‘Ռիտա Սարգսյանի ստեղծագործությունը թողել էին անակնկալ’

6333

«Երեկ հիմնական ծրագրի վերջում հնչել է Ռիտա Սարգսյանի «Նվիրում տանգոյին» ստեղծագործությունը՝ որպես անակնկալ, այդ իսկ պատճառով նախապես չի հայտարարվել»: Այսպես մեկնաբանեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի պատասխանատու Մարիաննա Գալստյանն այն փաստը, որ երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ՝ կայացել է իտալացի աշխարահռչակ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգը, որից հետո հնչել է Ռիտա Սարգսյանի «Նվիրում տանգոյին» ստեղծագործությունը, որը, սակայն, նախապես ծրագրում չի եղել ու չի հայտարարվել:

Մամուլի պատասխանատուի խոսքով՝ երբ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը միասին ծրագիր էին ընտրում, Սմբատյանը Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի դատին է ներկայացրել Ռիտա Սարգսյանի ստեղծագործությունը:

«Իտալացի բանդոնեոնահարը շատ է հավանել այդ ստեղծագործությունը, որից հետո նրանք միասին որոշել են, որ այն պետք է հնչի: Ստեղծագործությունը գործիքավորվել է և կատարվել»,- մեկնաբանեց Մարիաննա Գալստյանը:

Ականատեսների վկայությամբ, սակայն, երբ հայտարարվել է Ռիտա Սարգսյանի ստեղծագործությունը, դահլիճում նախ փռթկոցներ են լսվել, ապա հանդիսատեսները զարմացած հայացքներ են փոխանակել, հետո բացարձակ լռություն է տիրել,  և այդ լռության մեջ Պիետրոդարկին և նվագախումբը սկսել են նվագել Ռիտա Սարգսյանի գլուխգործոցը:

Ըստ ականատեսի՝ ստեղծագործության կատարման ընթացքում արդեն շատերն էին ոչ միայն տարակուսական հայացքներ փոխանակում, այլև քննարկում էին, թե սա ի՞նչ էր: Իսկ երբ ստեղծագործությունն ավարտվել է, դահլիճն ակնհայտ սարկազմով սկսել է գոռալ «բռավո», այն դեպքում, երբ նույնիսկ Պիացցոլլայի ստեղծագործությունների ժամանակ «բռավո» չէր գոռացել:

Ռիտա Սարգսյանի ստեղծագործության կատարումից հետո դահլիճի աուրան միանգամից փոխվել է, նախորդ ստեղծագործությունների ազդեցությունից բան չի մնացել, ու թեեւ համերգն արդեն ավարտված էր, սակայն, թերեւս զգալով հանդիսատեսի տրամադրությունը` երաժիշտները որոշել են համերգը շարունակել ևս 40 րոպե:

Համերգի երկարաձգման փաստը Մարիաննա  Գալստյանը մեկնաբանում է նրանով, որ երաժիշտները  հիմնական ծրագրից հետո որոշել են համերգը շարունակել՝ տեղի տալով բուռն ծափահարություններին, և համերգի հիմնական ծրագրից դուրս ևս 5 ստեղծագործություն են կատարել:

Նախորդ հոդվածը‘Հնդկաստանի դպրոցներից մեկում 7-ամյա երեխայի են բռնաբարել’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտո Սոլդադո. Միայն Մոուրինյոյի խելքին նման բան կփչեր’