‘ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչները կքննարկեն Սոչիի օլիմպիադայի հարցերը’

637

Վրաստանի վարչապետի՝ ՌԴ հետ փոխհարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը մարտի 1-ին նախատեսված երկրորդ հանդիպման ընթացքում կքննարկեն 2014 թ. Սոչիի ձմեռային օլիմպիադային Վրաստանի մասնակցության հարցը, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն: «Երկրորդ հանդիպման ընթացքում առավել մանրամասն կքննարկվեն Սոչիի օլիմպիադայի հարցերը, ինչով կարող է սկիզբ դրվել Ռուսաստանի և Վրաստանի համագործակցությանը: Մենք հստակ պաշտոնական դիրքորոշում ունենք այս հարցում՝ Վրաստանը չի բոյկոտի օլիմպիական խաղերը:  Սակայն կան մի շարք հարցեր, որոնք պետք է լուծվեն, քանի որ օլիմպիադան անցկացվում է մի երկրում, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք», Trend-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը «Մաեստրո» հեռուստաալիքի եթերից հայտարարել է Փանջիկիձեն:

Ռուսաստանի և Վրաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել է անցյալ տարի, դեկտեմբերի 14-ին, Ժնևում: Կողմերը պայմանավորվել են հանդիպել երկու ամիսը մեկ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, թե «Վրաստանն անպայման կմասնակցի Սոչիի օլիմպիադային», մինչդեռ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, թե կբոյկոտեն այդ խաղերը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում որքա՞ն մարդ է դատապարտվել կիբերհանցագործության համար ‘
Հաջորդ հոդվածը‘ «Կամերային» թատրոնի մոտակայքում տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով’