‘«Սա մեր հիվանդը չէ». Ցնցումների մեջ գտնվող երեխային հրաժարվել են բուժօգնություն ցուցաբերել’

864

Երաժիշտ Արթուր Լոռեցյանը, ում երեխայի` Սամուելի կյանքը հունվարի 1-ին հրաշքով է հաջողվել փրկել, հանդիպում է պահանջում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ՝ ցանկանալով բարձրացնել բժիշկների անգործության հարցը, որը, նրա խոսքով, երեխայի մահվան պատճառ կարող էր դառնալ։ Այս մասին Լոռեցյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում՝ նշելով, որ պաշտոնյաները պարտավոր են պարզաբանել բժիշկների նման վարվելակերպը։

Ամեն ինչ սկսվել է 2013-ի դեկտեմբերի 31-ի գիշերը, երբ 2 տարեկան 4 ամսական երեխայի ջերմությունը կտրուկ բարձրացել է։ Կեսգիշերին՝ ժամը 1։30-ի սահմաններում, երեխայի վիճակը կտրուկ վատացել է, և բարձր ջերմությունից նրա մոտ ցնցումներ են սկսվել։

«Մարմինը ցնցվում էր, մաշկի գույնը կանաչել էր, աչքերը կուլ էին գնացել։ Կինս, հայրս, եղբայրս՝ խառնված, միաժամանակ տարբեր հեռախոսներով շտապ օգնություն էինք զանգահարում, բայց 20-30 զանգից հետո հասկացանք, որ անտեղի ժամանակ ենք կորցնում՝ մեր ոչ մի զանգին պատասխանող չկար։ Ընդունենք, որ բոլոր բրիգադները զբաղված են, ժամը հարմար չէ և այլն, և այլն, բայց կարելի է գոնե պատասխանել զանգերին ու ասել, որ մոտենալ չեն կարող՝ այդ դեպքում մարդիկ իրենց գլխի ճարը կտեսնեն, այլ ոչ թե անիմաստ ժամանակ կկորցնեն, որը վայրկյանների ընթացքում կարող է ճակատագրական ավարտ ունենալ», – ասել է Լոռեցյանը։

Վերջինս, տեսնելով, որ հնարավոր չէ շտապ օգնություն զանգահարել, որոշել է երեխային տեղափոխել մոտակա հիվանդանոց։

«Պլանի գլխի թիվ 1 հիվանդանոցի ընդունարանում մեզ հարցուփորձ անող բժիշկը անգամ չմոտեցավ, չնայեց երեխուն ու ասաց՝ «տարեք, մենք չենք ընդունում, ինքը մեր հիվանդը չէ, ոչ մի բան չենք կարա անենք»։ Անակնկալի եկա, թե ինչ է նշանակում՝ «մեր հիվանդը չէ» արտահայտությունը, կյանքի ու մահվան հարց է դրված, իսկ բժիշկը, փոխանակ առաջին օգնություն ցուցաբերելու, մեզ դուրս է հրավիրում և ուղարկում Ծերեթելիի մանկական հիվանդանոց։ Ժամանակ չունեի ոչ հարցեր տալու, ոչ էլ վիճելու․ առանց մի վայրկյան մտածելու հասցրինք «Արաբկիր» բուժկենտրոն, որտեղ երեխայի ջերմությունը հասել էր 40․6-ի։ Մոտ 40 րոպե պահանջվեց բժիշկներից, մինչև երեխուն հետ բերեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց», – պատմել է Լոռեցյանը։

Լոռեցյանը նշել է, որ նախկինում ևս բազմաթիվ անգամներ ականատես է եղել բժիշկների անտարբերությանն ու անգործությանը, սակայն որևէ անգամ չի բարձրաձայնել այդ մասին։

«Երբ Հանրապետական հիվանդանոցում մահացավ առաջին երեխաս, մոտեցա բժշկին ու խնդրեցի, որ տեսնեմ փոքրիկիս, բժիշկը սկզբում հրաժարվեց, իսկ երբ պնդեցի, գնաց ու «Սաս» սուպերմարկետի տոպրակով երեխու մարմինը բերեց ու տվեց ձեռքս։ Հիպոկրատի երդումը ուրացած բժիշկների կողմից ավելի վատ վերաբերմունքի արժանացավ մայրս, ով մահացավ փոքրիկիս մահից 1 շաբաթ անց։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր տուժել են բժիշկների անտարբերությունից, և կոչ անում բարձրաձայնել եղածի մասին։ Դիմում եմ կառավարությանը, երկրի նախագահին ու բոլոր պատկան մարմիններին ու պահանջում ամենախիստ ձևով պատժել բոլոր նրանց, ովքեր հանդգնում են նման կերպ վարվել մարդկային կյանքերի հետ։ Եթե արձագանքը ուշանա, խոստանում եմ, որ իմ հարազատների, ընկերների ու մտերիմների հետ բողոքի ակցիաներ ենք նախաձեռնելու», – եզրափակել է Լոռեցյանը։

Epress.am-ի թղթակիցը պարզաբանում ստանալու համար զանգահարել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց, սակայն գլխավոր բժշկի ընդունարանից պատասախանել են, որ նման խնդիրներով զբաղվում է հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կատարվածին տեղեկանալուց հետո մամուլի բաժնի պատասխանատուն նշել է, որ պարզաբանում կտա ավելի ուշ, իսկ քիչ անց զանգահարել է և խնդրել իրեն փոխանցել Լոռեցյանի հեռախոսահամարը։ Նա նշել է, որ ծնողի հետ զրուցելուց հետո միայն կպատասխանի մեր հարցերին։

Մանրամասներն՝ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Ակցիա՝ ի զորակցություն Շանթ Հարությունյանին’
Հաջորդ հոդվածը‘«Կորել են» Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող 100 օբյեկտներ ‘