‘Ռաչինսկի. Միգուցե ԱԳ երկրներն ի վիճակի չէին մասնակցել այն նախագծին, որն ի սկզբանե առաջարկվում էր’

642

Եվրամիությունն ու Հայաստանն այժմ աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ, և, հնարավոր է, որ դա լինի ասոցացման մասին նոր համաձայնագիր: Այդ մասին հայտարարել է Հայաստամում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազույցում:

Ռաչինսկին, սակայն, ընդգծել է, որ ասոցացման մասին նոր համաձայնագրում չի լինի համագործակցության այն խորությունը, որն ամրագրված էր նախորդում:
«Այսօր Եվրամիությունն ու Հայաստանը աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ: Դեռևս հարց է, թե դա ինչ է լինելու: Սակայն ես չեմ բացառում, որ դա կարող է լինել ասոցացման մասին ինչ-որ համաձայնագիր, բայց փոքր-ինչ այլ տեսակի, որովհետև ասոցացման վերաբերյալ կան տարբեր համաձայնագրեր: Հյուսիսային Աֆրիկայի երկրները 1990-ական թվականների կեսերից սկսեցին ստորագրել նման համաձայնագրեր: Այն, ինչ առաջարկվում էր Արևելյան գործընկերներին, լիովին այլ ասոցիացիա էր՝ այն, օրինակ,  հնարավորություն կտար մարդկանց լեգալ կերպով աշխատել Եվրամիության երկրներում, կստեղծեր ազատ առևտրի գոտի, երիտասարդ սերնդի համար կապահովեր ուսուցողական ծրագրեր: Այսինքն՝ նույն անվան տակ թաքնված են քաղաքական ու տնտեսական տարբեր իրականություններ, ու կարող է այնպես լինել, որ անվանումը պահպանվի, սակայն այն իր մեջ կպարունակի սակավ սերտ համագործակցություն, քան ենթադրվում էր ի սկզբանե», — ասել է դիվանագետը:
Նրա խոսքով, միգուցե կողմերը վերցրել էին չափից դուրս արագ տեմպ, և այդ նախագծերը չափից դուրս ամբիցիոզ էին, և Արևելյան գործընկերության երկրներն, ուղղակի, ի վիճակի չէին մասնակցել այն նախագծին, որն ի սկզբանե առաջարկվում էր:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի թռչնաշխարհը լեռնահանքային ընկերությունների գործունեության զոհ է դառնում’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական ընդդիմության առաջնորդները այսօր կհանդիպեն Յանուկովիչի հետ’