‘Սարգսյանն այցելել է Բեյրութի Նահատակների հրապարակ’

697

Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութում շարունակվում է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը:

Սարգսյանն այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ, հայտնում է president.am-ը: Մինչ այդ, նա այցելել է Բեյրութի Նահատակների հրապարակ, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել հուշարձանին:

Վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կարևորել է երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները դեռևս անբավարար են:

Սերժ Սարգսյանը և վարչապետ Նաջիբ Միկաթին ընդգծել են հայ-լիբանանյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը, որը, կողմերի համոզմամբ, կարող է լուրջ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության ցուցանիշների բարելավման, ներդրումների խթանման, Հայաստանի և Լիբանանի գործարար շրջանակների միջև առավել սերտ կապերի հաստատման համար: Փոխգործակցության զարգացման տեսանկյունից հեռանկարային են համարվել հատկապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Հանդիպմանը քննարկվել է նաև համատեղ Առևտրաարդյունաբերական պալատի ստեղծման գաղափարը:

Օրվա ավարտին ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:

Նախորդ հոդվածը‘Հ. Սասունյան. «Հայաստան» հիմնադրամի մոտեցումները, ուղղությունը պետք է փոխվի ‘
Հաջորդ հոդվածը‘Rolling Stines-ը ստեղծման 50 ամյակի կապակցությամբ համերգներ կտա ‘