‘Սերժ Սարգսյանն ամենահարուստ թեկնածուն է. Նա հայտարարագրել է 108 միլիոն դրամ և մշակութային արժեքների մեծ հավաքածու (թեկնածուների հայտարարագրերը)’

1213

Երեկ ԿԸՀ կայքում հրապարակվել են նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանի և Վարդան Սեդրակյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը` նախորդ մեկ տարվա դրությամբ: Առավել ուշագրավ է Սերժ Սարգսյանի հայտարարագիրը, որտեղ նա մշակութային արժեքների մեծ հավաքածու է հայտարարագրել: Ինչպես նշում է «ՀԺ»-ն,  դժվար է ենթադրել, որ Մինասի, Բաշինջաղյանի, Կոջոյանի, Հակոբյանի կտավները Սարգսյանն իր հետ Երևան է բերել Ստեփանակերտից: Հետևաբար, այդ թանկարժեք կտավները նա ձեռք է բերել Երևանում: Այնքան գումար չէր կարոդ ունենալ դրանք գնելու համար: Հետևաբար նվեր է ստացել: Երևանում եղել է բացառապես պետական պաշտոնյա, և ուրեմն, թանկարժեք այդ նվերները պետք է հանձներ պետությանը: Բայց չի արել:  

iLur.am-ը ներկայացնում է հայտարարագրերում ներկայացված տվյալները:

 

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Սերժ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրում նշված է, որ նա Ստեփանակերտում ունի 96 ք.մ. բնակարան, «Շարժական գույք» բաժնում նշվում է, որ Սարգսյանն ունի 1992 թվականի թողարկման «Միցուբիշի Մոնտերո» ավտոմեքենա:

«Թեկնածուի թանկարժեք գույք» բաժնում Սերժ Սարգսյանը հայտարարագրել է 18-20-րդ դարերի հնաոճ իրեր (արձանիկներ, քանդակներ և այլն), կտավների հավաքածու (Խանջյան, Սարյան, Հակոբյան, Գյուջյան, Բաշինջաղյան, Մինաս, Եր. Քոչար, Կոջոյան, Աբեղյան), ժամանակակից նկարիչների թվով 32 կտավներ: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սերժ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 108 միլիոն 400 հազար դրամ:

ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Էպոսագետը հայտարարագրել է մի քանի հողամասեր Կոտայքի մարզում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջաններում: «Շարժական գույք» բաժնում նշված է միայն 2011 թվականի թողարկման Միցուբիշի Outlander 3.0 մակնիշի թեթև մարդատարը: Ըստ ներկայացված հայտարարագրի՝ Սեդրակյանը թանկարժեք գույք չունի:

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Ժառանգության» առաջնորդը անշարժ գույք ունի Երևանի Նորքի և Երզնկյան փողոցների վրա: «Շարժական գույք» բաժնում նշված է Գազ 311000 մակնիշի մեքենա: Րաֆֆի Հովհաննիսյանի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել են 402.000 դրամ և 51.000 ԱՄՆ դոլար:

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Նախագահի թեկնածուն աշխատավարձ է ստանում ՀՀ ԱԺ-ից (2180980 դրամ), Ռուս-հայկական համալսարանից (1073900 դրամ), Ուկրաինայի Ազգ. բանկի Բանկային գործի համալսարանից (91439 հրիվնա), Pernod-Ricard (9400 եվրո) և «Ասմուս Ռոնտե» (7342000 դրամ) ընկերությունից: Հայտարարագիրը ներկայացնելու պահին նրա դրամական միջոցները կազմել են 65.000 ԱՄՆ դոլար:

\"\"

Նախորդ հոդվածը‘Ավելի քան 30 սիրիահայեր ՀՀ անձնագրեր են ստացել’
Հաջորդ հոդվածը‘Զոյա Թադեւոսյան. Տարաձայնությունները կհարթվեն, իսկ պայքարը շարունակվում է ‘