‘Ռադայում «ապստամբած» ռեգիոնալների հետ բանավեճից հետո Յանուկովիչը «բյուլետեն» է վերցրել’

978

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնչուղիների սուր վարակի կապակցությամբ, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, «բյուլետեն» է վերցրել, հայտարարել է բժշկական հարցերով պետվարչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Օրդան: Պաշտոնական հաղորդագրությունը երեկ տեղադրվել է երկրի ղեկավարի կայքում:

Չորեքշաբթի Յանուկովիչն անձամբ ներկայացել է Գերագույն ռադայի երեկոյան նիստին: Ընդդիմության ներկայացուցիչների կարծիքով՝ նա շտապ կարգով եկել է ռադա, որպեսզի «ճնշում գործադրի» իշխող Ռեգիոնների կուսակցության պատգամավորների վրա, որոնք «ապստամբել էին» և պատրաստվում էին ընդունել բողոքի ցույցերի մասնակիցների  համաներման օրենքը: Ընդդիմադիր պատգամավորներից մեկը նշել է, որ նախագահը «խիստ անհանգստացած էր երևում»:

Այն , որ Ուկրաինայի նախագահը հանկարծ հիվանդացել է և «բյուլետեն» է վերցրել,  թվում է՝ երկրում քաղաքական ճգնաժամից ինքնամեկուսացման փորձ է, համենայն դեպս՝ այդպես են կարծում УДАР կուսակցությունում, հաղորդում է newsru.com-ը: «Չէ՞ որ նա կարող է օգտագործել իր հիվանդությունը՝ «դրակոնյան օրենքների» փոփոխությունը չստորագրելու, ընդդիմության և հանրության ներկայացուցիչների հետ չհանդիպելու համար և այդպիսով՝ խուսափել երկիրը ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ շտապ որոշումներ կայացնելուց»,- նշել են ընդդիմադիր կուսակցությունում: УДАР-ը նաև Յանուկովիչին զգուշացրել է, որ հիվանդությունը նրան չի ազատում պատասխանատվությունից այն որոշումների և գործողությունների համար, որոնց հանկարծ կարող են դիմել իշխանության ներկայացուցիչները: Կլիչկոյի կուսակցությունում այն կարծիքի են, որ Յանուկովիչի «բյուլետենը» առաջին քայլն է դեպի արտակարգ դրություն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ փոխպետքարտուղար Նուլանդը Կիև կժամանի փետրվարի սկզբին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ իշխանությունների ապաշնորհության հետեւանքը. ՌԴ-ն վերջին 13 տարում այլ երկրների «ներել է» $100 մլրդ արտաքին պարտք. մերն ավելանում է ‘