‘Սաակաշվիլիին պաշտոնապես չեն ծանուցել Ուկրաինա մուտքի արգելքի մասին’

740

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինա մուտք գործելու արգելքի մասին պաշտոնական ծանուցում չի ստացել: Սակայն ֆեյսբուքյան իր էջում նախկին նախագահը գրառել է. «Ցավոք սրտի՝ եկող շաբաթ  չեմ կարող մեկնել իմ երկրորդ հայրենիքը՝ Ուկրաինա, բայց իմ սիրտն ու հոգին կլինեն իմ ուկրաինացի քույրերի ու եղբայրների հետ, ովքեր պայքարում են հանուն անկախության, ազատության և եվրոպական ապագայի: Ես վստահ եմ, որ շուտով նրանց նորից կհանդիպեմ հրաշալի ու ազատ Կիև քաղաքում, որպեսզի միասին նշենք դեմոկրատիայի հաղթանակը: Կեցցե՛ Ուկարինան»: Դեկտեմբերի 7-ին Սաակաշվիլին ելույթ է ունեցելԱնկախության Մայդանում:

Ինչպես հաղորդվել է, Ուկրաինայի ԱԳՆ-ն և Անվտանգության ծառայությունը բավարարել են Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Օլեգ Ցարյովի դիմումը՝ 36 անձանց մուտքն Ուկրաինա արգելելու վերաբերյալ: Անցանկալի անձանց ցուցակում, բացի Սաակաշվիլիից, ներգրավված են Վրաստանի ևս 29 քաղաքացիներ, ԱՄՆ 5 քաղաքացի և մեկը՝ Սերբիայից: Ցարյովի հաղորդման համաձայն՝ այդ բոլոր մարդիկ կասկածվում են «երկրում իրավիճակն ապակայունացնելու վերաբերյալ ընդդիմությանը ցուցումներ տալու մեջ»: ԱՄՆ քաղաքացի Ալեքսանդր Ռոսին, օրինակ, Ցարյովը անվանել է «սոցիալական ցանցերի միջոցով հեղափոխություններ կազմակերպելու լավագույն մասնագետն աշխարհում», իսկ ցուցակի սերբ անդամը՝ Մարկո Իվկովիչը, «սերբերի թիմով կազմակերպել է հեղափոխությունն ընդդեմ Սլոբոդան Միլոշևիչի» և նույնպիսի սցենար էր կազմում Ուկրաինայի համար, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչը պահանջում է պատժել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տեքստը պատրաստողներին’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. «Հզբոլլահը» ահաբեկչություններ է պատրաստում Բաքվում’