‘ՀՀ իշխանությունների ապաշնորհության հետեւանքը. ՌԴ-ն վերջին 13 տարում այլ երկրների «ներել է» $100 մլրդ արտաքին պարտք. մերն ավելանում է ‘

1350

Վերջին 13 տարվա ընթացքում Ռուսաստանն այլ երկրների «ներել է» ընդհանուր առմամբ 100 միլիարդ դոլարի պարտք, ընդ որում, Ռուսաստանի պետական պարտքը շարունակում է աճել, տեղեկացնում է РИА-Новости-ն:

Այս ցուցակում ռեկորդակիրը Կուբան է, որին Մոսկվան 2013-ի դրությամբ 29 միլարդ դոլարի պարտք է ներել: Աֆղանստանը եւ Իրաքը վերջին տարիներին ազատվել են 12-ական միլիարդ դոլարի, Հյուսիսային Կորեան ու Մոնղոլիան` 11-ական, Սիրիան ու Վիետնամը` ավելի քան 9-ական, Սիրիան եւ Լիբիան` ավելի քան 4-ական միլիարդ դոլարի ռուսական պարտքից: Նախկին խոհրդային Ղրղզստանին 2012-ի դրությամբ ներվել է 500 միլիոն դոլարի պարտք:

Հասկանալի է, որ այս գումարների զգալի հատվածը կուտակվել է  Խորհրդային միության գոյության տարիներին, երբ համաշխարհային կոմունիզմի կառուցման առաջամարտիկը օգնություն էր ցուցաբերում դաշնակից երկրներին: Այս երկրները տարբեր ժամանակահատվածներում եղել են կամ հանդիսանում են Խորհրդային միության/ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները:  

Այսօր Մոսկվայի ռազմավարական դաշնակից է համարվում նաեւ Հայաստանի Հանրապետությունը, որը անկախությունից ի վեր մի քանի հարյուր միլիոն դոլար պարտք է վերցրել Ռուսաստանից` ԽՍՀՄ միության փլուզմանը զուգահեռ փլուզված սեփական տնտեսությունը վերականգնելու համար:

Սակայն, վերջին 15 տարիներին այդ, համեմատաբար ոչ մեծ պարտքը ոչ միայն «չջրվեց», այլեւ  գոնե դրանք ավելի արտոնյալ պայմաններով վճարելու պայմանավորվածություններ չեղան: Հայաստանի իշխանությունները պարզապես հաջողացրին ավելի քան տասը տարվա ընթացքում մի քանի հարյուր միլիոն դոլար պարտքի դիմաց փուլ առ փուլ ռազմավարական դաշնակցին հանձնել նախ` «գույք պարտքի դիմաց» ծրագրով երկրի էներգետիկ համակարգը, այլ արտադրական ենթակառուցվածքներ, ապա, 2013-ի դեկտեմբերին ստորագրված հայ-ռուսական համաձայնագիրով ռուսաստանյան պետական «Գազպրոմ» ընկերությանը 300 միլիոն դոլար պարտքի դիմաց տրվեց «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասը: Իսկ այդ 300 միլիոն դոլարի պարտքի մասին հանրությունը տեղեկացավ համաձայնագրի կնքումից բառացիորեն շաբաթներ առաջ:

Փաստացի, Հայաստանի իշխանությունները 2000-ականների սկզբից ի վեր, հանուն սեփական իշխանությունը պահելու, չփորձեցին մեղմացնել կամ վճարել ռւսական պարտքն այն դեպքում, երբ Հայաստանի համեմատությամբ տնտեսապես ոչ այնքան զարգացած մի շարք այլ երկրներ հաջողացրեցին Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում միլիարդավոր դոլարի պարտք զրոյացնել: Այն դեպքում, երբ այդ երկրները գուցե, չունեն այն ռազմավարական նշանակությունը ՌԴ համար, որքան Հայաստանը ունի:  Այս փաստը՝ արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանյան իշխանությունների ամուլ քաղաքականության հետեւանքներից կարելի է համարել: Սա Հայաստանի իշխանությունների վարած անհեռանկար ու հակապետական քաղաքականության տրամաբանական արդյունք է: Փաստը աչքներիս առաջ է. Ռուսաստանը բազմաթիվ երկրների ներել է պետական պարտքը, այնինչ, Հայաստանի պարագայում դա ոչ միայն տեղի չի ունեցել, այլեւ՝ այդ պարտքի դիմաց իշխանությունները նախընտրել են հանձնել ռազմավարական նշանակություն ունեցող օբեկտները:

Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ իշխանության են գալիս ուժեր, որոնք որեւէ աղերս չունեն ոչ միայն լեգիտիմ ընտրությունների ու ժողովրդավարության, այլեւ՝ պետականություն հասկացության հետ: 

Նախորդ հոդվածը‘Ռադայում «ապստամբած» ռեգիոնալների հետ բանավեճից հետո Յանուկովիչը «բյուլետեն» է վերցրել’
Հաջորդ հոդվածը‘Մայդանը չի վախենում սառնամանիքից’