‘Կենսաչափական անձնագիրը կարժենա 25 000, որովհետեւ հին նմուշից 8 էջով ավելի կունենա’

4383

2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիները չեն կարող հին նմուշի անձնագրեր ստանալ, քանի որ ուժի մեջ են մտնում կենսաչափական անձնագրերը եւ նույնականացման քարտերը: Այդ մասին, ԱրմԻնֆոյի փոխանցմամբ, դեկտեմբերի 19-ին մամուլի ասուլիսում հաղորդել է  Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։

Նա նաև հաղորդել է, որ Հայաստանի 91 հազար քաղաքացիներ արդեն  նույնականացման քարտեր են ստացել, իսկ 4500-ը` կենսաչափական անձնագրեր: Նա նաև նշել է, որ 16 տարին լրացած անձինք և աղքատության նպաստ ստացող քաղաքացիներն առաջին անգամ նույնականացման քարտն անվճար կստանան:

Մուրադխանյանը նշել է, որ նույնականացման քարտի պետական տուրքը 3000 դրամ է, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերի պետտուրքը՝ 25 հազար դրամ։ Ընդ որում՝ նա պարզաբանել է, որ կենսաչափական անձնագիրը բաղկացած կլինի 40 էջից, մինչդեռ հին նմուշի անձնագիրը բաղկացած է 32 էջից, ինչով և բացատրվում է առաջինի արժեքը: «Ոստիկանությունը  պարտավոր է փաստաթղթերը տրամադրել 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ավելի կարճ ժամկետում ստանալու համար լրացուցիչ գումար պետք է վճարել. 1 աշխատանքային օրում ստանալու համար` 20 հազար դրամ, 3 օրում ստանալու համար` 10 հազար դրամ», — ասել է նա: Մուրադխանյանը նաև հաղորդել է, որ կենսաչափական անձնագրերը եւ նույնականացման քարտերը տրամադրվում են 10 տարի ժամկետով: «Միայն նույնականացման քարտի առկայության դեպքում սահման հատելն անհնար է, դրա համար անհրաժեշտ է ունենալ կենսաչափական անձնագիր, որով ավելի հեշտ է սահման հատելն ու դեսպանատներում վիզա ստանալը», — նշել է նա:

Նույնականացման քարտը նախատեսված է ներքին կիրառման համար, իսկ անձնագիրը` պետության սահմաններից դուրս գալու համար:

Նույնականացման քարտը սովորական պլաստիկ քարտի տեսք ունի, իսկ անձնագիրը` ՀՀ քաղաքացու ներկայիս անձնագրի տեսք: Անկետային տվյալներից, թվային լուսանկարից, էլեկտրոնային ստորագրությունից զատ՝ արտասահմանյան անձնագիրը կպարունակի տիրոջ երկու ցուցամատերի հետքերը:

 

Նախորդ հոդվածը‘Պուտին. Ուկրաինային ոչ մի տեղ քարշ չենք տալիս’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կգլխավորի ուրուգվայցի Գրիգորիո Պերեսը’