‘«Սերժ Սարգսյանը» մի բան է, «Հայաստանն»` այլ բան ‘

879

Եթե 2008-ի նախագահական ընտրություններից հետո իշխանական քարոզչամեքենան Սերժ Սարգսյանին փորձում էր ներկայացնել իբրեւ արեւմտամետ գործիչ, ապա այժմ նոր նյուանսներ են հայտնվել այդ քարոզչական խայծերում: Իշխանական քարոզիչների նոր «թեզը» այժմ խարսխված է այն մտքի վրա, թե Սարգսյանը չի կարող լինել միայն արեւմտամետ կամ ռուսամետ, եւ պետք է փորձի «խաղալ» երկուսի արանքում:
Իշխանական քարոզիչները, սակայն, որոնց հրահանգով ամեն օր այս թեմայով մի քանի նյութ-վերլուծություն է հրապարակվում, չեն հասկանում մի պարզ բան` հասարակության համար «Սերժ Սարգսյան» հասկացությունը մի բան է, «Հայաստանը»` այլ: Այո, նրանց հրահանգված է այսպես գրել մեկ պարզ պատճառով, որ այդ վերլուծությունների արդյունքում ընթերցողը Սերժ Սարգսյանին ավտոմատ ասոցացնի Հայաստանի հետ, որպեսզի սովորական ընթերցոնը իր համար հետեւություն անի, թե այն, ինչ անում է Սերժ Սարգսյանը, լինելու են Հայաստանի հետագա անելիքները: Կարճ ասած՝ մտքով անգամ չանցկացնի, որ Սերժ Սարգսյանն ընդհանրապես կարող է չլինել իշխանության ղեկին: Այսինքն, հարցի առաջին մասը`«ինչո՞ւ հենց Սերժ Սարգսյանը», թողնվում է մի կողմ, եւ քննարկվում է հարցի երկրորդ` «Ռուսաստա՞ն, թե՞Արեւմուտք» կեղծ եւ սրտաճմլիկ պաթոսային հռետորաբանությամբ լեցուն մասը:
Մինչդեռ ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ Հայաստանն ու Հայաստանի քաղաքական օրակարգը պետք է, նախ, տարանջատել Սերժ Սարգսյանից ու նրա քաղաքական օրակարգից: Սա ամենակարեւոր խնդիրն է: Այն, ինչ պետք է Հայաստանին, պետք չէ Սերժ Սարգսյանին, եւ հակառակը: Եւ եթե Սերժ Սարգսյանի քարոզիչները տարփողում են, թե վերջինս «խաղում է» Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, ապա պետք է հստակ արձանագրել, որ խոսքը միայն ու միայն անձնապես Սերժ Սարգսյանին է վերաբերում` իր իշխանությունը պահելու եւ երկարացնելու համատեքստում: Սա պետք է հստակ ամրագրել մեկընդմիշտ, եւ ընդհանրապես պետք է քննարկումից դուրս թողնել բոլոր այն հարցերը, թե արդյոք ո՞ւր է մեզ տանում Սերժ Սարգսյանը` Արեւմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, Չինաստա՞ն, թե՞ Սկանդինավյան երկրներ, ՆԱՏՕ՞, թե՞ ՀԱՊԿ, Ե՞Մ, թե՞ ԱՊՀ կամ Եվրազես: Որովհետեւ սա ընդամենը հետեւանք է: Մինչդեռ ամենակարեւոր հարցը, որ մենք պետք է արձանագրենք, այն է` իսկ ո՞վ ասաց, թե Սերժ Սարգսյանը մեզ կամ երկիրը պետք է ինչ-որ տեղ տանի: Սերժ Սարգսյանը նման բան անելու ոչ մի պաշար չունի` ոչ քաղաքական, ոչ հասարակական, ոչ ինտելեկտուալ, ոչ բարոյական: Ոչ մի առումով այս հարցը չի կարող նույնիսկ քննարկվել: Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահ է հռչակվել առնվազն 10 հայերի սպանության, հարյուրավոր վիրավորների եւ քաղբանտարկյալների, սահմանադրական եւ հիմնարար ազատությունների սահմանափակման, բռնաճշնումների եւ հետապնդումների, ազգային հարցերը առեւտրի առարկա դարձնելու գնով, հետեւաբար՝ ո՞վ է ասել, թե այս մարդը պետք է որոշի, թե Հայաստանն ուր է գնում: Ինքն է սիրում ասել` «գլխից է պետք բռնել, մեծերին», ուստի, այս հարցում եւս պետք է գլխից սկսել, հիմնական հարցից: Եթե երկրի ղեկավարը լեգիտիմ չէ, ուրեմն պետք է քննարկել հենց այդ հարցը, պետք է հասարակական դաշինք ձեւավորել ոչ լեգիտիմ նախագահին հեռացնելու համար, եւ դրանից հետո միայն նստել ու քննարկել, թե քաղաքական ո՞ր կողմնորոշումն է Հայաստանի համար ավելի ձեռնտու: Ասել է թե՝ այս հարցի քննարկումը ապագայի հարց է, եւ այն կարող է տեղի ունենալ միայն իշխանափոխությունից հետո, իսկ քանի դեռ իշխանության գլխին ոչ լեգիտիմ նախագահ է, քանի դեռ իշխանությունն ուզուրպացված է, առնվազն ծիծաղելի է քննարկել այն հարցը, թե ոչ լեգիտիմ նախագահը քաղաքական ի՞նչ կողմնորոշում ունի, դեպի ո՞ւր է տանում երկիրը, արդյո՞ք դա լավ է, թե՞ վատ: Դա նույնն է, եթե մենք քննարկենք, թե իր երդմնակալության օրը հագած կոստյումը Սերժ Սարգսյանին սազո՞ւմ էր, թե ոչ, կամ Ազատության հրապարակում փռած գորգերի գույնը արդյո՞ք ճիշտ էր ընտրված: Մինչդեռ մենք պետք է սկսենք նրանից, որ չընտրված անձը կարող է բռնի ուժով պահել իշխանությունն ու երդմնակալության արարողություն կազմակերպել, մենք հենց այդ երդմնակալության արարողությունը պետք է դնենք կասկածի տակ` ամբողջությամբ, ոչ թե դրա դետալները: Նույնն էլ Սերժ Սարգսյանի պարագայում. հասարակությունը խնդիր ունի ոչ թե նրա կողմնորոշումների հետ (ասել է թե` դետալների հետ), այլ` նախագահի պաշտոնում նրա հայտնվելու հետ ընդհանրապես: Թե չէ` հասարակությունն ասում է` «լեգիտիմ չես», ինքն ի պատասխան՝ փեսայի ԶԼՄ-ներով ասում է` Արեւմո՞ւտք գնանք, թե՞ Ռուսաստան, հասարակությունն ասում է` «Սերժիկ, հեռացիր», ինքը պատասխանում է` ո՞ր վզկապս կապեմ:

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը նորից ճանաչվեց հետխորհրդային տարածքում ամսվա լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբաման ստանձնել է Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանում կատարված ողբերգության պատասխանատվությունը’