‘Պուտինն, ինչքան կարող է՝ նեղացրել է համաներումը’

1080

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի սահմանադրության 20-ամյակի առթիվ համաներման օրինագիծ է ներկայացրել Պետդումա: Այդ առնչությամբ ներկայացնում ենք Ежедневный журнал-ի թղթակից Ալեքսանդր Գոլցի հոդվածը:

Ռուսաստանի նախագահը Պետական դումա է ներկայացրել երկար սպասված համաներման նախագիծը: Հեղինակների առջև, փաստորեն, անլուծելի խնդիր էր դրված: Մի կողմից՝ ցուցադրել, որ գլխավոր պետն, այնուամենայնիվ, ընդունակ է գթասրտության: Մյուս կողմից, սակայն, Եվրամայդանից վախեցած իշխանությունն այժմ հակված է ոչ այնքան ներելու, որքան վախեցնելու: Արդյունքում՝ համաներման շրջանակներն այնքան նեղացվեցին, որքան դա հնարավոր էր: Եթե մարդու իրավունքների նախագահական Խորհրդի կողմից պատրաստված նախագծով ենթադրվում էր, որ համաներումը կառնչվի գրեթե 200 հազար դատապարտյալների և հետաքննվողների, ապա այժմ խոսքն ընդամենը 25 հազարի մասին է: Ընդ որում, դումայի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վասիլևի հաշվարկներով՝ կալանքից ազատվելու է ընդամենը 1300 մարդ, 17 հազարը կազատվեն ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներից, իսկ 6 հազարի նկատմամբ կարող են կասեցվել հարուցված քրեական գործերը: Փաստաթղթի կից գրությունում ընդգծվում է, որ համաներումը կկիրառվի «միայն այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկաման և նախկինում պատիժ չեն կրել ուղղիչ հաստատություններում: Բացառություն է արվում միայն անչափահաս  դատպարտյալների նկատմամբ, ովքեր հանցանք են գործել մինչև 16 տարեկան դառնալը կամ էլ կրել են նշանակված պատժի կեսից ոչ պակասը»:

Այդպիսով՝ պատժից ազատվում են մինչև 16 տարեկան անչափահասները, նախկինում պատիժ չկրած անչափահասները, անչափահաս երեխա ունեցող կանայք, հղիները, I և II խմբի հաշմանդամները, 60-ն անց տղամարդիկ և 50-ն անց կանայք, ռազմական գործողությունների վետերանները, Չեռնոբիլի վթարի  հետևանքների վերացմանը մասնակցած անձինք: ՔՕ երեք հոդվածներով կազատվեն բոլոր դատապարտյալներն ու հետաքննվողները՝ 212-րդ հոդվածի 2,3 մասերով՝ զանգվածային անկարգություններին մասնակցություն և կոչեր, որով անցնում են «Բոլոտնայայի գործով» ինը մասնակիցներ: Սակայն դա չի վերաբերի նրանց, որոնք մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ գործադրելու համար: Ազատ կարձակվեն նաև խուլիգանության համար բոլոր դատապարտվածները: Դա թույլ կտա Օլիմպիական խաղերից առաջ դադարեցնել գործերը Greenpeace-ի ակտիվիստների, ինչպես նաև՝ PussyRiot-ի երկու մասնակիցների նկատմամբ: Վերջինիս հարցում, ի դեպ, այնքան էլ համոզված չեմ: Համաներումը պետք է իրականացվի վեց ամսվա ընթացքում, իսկ Մարիա Ալյոխինայի և Նադեժդա Տոլոկոննիկովայի պատժի ժամկետներն ավարտվում են մարտին: Եւ տեղյակ լինելով գլխավոր պետի մանր վրեժխնդրությանը՝ կարելի է ենթադրել, որ նրանց կստիպեն նստել մինչև վերջ:

Վերջապես, փաստաթուղթն այնպես է կազմվել, որպեսզի համաներումը ոչ մի կերպ չառնչվի Պուտինի անձնական կալանավորներին՝ Միխայիլ Խոդորկովսկուն և Պլատոն Լեբեդևին: Ավելին, ցույց տալու համար, որ իշխանությունները պատրաստ են հետագայում ևս հալածանքների դիմել, հենց այս օրերին տեղեկատվություն է տարածվում այն մասին, թե Խոդորկովսկու և Լեբեդևի դեմ երրորդ ժամկետն է նախապատրաստվում: Ընդ որում, եթե ի մի բերենք բարձրաստիճան «աղբյուրների» հակասական ու խառը հայտարարությունները, պուտինյան կալանավորներին այժմ մեղադրելու են այն բանի համար, որ նրանք  ֆինանսավորել են քրեական օրենսգիրքը մեղմելու փորձերը: Ոչ մի մեղմացում Պուտինը մտադիր չէ թույլ տալ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2.369 մլն.դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404.04 դրամ/դոլար’