‘Ռուսաստանն ԱՄՆ-ին պատասխանում է սեփական «Մագնիտսկու օրենքով» ‘

706

Ռուսաստանի Պետական Դուման առաջին ընթերցմամբ ընդունել է «ՌԴ քաղաքացիների իրավունքների խախտմանը մասնակցություն ուղնեցած անձանց նկատմամբ ազդեցության միջոցների մասին» օրինագիծը, որը, փաստացի ԱՄՆ կողմից ընդունված «Մագնիտսկու օրենքի» պատասխանն է Մոսկվայի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նոյեմբերին ընդունել է «Մագնիտսկու օրենքը», որը այցագրային պատժամիջոցներ է սահմանում այն ռուսաստանցիների նկատմամբ, որոնք, ենթադրաբար, մեղսակից են քննչական մեկուսարանում իրավաբան, քաղաքական նկատառումներով ազատազրկված Սերգեյ Մագնիտսկու մահվան մեջ:

Ռուսաստանի պատասխան օրինագիծը մուտքի արգելք եւ ֆինանսական ակտիվների կալանք է նախատեսում ԱՄՆ բոլոր այն քաղաքացիների համար, որոնք մեղսակիցն են արտերկրում ՌԴ քաղաքացիների իրավունքների կոպիտ ոտնահարման մեջ:

Ըստ օրինագծի, «սեւ ցուցակները» կազմելու է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը: Ընդ որում, այդ ցուցակների մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկներ կարող են անել ոչ միայն դիվանագետները, այլեւ ՌԴ խորհրդրանի երկու պալատների պատգամավորները, մարդու իրավունքների պաշտպանը, կուսակցությունները, Հանրային պալատի անդամները եւ այլ պետական մարմինների ներկայացուցիչները:  

Դումայում քվեարկության նախօրյակին նախագահ Պուտինը հայտարարել է, որ «Մագնիտսկու ցուցակի» ընդունմանն ի պատասխան Ռուսաստանի գործողությունները պետք է լինեն համարժեք, բայց ոչ ծայրահեղ:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսին «քննադատելու» մեխանիկան ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում դպրոցականների վրա արձակած կրակահերթի հետեւանքով 1 երեխա է զոհվել ‘