‘Ջեյմս Ուորլիք. Մենք ակնկալում ենք ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսության շարունակություն’

656

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտությունում կարող է լինել կարգավորման ուղի, որը գտնվում է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների մակարդակի, այլ ոչ թե կառավարությունների կամ բարձր քաղաքականության մակարդակի վրա: Այս մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում:

«Ոչ ոք չի ուզում պատերազմ: Դա է հարցը: Եվ մենք մի իրավիճակում ենք այժմ, երբ ո՛չ խաղաղություն է, ո՛չ պատերազմ: Մարդիկ ավելիին են արժանի, քան այն է, ինչ ունեն այժմ, և ճանապարհը երկարատև կարգավորման ուղի գտնելն է»,-ասել է Ուրլիքը: Նա նաև նկատել է, որ Մինսկի խումբը ուշադրությամբ լսում է կողմերին և մենք ցանկանում է հաշվի առնել նրանց տեսակետները: Համանախագահը նշել է, որ այս այցելության ընթացքում լավ հնարավորություն կար հանդիպելու քաղաքացիական հասարակության հետ և լսելու նրանց տեսակետները: «Եվ Մինսկի խումբը պետք է բաց լինի, մենք պետք է լսենք ոչ միայն ամենաբարձր մակարդակի քաղաքական առաջնորդներին, այլև պետք է բաց լինենք՝ լսելու նաև ժողովրդին: Եվ սա ոչ միայն հենց Լեռնային Ղարաբաղում է, այլ նաև Երևանում է, Բաքվում: Մենք պետք է լսենք, թե ինչ ասելիք ունի ժողովուրդը, և ճանապարհը դեպի առաջ, որ նրանք հավատում են, և նրանց մտահոգությունները»,-ընդգծել է նա:

Մեկնաբանելով իր կողմից ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ լեռնային-ղարաբաղյան հարցում, նա նշել է, որ Թուրքիան որպես հարևան, անկասկած, ունի իր դերակատարությունը տարածաշրջանում: « Թուրք — հայկական հարաբերությունները կարևոր են, և մենք ողջունում ենք [Թուրքիայի] արտգործնախարարի այցը այստեղ երկկողմ հիման վրա՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր, և մենք հուսով ենք, որ այդ երկկողմ բանակցությունները Հայաստանի հետ  արդյունավետ էին և արդյունավետ կլինեն ապագայում:»,-ընդգծել է նա: Միաժամանակ դիվանագետը նկատել է, որ Մինսկի խումբը որոշումներ ընդունելու համար չէ, և ոչ էլ որևէ առանձին մոտեցում առաջ մղելու և դրա օգտին փաստարկելու համար է, այլ նրա համար է, որպեսզի նպաստի հակամարտության կարգավորմանը: Այս համատեքստում նա դրականորեն է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հանդիպումը, քանի որ, նրա կարծիքով, կողմերը կարողացան քննարկել հարցերի լայն շրջան:

«90 րոպե նախագահները կարողացան լրջորեն զրուցել միմյանց հետ խնդիրների շուրջ և ավարտեցին զրույցը՝ երկուսն էլ հավատալով, որ կարող են աշխատել միմյանց հետ, և որ կա ճանապարհ դեպի առաջ: Եվ դա լավ լուր էր բոլորիս համար և անշուշտ լավ լուր Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Եվ մենք ակնկալում ենք այդ երկխոսության շարունակություն, քանի որ դա է ճանապարհը, որով մենք կարող ենք գտնել դեպի վերջապես խաղաղ կարգավորում տանող ուղին»,-եզրափակլ է Ուորլիքը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա 2014 թվականի հունվարին’
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտը հունվարի 1-ից չի թանկանա. Քաղաքապետարանի պաշտոնյա’