‘ «Սաքուլիկենց» ենթարկված ոստիկաններին Վովա Գասպարյանը նկատողություն է հայտարարել’

2404

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խիստ նկատողություն է հայտարարել դեկտեմբերի 26-ին՝ ՀՊՏՀ-ում (Ժողինստիտուտ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության օրը, բուհում ծառայություն իրականացնող ոստիկան Ս.Բաղդասարյանին և նկատողություն` ոստիկան Գ. Ղասաբօղլյանին, հայտնել են ոստիկանությունից` հավելելով, որ նկատողություններն արվել են ծառայողական քննության արդյունքում:

Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը հրաժարվել է լրագրողների հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել նույն օրը բուհի տարածքում գտնվող մի քանի երիտասարդների գործողությունների փաստի առիթով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական աշխատության պաշտպանությունը լուսաբանելու նպատակով Տնտեսագիտական համալսարան ժամանած լրագրողների աշխատանքները:

Նրանք անվայելուչ արտահայտություններ են հնչեցրել եւ հրել են լրագրողներին: Նույն օրը պարզ դարձավ, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտողներին առաջնորդում էր Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահը: Հենց նա էր, որ կարգադրում էր հավանաբար տույժի ենթարկված նույն ոստիկանության սերժանտին` «ոչ մեկին վերեւ չթողել առանց ռեկտորի թույլտվության»: Համացանցում հայնտվեցին նաեւ Ժողինստիտուտի ուսխորհրդի ղեկավարի եւ նրա ընկերների լուսանկարները` Սերժ եւ Տիգրան Սարգսյանների ընկերակցությամբ: Նրանցից մեկն էլ հորդորում էր ընկերոջը` ոմն Սաքուլիկի, լրագրողների հետ «կիլդիմ չբռնել» (տուրուդմփոց չսարքել), որովհետեւ լրագրողները, այսպես ասած, «նաղդ» ոստիկանություն բողոքող են:   Պարզվում է, սակայն, որ երիտասարդի մտահոգությունն անտեղի էր. որքան էլ լրագրողները տեսանյութերով ամրագրված փաստեր ներկայացրին ոստիկանությանը՝ սաքուլիկենց պատասխանատվության ենթարկելու համար, ոստիկանապետ Վովա Գասպարյանը բավարարվեց կարգապահական տույժ նշանակելով… իր ոստիկաններին: Իսկ սաքուլիկենց` ոչ մի բան: Կռահեք` ինչու: 

Նախորդ հոդվածը‘«Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա Լիմիթիդ» ընկերության բոլոր նավթային ակտիվները’
Հաջորդ հոդվածը’25-ամյա «վունդերկինդը» Վարչական դատարանի դատավորի թեկնածու է’