքը անորոշ ժամանակով ուղարկել է Եվրոպա` մտավախություն ունենալով իր պաշտոնավարման ընթացքում ձեռք բերած բազմաթիվ հակառակորդների վրեժխնդրությունից:  

Հիշեցնենք, որ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանը հրաժարական տվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից 2013-ի հունիսին: Պատճառը հունիսի 1-ին Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած արյունահեղությունն էր, երբ, ըստ քրեական գործի, Լիսկայի որդին` Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը գնդակահարեցին Արցախի բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանին եւ նրա եղբորը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանին: Վերջինս, ստացված վնասվածքներից մահացավ: Մինչ այդ, նույն օրը, Գորիսի «Սդղի գյոլ» հանգստավայրում վիճաբանություն է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի եւ Ավետիք Բուդաղյանի միջեւ: Գործով նախաքննական մարմինը որոշեց, որ Ավետիք Բուդաղյանի սպանությունը իրավաչափ է եւ սեպտեմբերի 7-ին ազատ արձակեց Տիգրան Խաչատրյանին ու Զարզանդ Նիկողոսյանին` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելով:     

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Բոբիկ ոտքերիս տերեւե ոտնաման’
Հաջորդ հոդվածը‘Պետքարտուղարությունն ամերիկացիներին զգուշացնում է Սոչիի վտանգների մասին’