‘
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, Ստամբուլում օրերս ավարտված 40-րդ օլիմպիադայի չեմպիոն Սերգեյ Մովսիսյանը ռուսական chess-news.ru կայքին տված հարցազրույցում անդրադարձել է 2016 թվականին Բաքվում տեղի ունենալիք շախմատային օլիմպիադային Հայաստանի հավաքականի մասնակցության խնդրին: Նա համոզմունք է հայտնել, որ մեր հավաքականի մասնակցությունը այդ միջոցառմանը գրեթե անհնար է:
«2016 թվականի օլիմպիադան, եթե չեմ սխալվում, չորս տարի հետո է լինելու: Նախ՝ այն կարող է մեզնից (հավաքականի անդամներից-խմբ.) ոչ բոլորին վերաբերել: Որոշումն արդեն ընդունվել է, եւ այսօրվա դրությամբ, մեր հավաքականը, կարծում եմ, չի կարող մասնակցել այդ մրցաշարին: Ավել ասելու, կարծես թե բան չունեմ: Եթե այս չորս տարիների ընթացքում ինչ-որ բան փոխվի… բայց դրա մասին ոչ ոք ոչինչ չգիտի: Եթե ես իմանայի, թե ինչ կլինի 2016 թվականին, ես, հավանաբար, շատ հարուստ մարդ կլինեի», — ասել է Սերգեյ Մովսեսյանը:
Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի նախնական որոշմամբ, շախմատի 42-րդ օլիմպիադան տեղի է ունենալու Բաքվում: Նախօրեին ՖԻԴԵ-ի փոխնախագահ, Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Իլյա Լեւիտովը հայտարարել է, թե չի պատկերացնում օլիմպիադան առանց Հայաստանի մասնակցության:
‘