‘
Հայտնի ռուսաստանյան մարզական մեկնաբան Կոնստանտին Գենիչը Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի «Ամկար» — «Անժի» սկանդալային հանդիպման վերաբերյալ նշել է, որ չի կասկածում այդ խաղի պայմանավորված լինելու մեջ:
«Իրականում դրանք դատարկ խոսակցություններ չեն: Ես ինքս եմ տեսել հանդիպման վերջնամասը: Խայտառակություն է: Ապացույցներ չկան, բայց ես իմ աչքերով եմ տեսել, որ «Ամկարն» ամեն ինչ արեց գոլ բաց թողնելու համար: Ցավոք սրտի»,- Գենիչի խոսքն է մեջբերում Sports.ru-ն:
Հիշեցնենք, որ «Ամկար» — «Անժի» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1: Բուքմեյքերները այդ խաղի ընթացքում դադարեցրին խաղադրույքներ ընդունել, քանի որ հանդիպման ելքի վերաբերյալ կասկածներ ունեին:
Ի դեպ, այդ հանդիպմանը «Անժիի» կազմում բացակայում էին հիմնական կազմի հինգ խաղացող, իսկ հետո պարզվեց, որ «Անժիի» սեփականատեր, ռուս օլիգարխ Սուլեյման Քերիմովը հանդիսանում է «Ամկարի» գլխավոր հովանավոր ընկերության հիմնական բաժնետերերից մեկը:
‘