‘Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում արտագաղթել է «մի ամբողջ Ղարաբաղ» ‘

822

Ըստ պաշտոնական վերջին տվյալների՝ Ղարաբաղն այսօր ունի 145 հազար բնակչություն: Ընդ որում՝ բնակչության թիվը հաշվել են ըստ գրանցվածների, որոնց մի ստված զանգված Ղարաբաղում չի էլ ապրում: Ինչեւէ: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանից արտագաղթել է «մի ամբողջ Ղարաբաղ» բնակչություն` ավելի քան  150 հազար մարդ: 2012 թվականի տվյալները դեռ ամփոփված չեն, սակայն եթե հաշվի առնենք, որ 2012-ի յուրաքանչյուր ամսին Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել շատ ավելի մեծ թվով մարդ, քան 2011-ի նույն ամիսներին, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ թվեր կարձանագրվեն այս տարվա արդյունքներով: Այդ պարագայում կստացվի, որ իր պաշտոնավարման 5 տարիներին Սարգսյանը Հայաստանից դատարկել է Ղարաբաղի բնակչության կրկնապատիկը: «Երկու Ղարաբաղ» մարդ է հեռացել Հայաստանից` վերջին 5 տարիների ընթացքում: Մենք արդեն կորցրել ենք երկու Ղարաբաղ:    

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2007-ին Հայաստանից մեկնել եւ այլեւս չի վերադարձել -3223  մարդ: 2008-ին արդեն` -23 հազար 59 մարդ: 2009-ին` -24 հազար 978 մարդ: 2010-ին` -54 հազար 240 մարդ: 2011-ին` -49 հազար 100 մարդ:

2012-ի հունվար-սեպտեմբերն եւ 2011-ի նույն ամիսներին արձանագրված թվերը եւս հուսադրող չեն. գնացող-չեկողների թիվը գնալով աճում է: 

Այս տարվա հունվարին Հայաստանից գնացած եւ չվերադարձածների բացասական հաշվեկշիռը կազմել է 4219 մարդ, փետրվարին` 10 հազար 175 մարդ, մարտին` 13 հազար 704 մարդ, ապրիլին` 29 հազար 222 մարդ, մայիսին`20 հազար 894 մարդ, հունիսին` 4340 մարդ, հուլիսին` 9886 մարդ, օգոստոսին` 7039 մարդ, սեպտեմբերին` 6296 մարդ: Բացասական սալդոն արդեն կազմել է 97 հազար 95 մարդ:

 

 

Նախորդ հոդվածը‘Կավե արձանները կնվիրաբերեն համանուն տուն-թանգարաններին ‘
Հաջորդ հոդվածը‘Գիվի Թարգամաձեն աբսուրդային է համարում ռուսական քննչական մարմինների կողմից իր հասցեին ուղղված մեղադրանքները’