‘ՌԴ-ն Սիրիային ՀՕՊ համակարգեր և նորոգման տեխնիկա է մատակարարում’

561

 Ռուսաստանի զենքի և ռազմական տեխնիկայի արտահանման «Рособоронэкспорт» ընկերությունը, գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինի խոսքերով, Սիրային ՀՕՊ համակարգեր և նորոգման տեխնիկա է մատակարարում, հաղորդում է Росбалт-ը: Նրա հավաստմամբ՝ իրենց ընկերությունը ավիացիոն տեխնիկա չի մատակարարում արաբական այդ երկրին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը AFP գործակալությանը և Le Figaro թերթին տված հարցազրույցում պարզաբանել էր, թե ինչու է Ռուսաստանը, որը բազմիցս ընդգծել է իր չեզոքությունը սիրիական հակամարտությունում, այդքան ակտիվորեն համագործակցում Սիրիայի կառավարության հետ ռազմական բնագավառում: Նա հիեցրել էր, որ ռազմական համագործակցությունն այսօր չէ, որ սկսվել է, և միշտ էլ օրինական բնույթ է կրել: «Մենք երբեք գործող նախագահի վարչակարգին չենք տվել այն, ինչը չի տեղավորվում միջազգային կոնվենցիաների շրջանակներում: Այն ամենը, ինչ մենք մատակարարել ենք՝ զենք է՝ արտաքին ագրեսիայից պաշտպանվելու համար»,- պարզաբանել էր Մեդվեդևը և հավելել, որ Մոսկվան պայմանագրեր ունի, որոնք պարտավոր է կատարել:

Այն մասին, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Սիրիային չի մատակարարում ոչ մի այնպիսի բան, ինչն արգելված է միջազգային պատժամիջոցներով, ավելի վաղ հայտարարել էր նաև ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Նա նշել էր, որ Ռուսաստանից Սիրիա տեղափոխվող զենքը պաշտպանական նշանակության է: «Նախ և առաջ՝ հակաօդային պաշտպանության»,- ասել էր փոխվարչապետը: 

Նախորդ հոդվածը‘Վաղը կնշվի «Հարցուպատասխանի» երկրորդ համարի ծնունդը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ի պատերազմը Աֆղանստանում կավարտվի 2014 թ.’