‘Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա 2014 թվականի հունվարին’

702

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի դեսպան Իգոր Պոպովը, Ֆրանսիայի դեսպան Ժակ Ֆորը և ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ուորլիքը) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դեկտեմբերի 15-19-ին այցելել են տարածաշրջան՝ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին իրադարձությունները»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ համանախագահները դեկտեմբերի 15-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, իսկ դեկտեմբերի 16-ին Երևանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ: Ապա նրանք մեկնել են Լեռնային Ղարաբաղ և դեկտեմբերի 17-ին հանդիպել են նրա դե-ֆակտո իշխանությունների հետ: Նախագահներն ու համանախագահները քննարկել են նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպման և դրան հաջորդած դեկտեմբերի 4-5-ին Կիևում տեղի ունեցած նրանց արտգործնախարարների հանդիպումների արդյունքները: Նրանք վճռականություն են հայտնել 2014 թվականի հունվարին շարունակել առարկայական այդ բանակցությունները:

Համանախագահներն ընդգծել են, որ ոչ վաղ անցյալում շփման գծում գրանցված բռնության ակտերը խաթարում են խաղաղության հեռանկարները: Նրանք կոչ են արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը և աշխատել բանակցային սեղանի շուրջ առաջընթաց գրանցելուն նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ: «Համանախագահները մեկնելու են Շվեյցարիա՝ հունվարին խորհրդակցություններ անցկացնելու համար ԵԱՀԿ-ի նոր նախագահ-երկրի հետ, ապա պլանավորված է երկու արտգործնախարարների հանդիպումը՝ կապված հաջորդ գագաթաժողովի նախապատրաստման հետ»,-նշված է փաստաթղթում:

Նախորդ հոդվածը‘Շտապ. Պուտինը ստորագրել է Միխայիլ Խոդորկովսկու ներման հրամանագիրը’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Մենք ակնկալում ենք ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսության շարունակություն’