‘Ռետրո մամուլ. Օլեգ Եսայան. Ղարաբաղի թիկունքին այսօրվա Հայաստանն է ‘

983

Հատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Օլեգ Եսայանի հարցազրույցից

Ես կցանկանայի, որ մեր ազգը երբեք տեղիք չտար միջկուսակցական, ներկուսակցական պայքարին: Անձամբ ես ձգտում եմ վարել չեզոք քաղաքականություն: Այսօր Հայաստան ավելի շատ կուսակցություններ ունի, քան ինքնաթիռներ: Պատկերացրեք, եթե հակառակը լիներ. որքան լավ կլիներ թե Հայաստանի, թե Ղարաբաղի համար: Կուսակցություներ, բնականաբար, կան եւ պետք է լինեն: Սակայն մեզ համար քաղաքական պայքարը, եթե այն սրման եւ զարգացման միտում ունենա, կխանգար մեր ազգի առջեւ դրված լուրջ խնդիրներին:

Ցավալի կլիներ, որ Արցախ առաքվող ապրանքների հետ այստեղ տեղափոխվեր նաեւ քաղաքական պայքարը: Պարզապես, մենք չունենք ավելորդ ուժ ու եռանդ՝ ներքին ուժերի դեմ պայքարելու համար: Չէ՞ որ կան ավելի լուրջ, համազգային խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել: Երբ ես խոսում եմ իմ այն մտահոգությունների մասին, դա դեռ չի նշանակում, որ Ղարաբաղում քաղաքական պայքարի լուրջ նախապայմաններ եւ հիմքեր կան:

Ցանկալի կլիներ նաեւ, որ Հայաստանի լրատվական միջոցներն ավելի շատ անդրադառնային եւ մեկնաբանեին Արցախի խնդիրը: Այսօր շատ են խոսում Ղարաբաղի ժողովրդի տարած հաղթանակի մասին, որը այսօր դեռեւս վերջնական չէ, այլ հաղթանակի սկիզբ է եւ ճանապարհ է: Խոսում են նաեւ ղարաբաղցիների տոկունության, կամքի մասին, սակայն այդ ամենը պայմանավորված է Հայաստանով: Չլիներ Հայաստանը, չէր լինի Ղարաբաղը եւ նրա տարած հաղթանակները: Մենք շարունակում ենք պայքարել՝ մեր թիկունքին ունենալով Հայաստանի իշխանությունները, համայն հայ ժողովուրդը: Ղարաբաղի ժոովրդի գոյատեւման երաշխիքը պայմանավորված է համայն հայության աջակցությամբ եւ միասնությամբ:

«Հայաստանի Հանրապետություն», 28 մայիսի, 1992թ.

 

Նախորդ հոդվածը‘Մոնսերատ Կաբալյեն ուսի վնասվածքով տեղափոխվել է Բարսելոնի հիվանդանոց ‘
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորը» հաղթեց «Չելսիին», «Յուվենթուսը» սայթաքեց. ՉԼ հանդիպումները՝ տեսանյութով’