‘Պռոշյանցիները հրաժարվում են գյուղապետարան թողնել համայնքապետի պաշտոնակատարին’

892

Պռոշյանում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի նշանակած համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին գյուղացիները չեն ընդունում: Իրենց դժգոհությունը հիմավորում են այսպես. Հրաչ Մուրադյանի սպանության մանրամասները բացահայտված չեն, մեղավորները շարունակում են անպատիժ մնալ, համայնքում մթնոլորտը լարված է, իսկ նորանշանակ պաշտոնակատար Արմինե Մելիքյանը հայտնի է Պռոշյանում ցանկացած ընտրություն տապալելու փորձերով, հայտնում է Yerkir.am-ը:

Գյուղացիներն ասում են, որ արդեն մի քանի անգամ տապալվել է նաեւ Պետրոս Ղեւոնդյանի անվան դպրոցի տնօրենի ընտրությունը, եւ այս գործում դերակատարություն ունի նաեւ հենց ինքը՝ Մելիքյանը։

Այսօր գյուղապետարանի մոտ մարզպետարանի աշխատակիցների եւ նորանշանակ պաշտոնակատարի հետ վիճաբանության ընթացքում պռոշյանցիներն ընդգծել են, որ իրենց համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը նախանշված է հուլիսի 14-ին: Իսկ մինչ այդ գյուղապետարան ոչ ոք չի մտնելու: Նրանց խոսքով, առաջին անգամ չէ, որ Կոտայքի մարզպետարանը փորձում է ոտնահարել իրենց իրավունքները, եւ առաջին անգամ չէ, որ իրենք ոտքի են կանգնում։

Այսպիսով՝ պաշտոնակատարի աշխատանքային առաջին օրը սկսվեց եւ ավարտվեց գյուղապետարանի մուտքի մոտ` իր հասցեին հնչած բազմաթիվ մեղադրանքներով: 

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու նվազագույն աշխատավարձը տասը հազար դրամով բարձրացնելու նախագծին’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն չի մասնակցելու Տարոն Մարգարյանի երդման արարողությանը’