‘Սերժը սեփական ձեռքերով միացրեց իր հրաժարականի հետհաշվարկի կոճակը’

2793

2013 թվականի հոկտեմբերի 30-ին հրապարակած «Սերժ Սարգսյանի հրաժարականը այլընտրանք չունի» հոդվածում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ներկայացնելով Սերժ Սարգսյանի անփառունակ քաղաքական ներկան ու նրա կողմից բանական քայլերի անհնարինությունը՝ մի ճանապարհ էր ցույց տվել Սարգսյանին՝ գոնե վերջում քիչ թե շատ պատվով հեռանալու համար. «Սերժ Սարգսյանի կամավոր հրաժարականն ամենևին քաղաքական վենդետա չի ենթադրում։ Ավելին, կարծում եմ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, դա պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից նրան անձի և գույքի լիակատար անձեռնմխելիությամբ օժտելու պայմանով»։

Սարգսյանը, սակայն, այս առաջարկից օգտվելու փոխարեն, ինչպես արդեն տեսանք, որոշեց գործի դնել իր իբր «խորամանկ» պլանը, որը շատ ավելի կարճ կյանք ունեցավ, քան նույնիսկ ժամանակ ծախսվեց այդ մտքի հղացման համար: Անձնական երաշխիքների դիմաց հրաժարական տալու փոխարեն՝ Սարգսյանը նախընտրեց ժամանակավորապես «զոհաբերել թագուհուն» եւ վարչապետի պաշտոնում նշանակել մի մարդու, ում միջոցով հույս ուներ պառակտնում մտցնել քաղաքական դաշտում, մասնատել ոչ իշխանական քառյակն ու հօգուտ իրեն վերականգնել ուժային բալանսը:

Բայց դեռ նշանակումը պաշտոնական արարողակարգով ավարտին չհասցրած՝ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ «խորամանկ պլանը» տապալվել է կամ, ինչպես նախկին ոստկնապետ Ալիկ Սարգսյանն էր ասում՝ «խեղդվել է օրորոցում»: Ու հասկանալով, որ Հովիկ Աբրահամյանին չի կարող Քառյակի հետ հարցերում որպես խաղաքարտ օգտագործել՝ Սերժ Սարգսյանը որոշեց գնալ վերջին հուսահատ քայլին: Пан или пропал,- ինչպես կասեին ռուսները: Խոսքն, անշուշտ, ճակատային գործողությունների մասին է, երբ Սարգսյանը ձեռք մեկնեց «պլան Ք-»-ին՝ սեփական իշխանությունը հետաձգելու վերջին փորձին՝ սահմանդրական փոփոխություններին: Սերժը հասկանում է, որ սա իր վերջին շանսն է, հենց այդ պատճառով էլ ամեն գնով փորձում է հասնել այդ փոփոխություններին եւ այդ հարցում համախոհներ է փնտրում: Բայց դրանք, ինչպես գիտենք՝ չկան: Ու ահա, քանի որ քաղաքական ուժերը ինքնակամ չեն ցանկանում պաշտպանել Սերժի այս նոր պլանը, եւ միաժամանակ՝ նաեւ չեն սիրաշահվում նրա առաջարկներից, ապա նա մնացել է պարզունակ շանտաժի ու ճնշումներ բանեցնելու հույսին: Դե պարզ է՝ առջեւում աշունն է, երբ Քառյակը պետք է ամփոփի իր պահանջների կատարումն ու ներկայացնի համատեղ գործողությունների պլանը, իսկ մինչ այդ պետք է արագացված կարգով կազմակերպել սահմանադրական քննարկումների իմիտացիա՝ մինչեւ աշուն գործն ավարտին հասցրած լինելու, խանգարողներին էլ արանքից հեռացրած լինելու համար: Բայց, ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ:

Այն, որ Քառյակը մինչեւ աշուն ժամանակ է տվել իշխանություններին՝ 12 պահանջները կատարելու համար, դեռ չի նշանակում, որ Սերժի վերջը չի կարող գալ մինչեւ աշուն, կամ էլ թե՝ ամռանը գնդակը միայն նրա դաշտում է լինելու: Ամենեւին: Եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հարցազրույցն ու այդ հարցազրույցից հետո ԲՀԿ-ից  հնչեցված գնահատականները ցույց են տալիս, որ Սարգսյանն իզուր է մտել մի դաշտ, այն էլ՝ ժամանակից շուտ, որտեղ մտնել չէր կարելի, այն  էլ՝ пан или пропал սկզբունքով:

Քառյակն, ինչպես գիտենք՝ բավականին արդյունավետ համագործակցում է հատկապես խորհրդարանական ֆորմատով: Ընդ որում, ուշագրավն այն է, որ Քառյակը հրապարակավ Սերժ Սարգսյանի հրաժարականի միասնական պահանջ դեռ չի ներկայացրել, չնայած այն բանին, որ չորս ուժերից երկուսը հենց Սարգսյանի հրաժարականը պահանջելու կողմնակից են: Բայց ահա գալիս է Սերժ Սարգսյանը եւ որոշում է, թե պետք է փորձել ճնշել ԲՀԿ-ին, ու ստացվում է այն, ինչ ստացվում է: Երեւում է՝ Սերժը որոշել է արագացնել այդ գործընթացը, եւ Քառյակի ուժերից մեկի դեմ ճնշումներ սկսելու մտադրությամբ ավելի ամրացնել Քառյակի գործունեությունն ու այն դարձնել ավելի արմատական` հատկապես իր հրաժարականի պահանջի հարցում:

Սերժը վտանգավոր խաղ է սկսել: Նա, ինչպես եւ մյուս դեպքերում, այս անգամ էլ կարծես սխալ հաշվարկ է կատարել: Նրան թվացել է, թե Քառյակի ներսում քաղաքական ուժերի համագործակցությունը իր ՀՀԿ-ի եւ իր անձնական օգտագործման ՕԵԿ-ի փոխհարաբերությունների նման է, եւ եթե Քառյակից մեկին, իր վարչական լծակները կիրառելով՝ ճնշելու փորձ կատարի, ապա մյուսները պետք է երեւի վախից հետ քաշվեն: Փորձեց, տեսավ, որ կատարվեց ամբողջովին հակառակ մի բան: Սերժն իրենից անկախ սեփական ձեռքերով միացրեց իր հրաժարականի հետհաշվարկի կոճակը:

Հ.Գ. Ի դեպ, եթե աշնանը Սերժը լսեր անձնական երաշխիքներով հրաժարականի խորհուրդն ու հեռանար, ամեն ինչ այսքան, հաստատ, չէր խորանա: Բարով հեռանալու հնարավորությունը նա, ըստ էության, բաց թողեց ձեռքից:

Պարգեւ Ապրեսյան 

 

Նախորդ հոդվածը‘ՊՆ «լեվի» համարանիշները և մահվան ելքով վրաերթը կամ՝ ի՞նչ է կատարվում ՊՆ-ում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ. Ռուսաստանը մատակարարում, վարժեցնում ու խրախուսում է անջատականներին’