‘Սեյրան Օհանյան. Հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստ են ապահովելու Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությունը’

1190

Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստ են ապահովելու Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման առնչությամբ ադրբեջանական կողմի շարունակական սպառնալիքներին: «Ստեփանակերտի օդանավակայանից առաջին թռիչքի իրականացման ընթացքում Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության եւ օդային ուժերը կապահովեն քաղաքացիական ինքնաթիռի գործողությունը եւ թռիչքը»,-ասաց Օհանյանը:  

Ինչպես հայտնում է Panarmenian.net-ը, անդրադառնալով հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությանը, Սեյրան Օհանյանը նկատել է, որ պատերազմ սկսելու առիթներ միշտ էլ կարող են լինել:

«Տարածաշրջանը մնում է լարված, և դրան է նպաստում նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, սպառազինությունների մրցավազքը, սադրիչ գործողություններն ու հայտարարությունները: Ներկա իրավիճակում, սակայն, պատերազմի սկսման հավանականությունը մեծ չէ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա այն, նախարարի խոսքով, բարձր մակարդակի վրա է:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայում ոսկու բացառիկ հանքաբեկոր է հայտնաբերվել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լրանում է լենինգրադյան բլոկադայի ճեղքման 70-ամյակը’