‘Ռետրո մամուլ. «WikiLeaks»-ի «ոսկեբեր երակները» Քոքոբելյանի մասին ‘

3517

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ու հատկապես նրա ղեկավար Խ. Քոքոբելյանի վերջին «անհավանական արկածները» քաղաքական դաշտում առիթ են՝ հիշելու համար, թե ինչպես է ծնվել քաղաքական այս ուժը։ Այդ մասին ժամանակին հրապարակվել է լրագրողական մի հետաքննություն երկու մասից՝ «ՎԻԿԻԼԻՔՍԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ» եւ «ԳՈՐՇ ՄԻՋԱԿՈՒԹՅԱՆ» ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ» վերնագրերով։ Նկատի ունենալով թեմայի կարեւորությունը՝ այն «Ռետրո մամուլ» խորագրի ներքո ներկայացնում ենք մեր ընթերցողին։

Մաս 1.

«ՎԻԿԻԼԻՔՍԻ» ՆՈՒՐԲ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերի՝ «Վիկիլիքսի» բացահայտված նյութերի «ոսկեբեր երակն» օգնում է հստակեցնելու Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՀՀՇ-ի ներսում 2010թ. առաջին կեսին ինչ-ինչ իրադարձություններ՝ դրանով իսկ լույս սփռելով նաև այսօրվա քաղաքական կյանքի որոշ իրողությունների վրա՝ կանխատեսելի դարձնելով դրանց հնարավոր զարգացումները և էությունը։ Ստորեւ ներկայացնում ենք քաղվածքներ այդ փաստաթղթերից՝ ժամանակագրական հաջորդականությամբ։

09YEREVAN78/2009-02-10

(14) «ՀԱԿ-ի առաջատար և խոշոր մաս կազմող ՀՀՇ կուսակցության գործող փոխնախագահ Խաչիկ Քոքոբելյանը մասնավոր զրույցում (դեսպանատան) քաղաքական բաժնի ղեկավարին հայտնել է, որ ՀԱԿ-ի ղեկավարներից շատերն այն կարծիքի են, թե ԵԽԽՎ 1634 բանաձեւը լավ նորություն է։ Նա ասել է, որ 1634 բանաձեւի համեմատական մեղմությունը նրանք մեկնաբանել են որպես վկայություն այն բանի, թե Հայաստանը և Ադրբեջանը պետք է որ մոտ լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը։ Նա ասել է, թե ՀԱԿ-ի շտաբը հիացած է այդ հեռանկարով, քանի որ դրանով իսկ լավ հնարավորություն է տեսնում՝ ազգայնական մեծ հակազդեցություն խթանելու ընդդեմ նախագահ Սարգսյանի, և կարծում է, որ այդպիսով նոր լիցք կհաղորդվի ՀԱԿ-ի հակակառավարական արշավին։ Քոքոբելյանը ասել է, որ իր համար նման ռազմավարությունը ուղղակի քստմնելի է, եւ ինքն այն համարում է թե՛ շատ ցինիկ՝ հաշվի առնելով այդ խնդրի շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը նախագահի պաշտոնում, թե՛ խաղաղ կարգավորմանը հասնելու գործում Հայաստանի ազգային շահերին հակասող դիրքորոշում»։

ՅՈՎԱՆՈՎԻՉ

09YEREVAN190/2009-03-19

(4) «ՀՀՇ-ի փոխնախագահ Խաչիկ Քոքոբելյանը մարտի 17-ին մեզ հայտնեց, որ ՀԱԿ-ը առաջարկել է 8-ական տեղ (Երեւանի ավագանու ընտրություններում) ՀԱԿ-ի կորիզը կազմող կուսակցություններից 3-ին, այսինքն՝ ՀՀՇ-ին, ՀԺԿ-ին և «Հանրապետությանը», և 8 տեղ «Ժառանգությանը», ինչը միասին կկազմեր 32 տեղ՝ 65-ից։ Քոքոբելյանն ասել է, որ ՀՀՇ-ն այնքան կարեւոր է համարում «Ժառանգության» հետ հանդես գալը, որ իր կուսակցությունը «Ժառանգությանը» առաջարկել է ՀՀՇ-ի քվոտայից (լրացուցիչ) տեղեր տալ՝ առաջարկը գրավիչ դարձնելու համար։ Քոքոբելյանն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրել էր Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելու և բանակցելու նպատակով, սակայն «Ժառանգության» առաջնորդը մերժել էր՝ փոխարենը ուղարկելով իր տեղակալներից մեկին, ինչը զայրացրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին։ «Ժառանգությունը» նաև հակընդդեմ առաջարկ էր ուղարկել, ըստ որի՝ «ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը պետք է գրավեր ցուցակի առաջին տեղը (այլ կերպ ասած՝ լիներ քաղաքապետի թեկնածու), Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է լիներ երկրորդը, իսկ Ր. Հովհաննիսյանը՝ 3-րդը՝ մի առաջարկ, որը ՀԱԿ-ի կողմից որակվեց որպես վիրավորական»։

(5) «Քոքոբելյանը մեզ ասաց, որ իր կարծիքով դեռեւս հնարավոր է, որ ՀԱԿ-ը համաձայնության գա «Ժառանգության» հետ մինչև մարտի 22-ը, որը միացյալ դաշինքով ԿԸՀ ներկայանալու վերջնաժամկետն է։ Քոքոբելյանը կարծում էր, որ կարելի է Դեմիրճյանին համոզել՝մեծահոգություն դրսեւորելով հրաժարվել 2-րդ տեղից՝ հանուն ընդհանուր շարժման։ Նա նաև ասաց, որ ՀԱԿ-ը «Ժառանգությանը» այս առիթով ակնարկել է իր ճկունության մասին»։

ՅՈՎԱՆՈՎԻՉ

10YEREVAN1/2010-01-04

 (2) «ՀԱԿ-ի ներսում առկա (մեր) կոնտակտների համաձայն՝ ՀԱԿ-ի ներսում հարաճուն հուսահատության և անհամաձայնության ձեւավորմանը նպաստել է միաժամանակ չորս գործոն։ Դրանք են՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հաշտվողական դիրքորոշումը նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքականության նկատմամբ, Կոնգրեսում ներքին ժողովրդավարության պակասը, հայտարարված նպատակների ուղղությամբ շարժվելու ռազմավարության բացակայությունը և ֆինանսական ռեսուրսների բացակայությունը։ Այս գործոնները, ինչպես հաղորդում են կոնտակտային անձինք, անդամակցող 17 կուսակցություններից շատերին ապատիայի և հիասթափության են մատնել և ազդակ են դարձել ՀԱԿ-ից անջատվելու ուղիներ որոնելու համար՝ միաժամանակ չայրելով ականավոր, սակայն ինքնակենտրոն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապող կամուրջները»։

(3) «ՀԱԿ-ի առավել ազգայնական անդամներից մի քանիսը բացահայտ անհամաձայնություն են հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական դիրքորոշմանը՝ կապված մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ։ Այս անդամների դժգոհության պատճառն է եղել այս հարցերում նախագահ Սարգսյանին բացահայտ սատարելը։ Նշված հակասությունը, աստիճանաբար թեժանալով, վերածվել է ՀԱԿ-ի ամենաազգայնական կուսակցություններից մեկի՝ Հնչակյան կուսակցության ներսում ղեկավարության համար մղվող սուր պայքարի, ընդ որում՝ ձեւավորվել են երկու հակոտնյա ֆրակցիաներ, որոնցից յուրաքանչյուրը ջանում է մյուսին դուրս մղել կուսակցության շարքերից։ Հունվարի 9-ին նշանակված հերթական համաժողովում Հնչակյան կուսակցությունը կարող է որոշում կայացնել ՀԱԿ-ի կազմից դուրս գալու մասին, եթե փոխվի նրա ղեկավարությունը»։

(4) «Ինչպես մեզ ասում են ՀԱԿ-ի մեր կոնտակտները, ներքին ժողովրդավարության բացակայությունը մեկ այլ գործոն է, որը խաթարում է դաշինքի (ՀԱԿ-ի) ամբողջականությունը։ Որոշումները կայացվում են միանձնյա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, և հաստատվում, այսպես կոչված՝ «Քաղաքական խորհրդում», որը շոշափելի դերակատարում չունի որոշումների կայացման ընթացքում։ ՀԱԿ-ի ներսում ծանրակշիռ դիրք ունեցողներից մեկը հայտնել է (դեսպանատան) քաղաքական գրասենյակի պաշտոնյային, որ իր հիմնական ելույթը արտասանելուց առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը  չի սիրում այն ներկայացնել իր կողմնակիցներից որեւէ մեկին և հազվադեպ է փորձում ստանալ նրանց կարծիքը։ ՀԱԿ-ի ղեկավարությունից ևս երկուսը դեկտեմբերի կեսին գանգատվել են քաղաքական գրասենյակի պաշտոնյային, որ իրենք հակադրվել էին Երեւան քաղաքի ավագանու այն տեղերից հրաժարվելու՝ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը, որ ստացել էին մայիսի վերջին կայացած վիճարկելի ընտրությունների արդյունքում։ Երկուսն էլ բորբոքված նշում էին, որ թեեւ այդ ընտրություններն ազատ և արդար չէին՝ «Մենք պետք է ներգրավվեինք Հայաստանի քաղաքական գործընթացներին, ոչ թե մշտապես դրանից դուրս մնայինք»։

(5) «Ըստ մեր կոնտակտների՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի քաղաքական համակարգումը հանձնարարում է այնպիսի անհատների, որոնք լիազորված չեն դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների կողմից, մի գործելակերպ, որը ևս դժգոհություն է առաջացնում»։

(6) «Ֆինանսական ռեսուսների պակասը  (կոնտակտների կողմից) հաղորդված մեկ այլ մարտահրավեր է, որին դիմակայում է դաշինքը։ Այն գործարարները, որոնք ֆինանսական աջակցություն էին ցուցաբերում ՀԱԿ-ին՝ հույս ունենալով, որ դաշինքը կարող է իշխանության գալ, ըստ հաղորդումների՝ դադարել են դա անել։ Այդ թվում՝ նախկին պատգամավոր և հետապնդված օլիգարխ Խ. Սուքիասյանը»։

(8) «Մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական տեսլականների բացակայությունը՝ ՀԱԿ-ի մի յուրային մեզ ասաց, որ՝ «Լևոն Տեր-Պետրոսյանի միակ ռազմավարությունը և հույսը այն է, որ Սարգսյանը կսայթաքի։ Նա կսպասի մի սխալ քայլի կամ հանգամանքի, որը կարող է կայծ հանդիսանալ կրակի բռնկման համար, հետո կվառի ջահը և կփորձի ըմբոստ զանգվածներին համախմբել։ Այդուհանդերձ, այդ մարտավարությունը չի կարող ապահովել հետեւորդների ներգրավվածությունն ու խանդավառությունը»։

(10) «Այսօր կուսակցությունները շարունակում են մնալ ՀԱԿ-ում  սոսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ հարգանքից կամ չուզենալով, կամ վախենալով նրան դավաճանել», — ասում են ՀԱԿ-ի մեր կոնտակտերը։ Նրանք ավելացնում են, որ «դրանցից և ոչ մեկն այլեւս չի տեսնում դաշինքի ապագան, սակայն քանի որ այդ կուսակցությունները մեծ մասամբ, առանձին վերցրած՝ որեւէ ուժ չունեն, նրանք հուսահատորեն կառչում են Լևոն Տեր-Պետրոսյանին՝ հույս ունենալով մի փոքր երկարացնել իրենց քաղաքական կյանքը և ցանկանալով հավատալ  նրա այն բառերին, որ ամեն ինչ դեռեւս վերջացած չէ»։

ՓԵՆԻՆԳԹՈՆ

Ակնհայտ արձանագրում-եզրահանգումներ

  1. 2009-ով թվագրված գաղտնի զեկուցագրերում որպես «կոնտակտ» ԱՄՆ դեսպանատունը հիշատակում է միայն Խ. Քոքոբելյանին, մեկ տարի անց՝ արդեն իր «կոնտակտների» մասին խոսում է հոգնակի թվով, սակայն առանց հանվանե հիշատակման։
  2. Դատելով «ՀԱԿ-ի ներսում ծանրակշիռ դիրք ունեցողներից մեկը», «ՀԱԿ-ի ղեկավարությունից ևս երկուսը» արտահայտություններից՝ կարելի է ենթադրել, որ նկատի է ունեցվել Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի այն ժամանակ գործող անդամների։
  3. Տեղեկատվության բնույթից ելնելով՝ դժվար չէ տեսնել, որ դեսպանատան «կոնտակտները» ոչ թե պարզ ինֆորմատորներ են, այլ Կոնգրեսի ներսում ակտիվ քայքայիչ գործունեություն ծավալած կամ նման պատվեր կատարող անձինք։
  4. Ակնհայտ է տեղեկատվության հնարովի լինելը և սադրիչ բնույթը (օրինակ՝ Երեւանի ավագանու նախընտրական ցուցակի 2-րդ տեղում Ս. Դեմիրճյանին, իբր, Ր. Հովհաննիսյանով փոխարինելու մտադրությունը)։
  5. Դեռ 2010թ. սկզբին Կոնգրեսի «հոգեվարքն» ազդարարող տեղեկատվությունը շինծու է  և սուտ, համենայնդեպս, դրանից հետո և առ այսօր Կոնգրեսը միայն շարունակել է հզորանալ՝ որպես քաղաքական գործոն։ Ակնհայտորեն, «կոնտակտները» դրանով, մի կողմից՝ փորձել են բարձրացնել իրենց արժեքը (փաստորեն՝ նաև դեսպանատանը խաբելով), մյուս կողմից՝ ԱՄՆ կառավարության աչքում հնարավորինս նվազեցնել Կոնգրեսի և նրա առաջնորդի՝ որպես քաղաքական գործոնի կշիռն ու դերը Հայաստանի ներքաղաքական կյանքում։

Այս ամենը, սակայն, դեռ «անվնաս» պատմություն չի դարձել։ Ինչպես որ դեռ պատմություն չեն նույն 2010թ. սկզբով թվագրված փաստաթղթին հաջորդած ամիսների որոշ իրադարձություններ, որոնք, մի կողմից՝ ակնհայտորեն բուռն էին, մյուս կողմից՝ շատ բան քողարկված մնաց հասարակությունից։ Խոսքը վերաբերում է 2010 թ. գարնանը և ամռանը Հայոց համազգային շարժման ներսում կատարվող և Հայ ազգային կոնգրեսի ճակատագրին առնչված հարցերին։  Հիշյալ իրադարձություններից ժամանակին հայտնի դարձած որոշ իրողությունների եւ մեր հայթայթած նոր տեղեկատվության համադրումը գաղտնազերծված այս փաստաթղթերի լույսի տակ պարզում է որոշ հարցեր, որոնք շատ կարեւոր են հենց այսօրվա քաղաքական իրողությունները հասկանալու ու կողմնորոշվելու համար։ Դրա համար պետք է տեղափոխվել 2010թ. նախ՝ ամառ եւ գարուն ու գտնել այն ժամանակ առեղծված մնացած երկու հարցի պատասխան։

ԵՐԿՈՒ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆ

ՀՀՇ 16-րդ համագումարից մնացած առեղծվածը

2010թ. հուլիսի 17-ին տեղի ունեցած ՀՀՇ 16-րդ համագումարին նախորդող շրջանում ակնհայտորեն ինչ-որ ներկուսակցական առեղծվածային խնդիր ու լարում կար, ինչն ակտիվորեն քննարկվում էր, եւ դրա մասին զանազան ենթադրություններ էին արվում այդ ժամանակվա մամուլում։ Ներսում կատարվածի արտաքին դրսեւորումները երկուսն էին. նախ՝ ՀՀՇ վարչության փոխնախագահ Խ. Քոքոբելյանի, ապա, մի քանի օր անց՝ նաեւ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հրաժարականները համագումարից անմիջապես առաջ։ Շատերն էին սպասում, որ համագումարում ինչ-որ բան «կպայթի», սակայն վերջինս ընթացավ սովորական հունով։

Ներքին այդ խնդրի մասին համագումարում խոսեց միայն  Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ կարճ. «Իսկ այժմ՝ մի քանի խոսք Հայոց համազգային շարժման ներքին խնդիրների մասին, որոնք այս օրերին աշխուժորեն քննարկվում են մամուլում ու քաղաքական շրջա­նակներում։ Բայց այդ քննարկումներն ասեկոսեներից այն կողմ չեն անցնում եւ ամենեւին չեն արտացոլում բուն իրականությունը։ Իսկ բուն իրականությունն այն է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ‑ի ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ….. Ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու արտաքին ուժերը գիտակցեն, որ Հայ ազգային կոնգրեսը հանրապետության քաղա­քա­կան կյանքում անփոխարինելի դերակատա­րու­թյուն ունեցող մշտական գործոն է, որը որեւէ միջոցով հնարավոր չէ քայքայել կամ վերացնել»։

Ակնհայտորեն՝ խոսքը վերաբերում էր իշխանության եւ «արտաքին ուժի» համատեղ մի ծրագրի։ Ինչպես այդ օրը, նաեւ հետագայում, ի հեճուկս լրագրողների բոլոր ջանքերի՝ երկու հարց մնաց անպատասխան.

  1. 1.    Ի՞նչ «արտաքին ուժերի» մասին էր խոսքը։
  2. 2.    ՀՀՇ-ի ներսում ովքե՞ր են իշխանության համար «ազդեցություն գործելու» լծակներ ծառայել։

 

Առաջին հարցի պատասխանը

ԱՄՆ դեսպանատան գաղտնազերծված զեկուցագրերը Կոնգրեսի ներսում ունեցած իրենց «կոնտակտների» ու նրանց գործունեության մասին, ըստ էության, արդեն ուրվագծում են առաջին հարցի պատասխանը։ Նրանցից մեկը՝ Խ. Քոքոբելյանը որպես դեսպանատան «կոնտակտ», հիշատակվում է անվանապես, մյուսների մասին գրվում է անորոշ՝ «Կոնգրեսի ներսի մեր կոնտակտները»։ «Վիկիլիքսյան» այս բացահայտումների ետնախորքում, ահա, վերջին մեկուկես տարվա մի քանի իրողություններ ձեւավորում են հարցի ամբողջական սպառիչ պատասխանը։

Ըստ մեր հայթայթած տեղեկությունների՝ Խ. Քոքոբելյանը եւ Ա. Զուրաբյանը միշտ են սերտ կապեր ունեցել ԱՄՆ դեսպանատան հետ։ Որպես կուսակցության ղեկավարներ՝ դա նորմալ է, և բնականաբար, այլ է եղել այդ կապերի բնույթը։ Բայց 2010-ի ամռանը կայացած վերջին համագումարից առաջ զրկվելով իրենց պաշտոններից, իսկ համագումարից հետո ամբողջությամբ դադարեցնելով կուսակցական կյանքին իրենց ներգրավվածությունը՝ նրանք շարունակել են սերտ կապեր պահպանել ԱՄՆ դեսպանության եւ դեսպան Յովանովիչի հետ։ Մի քանի ամիս առաջ շատերին զարմացրեց այն փաստը, որ Խ. Քոքոբելյանի հայտարարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռ պաշտոնապես չստեղծված՝ ԱՄՆ հեռացող դեսպան Մ. Յովանովիչը, իր մեկնելուց առաջ, վերջին պահին «պատիվ արեց» այցելել նրա գրասենյակ՝ դրան կշիռ տալու համար, իրականում՝ ընդգծելով այդ կապը։ Իսկ մինչ այդ, այս տարվա ապրիլի վերջին էլ Հայաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Քայդենաուն էր «Երեւան պանդոկում» (աչքից հեռու) մասնավոր հանդիպում եւ տեւական զրույց ունեցել Խ. Քոքոբելյանի եւ Ա. Արզումանյանի հետ (այդ մասին գրեց «1-ին լրատվականը»)։

Այսպիսով, պարզվում է, որ 2010թ. առաջին կեսին արտաքին այն ուժը, որը Հայաստանի իշխանության հետ համատեղ փորձ է արել ազդեցություն գործել ՀՀՇ‑ի ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջև, եղել է ԱՄՆ դեսպանատունը։

Երկրորդ հարցի պատասխանը

Մեզ հաջողվեց պարզել, որ 2010թ. հունիսի ՀՀՇ համագումարից առաջ նախ՝ Խ. Քոքոբելյանի, ապա Ա. Զուրաբյանի հրաժարականները եղել են պարտադրված։ Երկու դեպքում էլ առկա են եղել վարչության անդամների մեծամասնության ստորագրությունները՝ նրանց անվստահություն հայտնելու վերաբերյալ, և այդ վտանգի հանդիման իրենք են ստիպված եղել ինքնակամ հրաժարական տալ։ Վարչությունը ընդունել է հրաժարականները՝ մարդասիրաբար չբացահայտելով դրանց հիմքերն ու շարժառիթները։ Այնուհետեւ՝ նույն համագումարից հետո պարզ դարձավ, որ նախկին վարչությունից եւս մի 5-6 հոգի, որոնք ավանդաբար միշտ ընտրվում էին վարչության կազմում (Մ. Այվազյան, Հ. Ղազարյան և այլք), չէին առաջադրել իրենց թեկնածությունները, անգամ չէին մասնակցել համագումարին։ Հենց այդ անունները թվարկեց Խ. Քոքոբելյանը, երբ առաջին անգամ տեղեկատվություն տարածեց «Ազատ դեմոկրատների» ստեղծման մասին՝ դրանց ավելացնելով նաեւ Արարատ Զուրաբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի անունները։ Այդ ժամանակ նրանցից որեւէ մեկը ոչ այն է՝ հերքեց, ոչ այն է՝ հաստատեց դա։ Քիչ անց Ա. Զուրաբյանը դիմում գրեց ՀՀՇ-ից դուրս գալու մասին։ Էլի մի քիչ հետո՝ հայտարարվեց, որ նա մտել է «Ազատ դեմոկրատներ»։ Քիչ անց նույն բանն արեց նաեւ Ալեքսանդր Արզումանյանը (Կ. Ռուբինյանը դեռ այդ քայլը չի արել)։ Ըստ այսմ՝ կարծես թե, լուծվում է նաև այն առեղծվածը, թե մասնավորապես ո՞ւմ միջոցով է (6-7 հոգի) իշխանությունը փորձ արել «ազդեցություն գործել կուսակցության ներսում եւ ճեղքվածք առաջացնել ՀՀՇ-ի եւ Կոնգրեսի միջեւ»։

Առեղծվածի վերջին օղակը

Այս պատմության մեջ բաց է մնում եւս մի օղակ. ի՞նչ էր տեղի ունեցել 2010թ. հունիսի 17-ին կայացած ՀՀՇ 16-րդ համագումարին նախորդող շրջանում, կամ՝ ինչպես էր բացահայտվել դավադիր ծրագիրը։ Ակնհայտորեն՝ ՀՀՇ-ն պառակտելու և Կոնգրեսը քանդելու այդ ծրագրի բացահայտումը կարող էր լինել այն ծանրակշիռ պատճառը, որ հանգեցրեց Խ. Քոքոբելյանի եւ Ա. Զուրաբյանի պարտադրված հրաժարականներին։ Այստեղ մեզ հաջողվեց պարզել մի քանի դրամատիկ մանրամասներ։ 2010-ի ապրիլ ամսին Ջերմուկում տեղի էր ունեցել եռօրյա հերթական մի սեմինար՝ ՀՀՇ ղեկավար մարմինների անդամների (մոտ 70 հոգի) մասնակցությամբ։ Այն նվիրված է եղել լիբերալիզմի տեսական ինչ-որ «անշառ» խնդիրների։ Հիմնական զեկուցման ավարտից հետո, երբ պետք է սկսվեր քննարկումը, սեմինարը վարող Ա. Արզումանյանը փորձ է արել քննարկումը տեղափոխել թեմայի հետ կապ չունեցող այլ հարթություն՝ առաջարկելով, ըստ էության, քննարկել ՀՀՇ-ի «անկախության»,  Կոնգրեսի մեջ մնալ-չմնալու նպատակահարմարության հարցը։ Դա անմիջապես սուր հակազդեցության է արժանացել ներկաների կողմից, այնքան սուր, որ այլեւս սեմինարը հնարավոր չի եղել շարունակել ինչպես այդ, այնպես էլ հաջորդ օրը։ Նախաձեռնողները, մասնավորապես՝ Ա. Զուրաբյանը, այդ ընթացքում փորձել են մարդկանց հետ «խոսել» առանձին-առանձին՝ «եթե դրվի Կոնգրես, թե՞ ՀՀՇ հարցը՝ ո՞րը կընտրես», «եթե դրվի Ա. Զուրաբյան, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյան, ո՞ւմ կնախընտրես» հարցադրումներով։ Բոլորի կողմից տրված միանշանակ ու կոշտ պատասխաններից զայրացած՝ Ա. Զուրաբյանը միջանցքներում հայհոյանքների ու վիրավորական արտահայտությունների տարափ է տեղացել իրեն մերժած կուսակիցների հասցեին։

Ահա, այս միջադեպից հետո նաեւ հայտնի է դարձել, որ մինչ այդ, նույն 2010 թ. սկզբից, Խ. Քոքոբելյանը Կոնգրեսի մեջ մտնող կուսակցությունների ղեկավարների եւ Կենտրոնական գրասենյակի որոշ անդամների առաջարկել է «մտերմիկ քաղաքական զրույցներ», որոնցում քննարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանի «տարիքով լինելու», «նոր լիդերի անհրաժեշտության» հարցերը՝ իմիջիայլոց ակնարկելով Տեր-Պետրոսյանին «ամերիկացիների դեմ լինելու» հանգամանքը և այլն՝ խնդրելով, որ դա «իրենց մեջ մնա»։

Երկու փաստ՝ առանց մեկնաբանման

  1. 2009թ. մայիսին Երեւանի քաղաքապետական ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսը չկարողացավ դրա արդյունքները բողոքարկել դատական կարգով միայն մեկ պատճառով՝ Կոնգրեսի մաս կազմող «Մարքսիստական կուսակցության» ղեկավար Դավիթ Հակոբյանը հրաժարվեց դիմումի տակ դնել իր կուսակցության կնիքը։ Դ. Հակոբյանը նաեւ միակն էր Կոնգրեսի ցուցակից, որ չմիացավ Երեւանի ավագանու աշխատանքների բոյկոտին, և միակը, որ հեռացավ Կոնգրեսից։ Վերջինս Խ. Քոքոբելյանի խնամին է։
  2. Սույն հոդվածի առաջին մասում, բնականաբար, մենք չենք ընդգրկել այս թեմայով «Վիկիլիքսի» տրամադրած ամբողջ նյութը։ Այսպես՝ հրապարակած փաստաթղթերից մեկում կա նաև մի եզակի վկայություն, թե ԱՄՆ դեսպանատան՝ «Կոնգրեսի ներսում ծանրակշիռ դիրք ունեցող» «կոնտակտներից», իսկ ավելի ճիշտ՝ գործակալներից մեկը ինչ տարօրինակ ճանապարհով է ազատ արձակվել բանտից։ Այդ և մյուս խիստ հետաքրքիր փաստերը մենք կհրապարակենք՝ սույն հրապարակման արձագանքը տեսնելուց հետո։

Եւ երկու տխուր եզրահանգում

  1. 1.    «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծվել է իշխանության (Հայաստանի) – ԱՄՆ դեսպանատան նպատակների ու ջանքերի խաչասերումից՝ 2010թ. առաջին կեսին Հայ ազգային կոնգրեսի դեմ ձախողված համատեղ ծրագրի նպատակներն ինչ-որ չափով փոխհատուցելու համար։
  2. 2.     Պատմում են, որ 2010թ. ձմռանը Սերժ Սարգսյանը մոտիկ շրջապատում հայտարարում էր, որ «Կոնգրեսը շուտով պայթելու» է, կամ՝ որ շուտով «ՀՀՇ-ն կլինի իր գրպանում»։ Կոնգրեսի փլուզվելու մասին նույն տեղեկատվությունը ԱՄՆ դեսպանատանը նույն շրջանում տվել են նաեւ Խ. Քոքոբելյանը և մյուս «կոնտակտները»։ Այն, որ իշխանությունը մշտապես փորձեր պետք է աներ պառակտելու իրեն սպառնացող հիմնական ընդդիմադիր ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը, բնական է։ Դա միշտ է եղել նրա ձեռագիրը։ Ափսոս, որ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին այդքան «մոտիկից» մասնակցել է ԱՄՆ դեսպանատունը։

Ս. ԳԱԼՍՏՅԱՆ

 «Հայկական ժամանակ» 03.12.2011

 

Մաս 2.

«ԳՈՐՇ ՄԻՋԱԿՈՒԹՅԱՆ» ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերի տրամադրած որոշ տեղեկություններ հիմք էին ծառայել հետադարձ հայացքով կատարելու լրագրողական մի հետաքննություն (տե՛ս «Հայկական ժամանակ», 03.12.2011), ինչի շնորհիվ պատասխան էրտրվել մինչ այժմ առեղծված մնացած մի շարք հարցերի։ Մասնավորաբար՝ պարզվել էր, որ՝

Ա) Առնվազն 2009թ. սկսզբից ԱՄՆ դեսպանատունը Հայ Ազգային Կոնգրեսում ունեցել է գործակալներ, որոնք ոչ միայն տեղեկատվություն են փոխանցել, այլեւ ակտիվ քայքայիչ գործունեություն են ծավալել Կոնգրեսի ներսում։ Այդ գործակալներից փաստաթղթերում անվանապես հիշատակվում է միայն Խաչիկ Քոքոբելյանը (այն ժամանակ ՀՀՇ վարչության փոխնախագահ), մյուսների մասին խոսվում է անորոշ՝ «ՀԱԿ-ի մեր կոնտակտները», «ՀԱԿ-ի ներսում ծանրակշիռ դիրք ունեցողներից մեկը», «ՀԱԿ-ի ղեկավարությունից ևս երկուսը» եւ այլն։

Բ) Սերժ Սարգսյանը ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ 2010 թ. գարնանը փորձել է իրականացնել Կոնգրեսի կազմաքանդման մի ծրագիր՝ որպես հենման կետ ունենալով  ՀՀՇ վարչության անդամների փոքր մի խումբ (6-7 հոգի)՝ նույն Խ. Քոքոբելյանի գլխավորությամբ։ Դավադրությունը, սակայն ժամանակին բացահայտվել և չեզոքացվել է. վարչության անդամների կողմից անվստահության մեխանիզմով պաշտոնանկ արվելու սպառնալիքի տակ, կուսակցության  վարչությունից  ստիպված է եղել հրաժարական տալ Խ. Քոքոբելյանը, մի քանի օր անց, նույն մեխանիզմի գործի դնելու սպառնալիքի տակ՝ նաև վարչության նախագահ Ա. Զուրաբյանը։ Վերջինիս, սակայն, ի տարբերություն Խ. Քոքոբելյանի, թույլ է տրվել մնալ որպես վարչության շարքային անդամ։

 Գ) Երբ մեկ տարի անց առաջին անգամ հայտարարվեց «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության ստեղծման մասին, պարզվեց ,որ դրա հիմնադիր անդամները հենց նույն այդ խումբն է։ Փաստերի տրամաբանությունը հուշում է, որ այս կուսակցության ստեղծումն այլ բան չէ, քան «Կոնգրեսը ներսից պայթեցնելու» ձախողված ծրագրի փոխհատուցման՝ այս անգամ գեթ «դրսից» հնարավորինս նրան վնասելու նպատակ հետապնդող մի տարբերակ։

Մենք խոստացել էինք արձագանքի դեպքում հրապարակել նաև այլ փաստեր։ Արձագանքը եղավ («Ժամանակ», 07.12.2011), սակայն անսպասելիորեն այնպիսին, որ ոչ թե փորձ արեց հերքել, այլ ինքնախոստովանությամբ ամենակարեւոր կետերում հաստատեց մեր եզրակացությունները՝ դրանց տալով ստույգ փաստերի արժեք։ Այնպես որ՝ նախ կետ առ կետ արձանագրենք դա, ապա ավելացնենք «Վիկիլիքսի» մի փաստաթղթից երկու կարեւոր վկայություն։

Ինքնախոստովանություններ

  1. Պատասխանը հնչեց ոչ թե «Վիկիլիքսի» փաստաթղթերում անվանապես հիշատակվող Խ. Քոքոբելյանի, այլ Արարատ Զուրաբյանի կողմից։ Վերջինս, պատասխանողի դերն ստանձնելու փաստով, ակամա խոստովանում է, որ ինքը եղել է դեսպանատան փաստաթղթերում մի քանի անգամ անորոշ հիշատակվող «կոնտակտներից» մեկը և, թերեւս, Քոքոբելյանից ոչ պակաս կարեւոր դերակատարություն է ունեցել Սերժ Սարգսյան-ԱՄՆ դեսպանատուն վերոհիշյալ ծրագրում։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ 2010-ի գարնանը (երբ «Վիկիլիքսի» այս փաստաթղթերը դեռ հրապարակված չէին) այդ մասին այլ աղբյուրներից ստույգ իմացել են ՀՀՇ վարչությունում ու այդ հիման վրա նրան եւս հրաժարական պարտադրել։
  2. Ա. Զուրաբյանի ընդարձակ այդ հարցազրույցում ոչ մի անդրադարձ ու հերքում չկա մեր կողմից հավաքված փաստական նյութին՝ Ջերմուկում տեղի ունեցած սեմինարին, դրանում ՀՀՇ-ի՝ Կոնգրեսում մնալու նպատակահարմարության հարցի քննարկման ձախողված նախաձեռնությանը, Ա. Զուրաբյանի՝ վարչության եւ խորհրդի անդամների հետ «անհատական աշխատանքի» փորձերին, մերժվելուց հետո իր կուսակիցների գլխին տեղացած հրապարակային հայհոյանքներին, Խ. Քոքոբելյանին և իրեն անվստահություն հայտնելու օրակարգով վարչության նիստ հրավիրելու ստորագրահավաքին և այլն։ Սա էլ յուրատեսակ խոստովանություն է այն բանի, որ մեր հայթայթած հիշյալ և այլ տեղեկությունները անհերքելի փաստական իրողություններ են։
  3. Ա. Զուրաբյանի ամենակարեւոր խոստովանությունն այն է, որ ինքը սկզբունքորեն դեմ է եղել Հայ ազգային կոնգրեսի ստեղծմանը. «Հենց ՀԱԿ-ի ձեւավորումն  ու նրա լինելու փաստը ես համարել եմ քաղաքական սխալ և բազմիցս այդ մասին խոսել եմ բոլոր իմ ընկերների, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Նույնիսկ կատակով ասում էի, թե երբ ենք վերջապես փակելու Կոնգրեսը, որ քաղաքականությամբ զբաղվենք»։ Հայ ազգային կոնգրեսի մեջ մտնելը, բնականաբար, բոլոր քաղաքական ուժերի համար եղել է խիստ սկզբունքային հարց։ «Ժառանգությունն», օրինակ, դեմ էր, և չմտավ։ Եթե դեմ լինելով՝ մտնում ես, ուրեմն մտնում ես այլ նպատակով, հանձնարարություն կատարելու համար (ինչպես կտեսնենք ստորեւ)։ Եթե սկզբունքորեն դեմ էիր՝ պարտավոր էիր այդ մասին հայտարարել բարձրաձայն ու հրապարակավ (ոչ թե «կատակով» այդ մասին ամբողջ երկու տարի «զրուցել» ընկերներիդ հետ), նույն Կոնգրեսի մասին երկու տարի շարունակ հրապարակային ներբողական ճառեր չասեիր, չվարեիր նրա հանրահավաքները, Կոնգրեսի պաշտպանությամբ չմասնակցեիր Կենտրոնի թաղապետի ընտրություններին, հարցը գեթ մեկ անգամ պաշտոնապես դնեիր ու քննարկեիր կուսակցությունում։ Ուրիշներին անսկզբունքայնության մեջ մեղադրող ու իրեն սկզբունքային համարող Ա. Զուրաբյանը, ահա, ըստ էության, ասում է, որ ամբողջ երկու տարի, փաստորեն, գործել է կուսակցության ղեկավարին անհարիր՝ դավադիր մեթոդներով։ Նրա վերոբերյալ խոսքն այլ բան չէ, քան ինքնախոստովանություն, այն հիմնական մեղադրանքի ընդունում, թե ՀՀՇ վարչության ներսում իր ու Խ. Քոքոբելյանի ղեկավարությամբ, իրոք, դավադիր մի խումբ է գործել Կոնգրեսի դեմ։ Ինքնախոստովանական այս ցուցմունքը նաեւ ժամանկագրական մի տարեթիվ է ճշտում. պարզվում է, որ հակակոնգրեսական այդ գործունեությունը ծավալվել է ոչ թե 2009թ. սկզբից (ինչպես ենթադրելի էր «Վիկիլիքսի» տվյալներից), այլ շատ ավելի վաղ՝ 2008թ. օգոստոսից (Կոնգրեսի ստեղծումից) անմիջապես հետո։ Ա. Զուրաբյանի օգնությամբ կատարված ժամանակագրական այս ճշգրտումը խիստ կարեւոր է ԱՄՆ դեսպանատան գաղտնի զեկուցագրերից մեկի այն հաղորդումը «խոսեցնելու» համար, որ վերաբերում է նրա ազատ արձակման տարօրինակ հանգամանքներին, որը եւ խոստացել էինք հրապարակել։
  4. Ա. Զուրաբյանը ընդունում է, որ ԱՄՆ դասպանատան հետ «կապավորը» եղել է Խ. Քոքոբելյանը։ Բայց չի ասում, թե ինչ բնույթի ինֆորմացիա է փոխանցել։ «Վիկիլիքսի» տվյալներից ելնելով՝ եթե Կոնգրեսի մասին նրա փոխանցած ինֆորմացիան ճիշտ է՝ ուրեմն լրտեսությամբ է զբաղվել, եթե ճիշտ չէ՝ ուրեմն զբաղվել է զրպարտությամբ ու քայքայիչ գործունեությամբ։
  5. 5.    Նույն հարցազրույցի փոքր մի պարբերությունում միմյանց հակասող առնվազն երեք միտք կա շուրջօրյա հանրահավաքների օրերին սրճարանները և զուգարանները փակելու թեմայով։ Հակասական այդ մտքերից մի բան է ակնհայտ՝ նա ևս, ինչպես բոլոր սրճարանատերերը, ենթարկվել է «վերեւից» իջած հրահանգին։ Իսկ թե նրա խոսքը՝ «Տեր-Պետրոսյանը կարող էր ինձ դիմել պետքարանը բացելու համար, ոչ թե Սերժ Սարգսյանին»՝ բարեկրթության առումով թող գնահատի ընթերցողը։

Գործարք ու դրա գինը

«Վիկիլիքսի» հրապարակումներից  մեկը ուղիղ վկայություն է այն բանի, որ Ա. Զուրաբյանը 2008թ. ամռանը բանտից ազատ է արձակվել ոչ այլ կերպ, քան…Նիկոյանի հանձնաժողովի միջնորդությամբ։ Փաստաթղթի հեղինակը «Ազատ ժողովրդավարների» նկատմամբ այդքան ուշադիր ու գորովալից ԱՄՆ դեսպան Յովանովիչն է.

08YEREVAN794/ 2008-10-02 (13) «Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի կազմակերպման հիմնական պատասխանատուներից մեկը լինելով՝ Արարատ Զուրաբյանը մարտի 10-ին ձերբակալվել է՝ «զանգվածային անկարգություններ հրահրելու» և «իշխանության բռնազավթման» մեղադրանքով։ Նա ազատվել է հունիսին՝ երկրից չբացակայելու մասին ստորագրություն տալուց և սրտի խնդիրների առնչությամբ հոսպիտալացվելուց հետո։ Նրա դեմ առաջադրված մեղադրանքները պահպանվել են։ Մարտի 1-ի իրադարձությունների հետազոտմամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը եւս դիմել էր իրավապահ մարմիններին՝ Զուրաբյանին նախնական կալանքից ազատ արձակելու համար»։ Տխրահռչակ այս հանձնաժողովն ամեն ինչ արեց Մարտի 1-ի իրադարձությունները պարտակելու, իշխանության գործողություններն արդարացնելու եւ ընդդիմության ձերբակալված ներկայացուցիչներին դատարաններում դատապարտելու  քաղաքական հիմքեր ապահովելու համար։ Ահա այդ հանձնաժողովը, ո՜վ զարմանք, դիմել է 100-ից ավելի ձերբակալվածներից այս մեկին ազատ արձակելու միջնորդությամբ։ Անշուշտ, այդ դիմումը չի հրապարակվել։ Ահա քեզ և «նոնսենս»՝ բառ, որով մի քանի անգամ Ա. Զուրաբյանը բնորոշում է Կոնգրեսի ու նրա առաջնորդի գործունեությունը։ Բանտից ազատվելու (եւ բիզնեսը պահպանելու) դիմաց ի՞նչ գին պետք է վճարեր Ա. Զուրաբյանը։ Կատարվածի եւ առկա իրողությունների շրջանակներում մենք աշխատեցինք վերականգնել այդ գինը։ Ստացվում է, որ Կոնգրեսի «ձեւավորման» և «լինելու» փաստին դեմ լինելու՝ Ա. Զուրաբյանի սկզբունքը ի սկզբանե ոչ թե քաղաքական է, այլ, թելադրված գործարքով, ինչին նա շարունակում է հավատարիմ մնալ։

Որքան էլ հետազոտող լրագրողի մեր պարտքն է հետամուտ լինել միայն փաստերին, մի դեպքում չենք կարող չխոսել բարոյական խնդրից։ Ա. Զուրաբյանն ասում է. «Մարտի 1-ից հետո եղան հիասթափություններ, ինչ- որ փոքրիկ վերելքներ, նաև կորուստներ, և վերջում մենք արձանագրեցինք, որ հաջողության ենք հասել, որովհետև քաղբանտարկյալներն ազատ են արձակվել։ Ես չեմ կարծում, որ հաջողությունը դա էր։ Միգուցե շատ ավելի լավ կլիներ, որ Հայաստանում 500 քաղբանտարկյալ լիներ…»։ Եւ սա «հերոս» ձեւանալով ասում է մի մարդ, որը բանտից ազատվել է խայտառակ գործարքով՝ տխրահռչակ «Մարտի 1-ի հանձնաժողովի» նույնքան տխրահռչակ նախագահ Նիկոյանի միջնորդությամբ։

Ամբողջացնելու համար ավելացնենք եւս մի փաստ. մեզ հաջողվեց պարզել, որ հայտնի բոլոր քաղբանտարկյալներն իրենց դատական գործերը բողոքարկել են Եվրոդատարան։ Ա. Զուրաբյանը հայտնի քաղբանտարկյալներից միակն է, որ չի դիմել Եվրոդատարան, ինչը, բնականաբար, չէր կարող չլինել հիշյալ գործարքի պայմանավորվածությունների մեջ։

«Գորշ միջակության» արժեքը

Սակայն սրանով չեն ավարտվում ԱՄՆ դեսպան Յովանովիչի անակնկալները։ Հենց նույն փաստաթղթում նա ընդարձակ զեկուցում է նաեւ Կենտրոնի թաղապետի ընտրությունների հանգամանքների մասին։ Հիշեցնենք, որ այդ ընտրություններում որպես թաղապետի թեկնածու առաջադրված էր նույն Ա. Զուրաբյանը՝ ունենալով Կոնգրեսի պաշտպանությունը։ Դեսպան Յովանովիչն իր զեկույցն այս թեմայով ավարտում է հետեւյալ կերպ.

08YEREVAN794/ 2008-10-02 (15) «Եթե ընդդիմությունը, գորշ միջակություն (grey mediocrity) հանդիսացող Ա. Զուրաբյանի փոխարեն ընտրած լիներ իսկապես ժողովրդականություն վայելող եւ խարիզմատիկ մի թեկնածու, դա կարող էր ընտրապայքարում առաջ բերել իսկապես ժողովրդական խանդավառություն եւ դժվարացնել իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու ջանքերի անպատիժ մնալը»։

Շատերի համար կարող է անակնկալ լինել դեսպանի այս բնորոշումը, որ նրա պատկերավոր մտածողության լավ ապացույց է։ Բացատրությունը շատ պարզ է. լինի իշխանության մեջ թե ընդդիմության, եթե որեւէ քաղաքական գործիչ համաձայնում է, ի վնաս սեփական երկրի, մաս կազմել օտար պետության խաղերի, ավելին գնահատվել չի կարող։ Կամ որ միեւնույն է՝ օտար որեւէ ուժ իր շահերը տվյալ երկրում առաջ տանելու համար կարող է հենվել ոչ ավելի, քան հենց քաղաքական դաշտի գորշ միջակությունների վրա։ Քանզի ոչ միայն քաղաքական, այլեւ պարզ մարդկային եւ ազգային արժանապատվություն ունեցող որեւէ մեկը դրան չի գնա եւ ոչ մի գնով։ Ու սա էլ, թերեւս, կարելի է համարել քաղաքականության ոսկե կանոնը, ինչին, բնականաբար, քաջատեղյակ է դեսպան Յովանովիչը։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ

«Հայկական ժամանակ», 13.12.2011

Լուսանկարը՝ PanArmenianPhoto

Նախորդ հոդվածը‘Չորս օրվա ընթացքում բնությանը հասցվել է 88 500 դրամի վնաս ‘
Հաջորդ հոդվածը‘Ռետրո մեքենաների ցուցադրություն Երևանում (տեսանյութ)’