‘Սերժ Սարգսյանի «հաղթանակը» կլինի նրա պարտության սկիզբը ‘

1693

Գաղտնիք չէ, որ սկսած 2007-ից, երբ բացահայտվեցին գործող վարչապետի՝ երկրի ղեկավարի պաշտոնում հայտնվելու հավակնությունները, Սերժ Սարգսյանը չէր ընկալվում որպես առաջնորդ, առավելևս՝ նախագահ: Այդ չընկալվածությունը ՀՀ քաղաքացիներն իրենց քվեարկությամբ շատ հստակ արտահայտեցին 2008-ի փետրվարի 19-ին՝ բացահայտ անվստահություն հայտնելով նախագահ դառնալու նպատակ ունեցող իշխանական թեկնածուին: Սակայն ամեն ինչ շատ ավելի խորացավ, երբ Սարգսյանը նախագահ կարգվեց քաղաքացիների բողոքն արյամբ ու սպանություններով ճնշելու միջոցով: Նա ոչ միայն դարձավ ոչընտիր, այլ նաև թշնամի, ով ամենաստոր մեթոդներով գողացել է ժողովրդի հաղթանակը:

Արդյունքում՝ ոչընտիրի, թույլ «առաջնորդի» կարծրացած կերպարի հետ նա ստիպված եղավ պայքարել իր «կառավարման» առաջին իսկ օրվանից: Բավական է հիշել նրա երդմնակալության արարողությունը, երբ Ազատության հրապարակը շրջափակված էր  բանակային ստորաբաժանումներով, իսկ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված էին Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգող և իրենց բողոքի ձայնը բարձրացնող հազարավոր քաղաքացիներ: Կամ հիշենք պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում նախագահի աթոռն զբաղեցնողի հրաժարականը պահանջող հարյուրավոր զանգվածային բողոքի միջոցառումները:  Անձեռնհասությունը, անկարողությունը, կամքի բացակայությունն ավելի բացահայտ երևացին արտաքին քաղաքականությունում նրա գործած «հերոսություններից» հետո, երբ անգամ ազգային ամենանուրբ հարցում նա ցուցաբերեց իր թուլամորթությունը՝ հայտնի ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում Ցեղասպանության, ըստ էության, ուրացմամբ: Այդպիսով՝ մի կողմից՝ ներքին ճնշումները, մյուս կողմից՝ ներքին անվստահությունից բխող արտաքին ճնշումներն այդպես էլ թույլ չտվեցին նրան լիարժեք նախագահ զգալ ինքն իրեն: Եվ այս իրավիճակում ուժեղ առաջնորդի կերպար ստեղծելու միակ հնարավորությունը մնացել էր նոր ընտրություններում տպավորիչ ու համոզիչ «հաղթանակ» տանելը, որը վերջապես նրան թույլ կտար ազատվելու իշխանությունը կորցնելու ամենօրյա վախերից և հանգիստ խղճով վայելելու հանցավոր ճանապարհով ձեռք բերված իշխանությունն ու հարստությունը: Բայց տեղի ունեցավ անկանխատեսելին:

Վճռական ճակատամարտը, որին ամիսներ շարունակ ջանասիրաբար նախապատրաստվել էր օլիգարխների հրամանատարը, և որում, ըստ իր հաշվարկների՝ նա պիտի տաներ վճռական, անվիճելի հաղթանակ, այդպես էլ չկայացավ: Սերժ Սարգսյանը զրկվեց իր իշխանությունը հինգ տարի շարունակ կասկածի տակ դրած ուժերի նկատմամբ ցանկալի «հաղթանակ» տանելու հնարավորությունից, ինչի արդյունքում անմիջապես փոխվեցին խաղի կանոնները:

Ընդդիմությունը թելադրեց նոր խաղի կանոններ: Նա, ըստ էության, լինելով ռեժիմի ոխերիմ թշնամին՝ այժմ ուղղակի իր գոյությամբ շարունակելու է շնչել ձախորդ «հրամանատարի» թիկունքին՝ թույլ չտալով նրան լիարժեք կառավարել և վերջապես ստեղծել իր համար այդքան բաղձալի՝ հաղթանակած ու ամենակարող թագավորի կերպարը: Սա նշանակում է անորոշություն, և այդ անորոշության մեջ՝ անդադար նախապատրաստություն և զգոնության պահպանում: Սա ավելի շատ է նյարդայնացնելու, հունից հանելու ու հյուծելու իշխանություններին, քան անգամ ամենակատաղի ճակատամարտը:

Իհարկե, նրանք կփորձեն ստեղծել վերջնական ճակատամարտի կայացման պատրանք: Սակայն այս խնդրի լուծումը, Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի՝ ընտրությունների չմասնակցելու պարագայում, ավելի քան բարդանում է: Սերժ Սարգսյանին հարկավոր էր տպավորիչ հաղթանակ, իսկ տպավորիչ հաղթանակի համար հարկավոր է, առաջին հերթին, տպավորիչ հակառակորդ: Իհարկե, այս իրավիճակում գործի կդրվեն իշխանությունների անձնական օգտագործման բոլոր «երաժշտական գործիքները», նախագահականի հրոսակները պիտի «կատաղի կռիվ տան», պիտի աղաղակներով նետվեն «մարտի», երբեմն անգամ «զոհվեն»՝ հանուն իրենց «գաղափարների»: Բայց այսպիսի «զոհերի» Հայաստանի հասարակությունը սովոր է, և դրանցով քաղաքացուն խաբելը դժվար է լինելու: Ո՞վ չի ճանաչում մեր քաղաքական դաշտի հայտնի «զոհերին», ովքեր ընտրությունից ընտրություն «ընկնում են հերոսի մահով», որ ամբողջական դարձնեն հակաժողովրդական ուժերի հաղթանակի պատկերը: Այնպես որ՝ փորձված այս քայլը հազիվ թե այս անգամ օգնի Սերժ Սարգսյանին:

2013 թ. նախագահական ընտրությունները կարող են յուրահատուկ դառնալ ոչ միայն նրանով, որ իշխանական թեկնածուն զրկված է լինելու իրական հակակշռից, այլ նաև նրանով, որ, ամենայն հավանականությամբ, իբր լարված պայքար և այդ լարված պայքարում հաղթանակ ցուցադրելու համար կիրագործվեն նաև արհեստական ընտրակեղծիքներ: Եվ այս ամենն արվելու է միմիայն իշխանական թեկնածուի անվիճելի առավելությունը ցուցադրելու նպատակով: Արդյունքում՝ տարեսկզբից արդեն կմեկնարկի աներեւույթ թշնամիների դեմ աներեւույթ հաղթանակների շղթան: Իսկ ինչքան շատանան ռեժիմի թվացյալ հաղթանակները, այդքան ավելի կմոտենա ու իրական կդառնա վճռական ճակատամարտը, որին ռեժիմը, մեղմ ասած, բավականաչափ պատրաստված չի լինի:

Այդպիսով, թե՛ սեփական ապաշնորհության, թե՛ պատմական ոչ նպաստավոր իրադարձությունների պատճառով Սերժ Սարգսյանը անհավանական ջանքերի գործադրման դեպքում էլ անգամ չի կարողացել ու չի կարողանալու դառնալ ՀՀ նախագահ: Իսկ ֆարս հանդիսացող գալիք ընտրությունները կլինեն այս իրողության հերթական ապացույցը:

 

Արեգ Գևորգյան

 

 

 

Նախորդ հոդվածը‘Թալին-Գյումրի, Արթիկ -Մանթաշ-Ալագյազ, Եղվարդ-Հարթավան ճանապարհները և Սելիմի լեռնանցքը փակ է’
Հաջորդ հոդվածը‘Դաժան սպանություն Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի’