‘Պուտին. Ուկրաինային ոչ մի տեղ քարշ չենք տալիս’

1117

«Մայդան»-ը պարզապես Ուկրաինայի ներքաղաքական պայքարն է, որի համար առիթ է ծառայել Ասոցացման համաձայնագիրը: Ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով «Դոժդ» հեռուստաընկերության հարցին:

Լրագրողը հարցրել է` ինչ քաղաքական որոշում կընդունի Վլադիմիր Պուտինը, եթե Մոսկվայի կենտրոնում այնպիսի ցույցեր տեղի ունենան, մանավանդ` չարտոնված, ինչպիսին տեղի են ունենում Մայդանում:

«Ես ոչ մի քաղաքական որոշում չեմ ընդունի, կառաջնորդվեմ, օրենսդրությամբ: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր մասնակցությունն ունենալ երկրում որոշումների կայացման գործընթացում, այդ թվում` ցույցերի միջոցով: Սակայն դա պետք է լինի օրենսդրության շրջանակներում. հետեւաբար, ես քաղաքական որոշում չեմ կայացնի, այլ կառաջնորդվեմ օրենսդրությամբ: Դա իմ ցանկությունը չէ, դա իմ պարտականությունն է, այլապես քաոս կլինի, որը վատ կազդի մեր տնտեսական դրության վրա», — պատասխանել է Ռուսաստանի առաջնորդը: 

Անդրադառնալով ուկրաինացի ցուցարարների հակառուսական կարգախոսներին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանում էլ կան որոշ թվով քաղաքացիներ, որոնք ոչ բարյացակամ վերաբերմունք ունեն Ուկրաինայի նկատմամբ, եւ «անհրաժեշտության դեպքում կարող են շատ բուռն արտահայտել իրենց այդ վերաբերմունքը»: Նույնը, նրա խոսքով, վերաբերում է նաեւ ուկրաինացիների`Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքին:

«45 միլիոն մարդկանց մեջ կարելի է գտնել մարդկանց, որոնք վատ են  մտածում Ռուսաստանի մասին, բայց դա մեծամասնությունը չէ:  Ասում էն` ուկրաինացի ժողովրդից գողացել են եվրոպական երազանքը: Վստահեցնում եմ, որ մենք դրա հետ գործ չունենք, դա ուկրաինացի ժողովրդի սուվերեն իրավունքն է` մտնել կամ չմտնել այս կամ այն միության մեջ», — ասել է Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի՝ ուկրաինական ընդդիմությունը խեղաթյուրում է փաստերը եւ խաղում է մարդկանց զգացմունքների հետ:

«Ինչո՞ւ է ընդդիմությունը եվրաթեմատիկային հղում անում: Հարցնում են ժողովրդին` ուզո՞ւմ եք Փարիզում ապրել, — այոո՜ո, – դե եկեք ասոցացվենք: Բայց դուք կարդացե՞լ եք այդ (Ասոցացման) փաստաթուղթը, կարդալ գիտե՞ք, ախր, դուք ոչ մի բան չեք կարդում (ни фига не читаете): Այնտեղ գրված է`  շուկան բացել, փող չկա…: Ուկրաինան կդառնար ԵՄ գյուղատնտեսական կցորդը», — ասել է Պուտինը` ընդ որում հավելելով, որ Ռուսաստանն Ուկրաինային «ոչ մի տեղ քարշ չի տալիս»:

Ընդամենը, ըստ ՌԴ նախագահի, Ուկրաինայի եվրաասոցացման դեպքում Ռուսաստանը հետ կվերցնի այն արտոնությունները, որոնք մինչ այդ տրվել են ուկրաինական ձեռնարկություններին, քանի որ հակառակ դեպքում կտուժեր ռուսական տնտեսությունը: «Եթե այս ամենը հաշվարկենք, կշռադատենք, այդ երիտասարդներն էլ մեր համոզմանը կգան: Այո, եվրաինտեգրվեք, բայց այնպես, որ տնտեսությունը` տիեզերական, նավաշինական, ավիացիոն արդյունաբերությունը չքայքայվի: Իսկ այդ ամենը Ռուսաստանի հետ է կապված», — եզրափակել է Պուտինը: 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն Հայաստանին եւս €4,8 մլն կհատկացնի բյուջետային գործառույթների շրջանակներում’
Հաջորդ հոդվածը‘Կենսաչափական անձնագիրը կարժենա 25 000, որովհետեւ հին նմուշից 8 էջով ավելի կունենա’