‘Սերժ Սարգսյանի հերթական նահանջն ու ինտրիգը’

2766

Սերժ Սարգսյանի կողմից 12 կետերի վերաբերյալ արված հայտարարությունը սպասելի էր: Սպասելի էր, որովհետեւ արդեն գիտենք Սարգսյանի բնավորությունը եւ հատկապես նրա քաղաքական վախերը: Բավական է, որ ընդդիմությունը մի փոքր ոտքը դնի գազին, եւ Սերժ Սարգսյանը միանգամից սկսում է նահանջել ու զիջումների գնալ: Ընդ որում, որքան ընդդիմությունը ոտքը ավելի շատ է սեղմած պահում, այնքան նա ավելի է նահանջում: Բայց եւ, որպես ինտրգների հարցում մասնագիտացած անձ (սա քաղաքական դաշտում Սերժի միակ ձիրքն է) նա զուգահեռաբար ամեն ինչ անում է՝ ժամանակ ձգելու համար: Իբրեւ՝ մի խփեք, խոստանում եմ՝ կհանձնվեմ: Սա, իհարկե, մի կողմից լուրջ զիջում է, հատկապես այն քաղաքական ուժի ղեկավարի կողմից, որի խոսնակը ամիսներ առաջ հոխորտում էր, թե դեպի իշխանություն տանող միակ ճանապարհը այսուհետ անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով (այդ փողոցում էգտնվում ՀՀԿ գրասենյակը): Թուր ճոճող ՀՀԿ ղեկավարը արդեն ընդդիմության ամիսներ առաջ ներկայացրած պահանջները քննարկելուց է խոսում, նեղն է ընկել որովհետեւ: Բայց մյուս կողմից էլ՝ Սարգսյանն ակնհայտորեն փորձում է ժամանակ շահել, որովհետեւ խոսում է անորոշ ապառնիով: Ասել է թե՝ կառավարությանը հրահանգել է նորից քննարկել 12 կետերը: Ի՞նչ է սա, ուրեմն, եթե ոչ մանեւրելու փորձ: Որովհետեւ, նորից քննարկելու հրահանգը եթե անգամ զիջում է, այդուհանդերձ՝ պարտադիր չի նշանակում պահանջները կատարելու խոստում, եւ ապա՝ չի նշանակում, որ այդ պահանջները կկատարվեն այսօր կամ վաղը: Առայժմ նա անճարությունից ու իշխանությունը կորցնելու վախւց միայն խոստումների խայծ է նետել դաշտ: Այնպես որ, մի կողմից պետք է միանշանակորեն արձանագրել, որ Սարգսյանը տեղի է տալիս ու նահանջում է, բայց եւ մյուս կողմից, ոգեւորվելու առիթ չկա, որովհետեւ Սարգսյանի ոտքի տակի հողը թեեւ սկսել է երերալ, բայց եւ միաժամանակ, նա դեռ վերջնակապես չի կորցրել հավասարակշռությունը, եւ եթե ժամանակ ձգելու հնարավորություն ունենա, (այդ ընթացքում իր ավանդական մուտիլովկաները, կաշառելուու վախեցնելու, պառակտելու ցանկությունները գործի դնելու համար) ապա որոշ ժամանակ անց կարող է վերականգնել հավասարակշռությունն ու այդ ժամանակ՝ այլեւս զիջումներ անելու ոչ ցանկություն կունենա, ոչ՝ կարիք: Հիմա շատ լավ պահ է: Սարգսյանը արդեն երկրորդ անգամ, (առաջին անգամը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դեպքում) ցույց է տալիս իր խուճապը՝ ընդդիմության համատեղ ճնշման հնարավոր արմատականացմամբ: Եւ սա դեռ, միայն հնարավոր ճնշման վախից: Իսկ պատկերացրեք, թե ինչ կլինի Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության հետ՝ դրա իրականացման դեպքում:

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Խենթեր, որոնք աշխարհին խոշոր գաղափարներ են պարգևել’
Հաջորդ հոդվածը‘Ալբանիայի և Սերբիայի վարչապետները վիճաբանել են Կոսովոյի պատճառով’