‘Սաքուլիկենք պաշտոնական հայտարարություն են տարածել ԵՊՏՀ-ում տեղի ունեցած միջադեպի մասին ‘

5707

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ուսխորհրդի հայտարարությունը,  ըստ էության, այդ հաստատության ռեկտորի`ավելի վաղ տված մեկնաբանության պատճենն է:

Հիշեցնենք, որ միջադեպի ժամանակ մի խումբ երիտասարդներ (որոնք, ինչպես հետո պարզվեց, բուհի ուսխորհրդի անդամներն են` խորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանի գլխավորությամբ: Վերջինս նաեւ ՀՀԿ երիտթեւի անդամ է` Երիտասարդական խորհրդարանում ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը) խոչընդոտել են լրագրողների աշխատանքները` անվայելուչ արտահայտություններ թույլ տալով նրանց հասցեին: Նրանցից մեկի` լրագրողի հասցեին սեռական բնույթի հայհոյանքին ի պատասխան՝ հնչել է «լավ ախպոր» կոչը` «Սաքուլիկ, կիլդիմ մի բռնի, դրանք սաղ բ** են»:

Եւ այսպես, ԵՊՏՀ ուսխորհուրդը, նույն ինքը` սաքուլիկենք, հայտարարություն են տարածել դեպքերի վերաբերյալ` մեղադրելով դրանցում… լրագրողներին: 

«Ցավում ենք, որ կրքերն անցել են թույլատրելիի սահմանները, և մեր որոշ ուսանողներ տրվել են բուհ եկած որոշ անձանց սադրանքների, ինչի արդյունքում բուհի ներսում երկուստեք հնչել են համալսարանական միջավայրին ոչ հարիր արտահայտություններ», — ասվում է սաքուլիկենց հայտարարության մեջ:

Սաքուլիկենք, իհարկե, չեն նշել, որ լրագրողներն ազատ մուտք ունեին համալսարան, կարող էին ազատ տեսագրել ատենախոսության պաշտպանության ընթացքը, անգամ պաշտպանությունից հետո հարցեր հղել «պաշտպանյալին»:

Սաքուլիկենք շարունակում են հարձակվել: Նրանց մտքով էլ չի անցնում անկեղծորեն զղջալ արարքի համար: Նրանք` իրենց պախանների` Սերժ, Տիգրան Սարգսյանների, համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի «պռախոդով» ու օրինակով ընդամենն  արձանագրում են, որ երեկ ԵՊՏՀ-ում երկուստեք հնչել են համալսարանական միջավայրին ոչ հարիր արտահայտություններ: Նրանք վստահ են, որ հենց այդպես էլ եղել է` առանց վախենալու, որ ոստիկանությունը կարող է հակառակն ապացուցել: Ինչ հակառակի մասին է խոսքը, երբ սաքուլիկենք իրե’նք են ցուցում տալիս ոստիկանության սերժանտին` «ոչ մեկին վերեւ բաց չթողնես»: ՀՀԿ-ի սերժանտը` ոստիկանության սերժանտին: Ինչպես ՀՀԿ գեներալիսիմուսը` ոստիկանության գեներալիսիմուսին: 

Նախորդ հոդվածը‘«Ով համաձայն չի, թող գործով ապացուցի, որ Լևոնը սխալվել է»’
Հաջորդ հոդվածը‘Մեդինսկին «Օսկար» մրցանակաբաշխությանը մեղադրել է քաղաքականացված լինելու մեջ’