‘Սերժ Սարգսյանը Պրահայում կրկին խոսել է «եւ-եւ»-ի մասին’

775

Պետական այցով Պրահայում գտնվող Սերժ Սարգսյանը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո տված ասուլիսի ժամանակ կրկին խոսել է «եւ-եւ»-ի քաղաքականության դիրքերից:

«Մոտ հինգ տարի առաջ հենց այստեղ՝ Պրահայում Արևելյան գործընկերության մեկնարկով Հայաստանը ստանձնեց Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, որը վերահաստատեցինք նաև անցած նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում և այս առումով ակնկալում ենք բարեկամ երկրների, մասնավորապես Չեխիայի համակողմանի աջակցությունը», — նշել է Սարգսյանը:

President.am-ի փոխանցմամբ, Սարգսյանը նշել է, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները միանգամայն հնարավոր է զարգացնել ոչ թե հակադրության այլ համատեղելիության և համագործակցության հունով:

«Այս իմաստով Արևելյան գործընկերությունը կարող է բնական կամուրջ դառնալ՝ նպաստելով տնտեսական ինտեգրմանը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրելու առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։ Ես շնորհակալ եմ պարոն Նախագահին՝ Մաքսային միությանը միանալու մեր որոշմանը ըմբռնումով մոտենալու համար: Շնորհակալ եմ Չեխիայի Նախագահին նաև ապրիլի 24-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին հրավիրելու համար և շնորհակալ եմ առանձնապես այն բանի համար, որ նա գնահատում է իմ այցն ապրիլի 24-ին Պրահա՝ հասկանալով հանդերձ, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերին», — ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ շուրջ չորս տարի Եվրամիության հետ ասոցացման եւ ազատ առեւտրի պայմանագրերի հետ բանակցելուց հետո Սերժ Սարգսյաը 2013-ի սեպտեմբերի 3-ին անսպասելիորեն հայտարարեց Մաքսային Միությանը միանալու մտադրության մասին: Մինչ այդ եւ դրանից հետո եվրոպական ղեկավարների բազմիցս հայտարարել են, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը չի կարող ազատ առեւտրի համաձայնագիր ակնկալել ԵՄ-ից:  

Նախորդ հոդվածը‘Շավարշ Քոչարյան. Ռուսաստանը հիացած է Հայաստանի տեմպերով’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ի զոհերի հարազատներն ու Կոնգրեսի ներկայացուցիչները այցելել են Տիգրան Խաչատրյանի գերեզմանին (Տեսանյութ)’