Պետք է վարել այնպիսի քաղաքականություն, որ լինի Հայաստանին սիրաշահելու, այլ ոչ թե պատժելու մրցակցություն. «Հրապարակ»

2099

«Հրապարակ»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

— Երեկ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ սպասվում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպում, որտեղ քննարկելու են Հայաստանի զարգացմանն ուղղված եռակողմ համագործակցության ուղիները։ Դրանից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երեւանում սկանդալային հայտարարություն արեց, ավելի վաղ ԵԽ-ն բանաձեւ ընդունեց, որով առաջարկվում էր դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը: Արդյո՞ք Հայաստանի աշխարհաքաղաքական բեւեռի փոփոխության գործընթաց է ընթանում։  

— Արմեն Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեմ ցանկանում անել, քանի որ լուրջ եզրակացություն անելու համար անհրաժեշտ տեղեկությունը բացակայում է։ Կարծում եմ, որ իշխանություններն իրենք պետք է բացատրեն, թե ինչ պրոցես է ընթանում։ Հանրությանն այս ամբողջ գործընթացի վերաբերյալ հաշվետվություն տալու պարտավորության մասին, ի դեպ, գրել ենք մեր հայտարարության մեջ։ Եթե նկատի ունեք Ստոլտենբերգի խոսքերը, որ Ուկրաինային համերաշխության համար շնորհակալություն է հայտնում Հայաստանին, ապա նույն այդ հայտարարության մեջ դրա պատասխանը կա։ Մեր ասածը հետեւյալն է՝  ե՛ւ անվտանգության, ե՛ւ տնտեսական ապահովության հարցերում պետք է նուրբ, ոչ կոնֆրոնտացիոն դիվանագիտություն վարել եւ խորացնել համագործակցությունը ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ Արեւմուտքի հետ, պահել անհրաժեշտ բալանսը, որպեսզի երկիրը չվերածվի 2 գերտերությունների միջեւ հակամարտության կռվադաշտի։ Իր քայլերով Փաշինյանը խախտում է այդ բալանսը։

— Մենք նախադեպ ունեցել ենք, երբ Հայաստանի իշխանությունները եվրաասոցացման գործընթաց են սկսել, ապա անդամակցել Մաքսային միությանը, բայց այդ շրջանում Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններն այս վիճակում չէին, իսկ Հայաստանն անվտանգային մարտահրավերներին դիմակայելու ռեսուրս ուներ։ Այսօր ինչի՞ կարող են հանգեցնել Փաշինյանի կտրուկ շարժումները։ 

— Մենք հենց դրա մասին էլ խոսում ենք, քայլեր կան, որոնք կարող են շատ աղետալի հետեւանքներ ունենալ, եւ պետք է ամեն ինչ անել, որ բալանսի խախտում չլինի, Հայաստանը պահպանի իր կարգավիճակը՝ որպես երկրի, որը կարող է բոլոր ուղղություններով զարգացնել համագործակցությունը եւ դառնալ մրցակցության հարթակ` ներդրումների եւ առեւտրատնտեսական ակտիվության համար, ինչու չէ` ունենա բազմակողմանի համագործակցություն նաեւ անվտանգության բնագավառում։

— Հաշվի առնելով Արեւմուտքի փոխկապակցվածությունն ու շահերն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ աշխարհաքաղաքական այս պայմաններում տեսնո՞ւմ եք ռեալ օժանդակության հնարավորություն Արեւմուտքից, գործնական քայլեր, որոնք Հայաստանը կարող է ակնկալել եւ ստանալ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից։

— Արդեն ԵՄ դիտորդական խմբի առկայությունը երկրում անվտանգության ինչ-որ մի բարձիկ է, չնայած բավարար երաշխիք չէ։ Այստեղ խնդիրը ոչ թե Եվրոպայի հետ համագործակցության ընդլայնումն է, այլ այն, որ այդ ամենն արվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու եւ խզելու համատեքստում։ Ա՛յ, սա պետք է բացառել, իսկ որ դա հնարավոր է, ցույց է տալիս Վրաստանի օրինակը, Ղազախստանի օրինակը։

— Հիշատակեցիք եվրադիտորդներին, բայց փաստացի նրանք ամենեւին էլ զսպող մեխանիզմ չեն, նրանց ներկայության պայմաններում Փաշինյանը գնում է մարզ եւ հայտարարում՝ եթե հողերը չտանք Ադրբեջանին, մեկ շաբաթից պատերազմ կլինի։ 

— Այդ վտանգը ստեղծել է ինքը` Նիկոլ Փաշինյանը, մերժելով խաղաղության հնարավոր իրատեսական ծրագրերը, թշնամանալով Ռուսաստանի հետ, ակտիվորեն ներքաշվելով Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ՝ որպես ակտիվ խաղացող։ Մեծերի խաղի մեջ կողմ պահելը մեր նման փոքր, խոցելի երկրների համար կարող է աղետալի հետեւանքներ ունենալ: Ինչ վերաբերում է եվրոպական դիտորդներին, ես դրա համար էլ ասացի, որ դա բավարար միջոց չէ։ Ես առիթ ունեցել եմ խոսելու այն մասին, որ մեծ սխալ էր ՀՀ իշխանությունների կողմից՝ մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը, որքան էլ մենք խնդիրներ ունենանք ՀԱՊԿ-ի` դաշնակցային պարտավորությունների չկատարման վերաբերյալ, որովհետեւ, եթե եվրոպական դիտորդական առաքելությանը զուգահեռ լիներ նաեւ ՀԱՊԿ առաքելությունը, դա ոչ թե կվատթարացներ մեր վիճակը, այլ կդարձներ ավելի ապահով։ Այսինքն՝ մենք պետք է գնանք ոչ թե բացառման՝ մեկին ընդունելու, մյուսին բացառելու տարբերակով, այլ պետք է ընտրենք բոլոր ուղղություններով հնարավոր աջակցություն ստանալու ճանապարհը։

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըՆարցիսիզմը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ