‘Սերժ Սարգսյանը նորից ստել է ‘

1165

Սերժ Սարգսյանն իր հայտարարություններով հավակնում է վերածվել պաթոլոգիկ սուտասանի: Ամեն օր նա այնպիսի հայտարարություններ է անում, որ նույնիսկ ապշել կարելի է: Հերթական սուտն իրեն երկար սպասել չտվեց: Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Բուխարեստում (Ռումինիա), որտեղ երեկ մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Համագումարում Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ընտրությունների թեմային: Հենց այս հարցում էլ Սարգսյանն ակնհայտ սուտ հայտարարություն է արել: «Մեր երկիրը պատրաստվում է հերթական նախագահական ընտրությունների: Գարնանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնն անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում և առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ: Այդ նպատակով ձեռնարկվում են նախապատրաստական միջոցառումներ՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացություններն ու առաջարկությունները: Ավելորդ եմ համարում նշել, որ այս անգամ ևս ակնկալում ենք միջազգային դիտորդների ակտիվ մասնակցություն», — հայտարարել է Սարգսյանը:

Սարգսյանը ստել է` հայտարարելով, թե միջազգային դիտորդները մայիսին կայացաժ ԱԺ ընտրությունները որակել են որպես լավագույնը` անկախության հռչակումից ի վեր: Իրականում «անկախությունից ի վեր անցկացված լավագույն ընտրություն» ձևակերպումը հորինել և միջազգային դիտորդներին են վերագրել մեր իշխանությունները, քանի որ որևէ հեղինակավոր միջազգային դիտորդական կազմակերպություն իր որևէ զեկույցում նման ձևակերպում չի արձանագրել:

Ինչպես հայտնի է, ընտրությունները դիտարկող միջազգային ամենահեղինակավոր և փորձառու կազմակերպությունը համարվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը: Ու եթե նախորդ ընտրությունների ժամանակ այս կազմակերպությունը սիրում էր արձանագրել, թե ընտրությունները «մի քայլ առաջ էին» կամ «որոշակի չափով համապատասխանում էին միջազգային չափանիշներին», ապա այս անգամ միջազգային այդ ամենահեղինակավոր կազմակերպությունը բավականին ուշագրավ մի զեկույց էր հրապարկել, որտեղ միայն փաստեր էին արձանագրված: Իսկ նախաբանում անդրադառնալով ընտրություններին` գրված է. «ընտրությունները, որոնք անց են կացվել բարեփոխված օրենքի հիման վրա, բնութագրվել են մրցակցային, դինամիկ ու հիմնականում խաղաղ ընտրարշավով, որը, սակայն, նշանավորվել է գործընթացի հանդեպ վստահության ցածր մակարդակով: Ընտրությունների մասնակիցների կողմից ընտրարշավի պայմանների որոշ խախտումները, այդ թվում վարչական ռեսուրսի կիրառումն ու ընտրողների ընտրության ազատության սահմանափակման ջանքերը, ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ և հակասության մեջ են մտել ԵԱՀԿի առջև ստանձնած պարտավորությունների հետ»:

Սա արդեն իսկ ցույց է տալիս ԺՀՄԻԳ-ի կարծիքը ԱԺ ընտրությունների վերաբերյալ, իսկ որևէ խոսք այն մասին, թե դրանք լավագույնն էին անկախությունից ի վեր, զեկույցում ուղղակի չկա: Առավելևս, որ այս անգամ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը որոշ չափով կարելի էր միասնական համարել, քանի որ այն նաև ներառում էր ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի և ԵՄ խորհրդարանի դիտորդական առաքելությունների տեսակետները:

Ինչ վերաբերում է մյուս միջազգային կառույցներին, ապա, ինչպես հայտնի է, ԵԽԽՎ վերջանական զեկույցում, որը հեղինակել էր բարոնուհի Էմմա Նիքոլսոնը, ընտրությունների գործընթացն ընդհանրապես, մեղմ ասած, քարուքանդ էր արվել: Ամբողջ զեկույցում ներկայացնելով այն բոլոր խախտումները, որոնք արձանագրվել էին, բարոնուհին եզրափակել է. «Հատուկ հանձնաժողովը խստորեն կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ընտրությունների հանդեպ հասարակության վստահությունը ամրապնդելու համար` հիմքում ունենալով ընտրական գործընթացի արդարության ապահովումը: Մտահոգիչ հարցերից մեկը եղել է ընտրացուցակների անճշտությունը, որը նպաստել է այն կասկածներին, որ երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն կարող են քվեարկություն իրականացնել: Հատուկ հանձնաժողովը համարում է, որ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին պետք է արտասահմանում բացված ընտրատեղամասերում քվեարկելու հնարավորություն տրվի: Ընտրացուցակների ճշտությունը, ինչպես նաև ընտրողների հանդեպ ճնշումների բացակայությունը` ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ` ընտրությունների օըր, անհրաժեշտ պայման է իրական ընտրությունների համար: Մայիսի 6-ի ընտրություններում չեն ապահովվել այս երկու իմպերատիվները: Հատուկ հանձնաժողովը համարում է, որ ՀՀ իշխանությունները պետք է մոտ ապագայում ակտիվորեն զբաղվեն այս հարցերով, մասնավորապես՝ 2013-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ»:

Ահա սրանք են եղել միջազգային հիմնական դիտորդների իրական գնահատականները: Իսկ թե ինչո՞ւ է Սարգսյանը հայտարարում, թե իբր գնահատականներն այլ են եղել, առավելևս՝ որ այս զեկույցները բաց են, դրված են համապատասխան կայքերում, մնում է միայն կռահել:

Չէ՞ որ դահլիճում ներկաներից անգամ նրանք, ովքեր իրադարձություններին անտեղյակ են, կարող են բացել կայքերը և կարդալ զեկույցները: Բայց մինչ այդ մարդիկ կհասնեն համակարգիչներին, կբացեն այդ կայքերը, ահագին ժամանակ կանցնի, նրանք այդ 1-2 ժամում այն կարծիքին կլինեն, թե մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունները լավագույնն են եղել Հայաստանի անկախացումից ի վեր:

\"\"

Պարգև Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Human Rights Watch-ը մեղադրել է Լիբիայի իշխանություններին Քադաֆիի սպանությունը կոծկելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Բանվորները 330 հազար դոլար են գտել լքված տանը’