‘Սերժ Սարգսյանն առաջին ինքնախոստովանական ցուցմունքը տվեց ‘

1334

Սերժ Սարգսյանն այսօր հերթական ներկայացում-խորհրդակցությունն է անցկացրել, այս անգամ` ՀՀ դատախազությունում` իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Թեման էր`քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրները: Այս խորհրդակցության ընթացքում էլ Սերժ Սարգսյանն այնպիսի «զարմանահրաշ բացահայտումներ» արեց, ասես առաջին անգամ է լսում դրանց մասին: Չնայած, որ իր բացահայտումները հանրության համար վաղուց սովորական եղելություն են, հանրահայտ փաստեր: Օրինակ` Սերժ Սարգսյանը զարմանք է հայտնել այն կապակցությամբ, որ դատախազները կարող են կոծկել քրեական գործերը, մեղավորներին դարձնել վկաներ, կարող են իրենք հենց լինել հանցագործներ, եւ այլն, եւ այսպես շարունակ` մոռանալով, որ այդ համակարգը արդեն քանի տարի հանցագործություններ է կոծկում, հանցագործությունների է դիմում հանուն իր իսկ իշխանությունը պահելու:

Սերժ Սարգսյանն ասում է. «Ձեր գործունեության ուսումնասիրության ընդամենը երկուերեք ամիսների ընթացքում պարզվել է, որ, օրինակ դատախազի թողտվությամբ հանցանք կատարած մի քանի անձինք գործով դառնում են վկա, նույնիսկ ոչ թե թողտվությամբ, այլ նրա ակտիվ մասնակցությամբ»:

-Սերժ Սարգսյանը նո՞ր է իմացել այդ մասին: Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող, 2008-ի ընտրությունների կապակցությամբ ձերբակալված ցանկացած անձի, բոլոր քաղբանտարկյալների քրեական բոլոր գործերը բա ինչպե՞ս են հարուցվել:  

Սերժ Սարգսյանն ասում է. «Քրեական գործերով նախաքննության համար պատասխանատու անձանց կողմից ոչ պատշաճ են իրականացվում կամ ընդհանրապես չեն իրականացվում իրենց դատավարական լիազորությունները: … Չեն լուծվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խնդիրները»:

-Սերժ Սարգսյանը նո՞ր է իմացել այդ մասին: Սահմանված խնդիրները որո՞նք են. հանցագործությունները բացահայտելը, մեղավորներին պատժելը: Մարտի մեկի հետ առնչվող բոլոր քրեական գործերի չբացահայտվելն էլ հենց դրանով է պայմանավորված, որ այդ խնդիրները չեն լուծվում: Թող բացահայտեր:

Սերժ Սարգսյանն ասում է. «Անձի դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների քննության ընթացքում խախտվում է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու պահանջը»:

-Սերժ Սարգսյանը նո՞ր է իմացել այդ մասին: Բա բանակում կատարված ցանկացած սպանության դեպք թող վերցներ ու ուսումնասիրեր մինչեւ հիմա, մասնավորապես, հենց սպա Արտակ Նազարյանի սպանությունը: Թող ժամանակին ոչ թե ճաղերի հետեւից «ճամփեր» բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողներին, այլ` գործերին ընթացք տար: Ինչո՞ւ չարեց: 

Սերժ Սարգսյանն ասում է. «Հանցանք կատարած անձինք չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, ակնհայտ անմեղ անձինք մեղադրվում են հանցանքի կատարման մեջ կամ առանց անհրաժեշտության ենթարկվում են իրավունքների սահմանափակման»:

Սերժ Սարգսյանը նո՞ր է իմացել այդ մասին: Բա Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահագն Հայոցյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Արամ Բարեղամյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Պետրոս Մակեյանը, Հարություն Ուռուտյանը, Ռազմիկ Պետրոսյանը, մյուս հարյուրավոր քաղբանտարկյալ տղաները ինչի՞ արդյունքում էին կալանավորվել եւ ամիսներ ու տարիներ անցկացրել անազատության մեջ: Որովհետեւ այդ մարդկանց դեմ ապօրինի քրեական գործեր էին հարուցվել, որովհետեւ նրանք մեղադրվում էին չկատարած հանցագործությունների մեջ: Բա Տիգրան Առաքելյանն ինչո՞ւ է բանտում: Բա Հայ ազգային Կոնգրեսի երիտասարդներն ինչի՞ համար են հետապնդվում:

Ամփոփում

Ճիշտ է ասում Սերժ Սարգսյանը. դատախազությունը վեր է ածվել հանցագործությունները պարտակող մի կառույցի: Բայց: Առաջին հերթին իրավապահ համակարգի նման պահվածքի մեղավորը հենց ինքը` Սերժ Սարգսյանն է: Եթե չլինեին ԱԱԾ-ի, Բանակի, Դատախազության, Ոստիկանության միջամտությունները ներքաղաքական գործընթացներին, Սերժ Սարգսյանը այսօր Բաղրամյան 26-ում չէր լինի: Ավելին, եթե նույն դատախազությունը ապօրինությունների փոխարեն իրապես զբաղված լիներ հանցագործությունների բացահայտմամբ, Սարգսյանը նստած կլիներ ոչ թե Բաղրամյան 26-ում, այլ` Կոշի կամ Վարդաշենի գաղութում:

2008 թվականի փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանը կեղծեց նախագահական ընտրությունները: Հետո, երբ ժողովուրդը դուրս եկավ փողոց` ընդվզելու այդ կեղծիքների դեմ, Սերժ Սարգսյանը գործի դրեց ԱԱԾ-ն, իրավապահներին: Ձերբակալվեցին տասնյակ քաղաքական գործիչներ ու ակտիվիստներ: Հետո, երբ տեսավ, որ դա էլ չի օգնում, նա` Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, Սահմանադրության խախտմամբ, ներքաղաքական զարգացումներին ներգրավեց նաեւ Զինված Ուժերը: Մարտի 1-ի վաղ առավոտյան Սարգսյանն ու Քոչարյանը բռնի ուժ կիրառելով` ցրեցին Ազատության հրապարակում գիշերող մարդկանց, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին զրկեցին ազատ տեղաշարժի իրավունքից եւ փաստացի ենթարկեցին տնային կալանքի, իսկ ապա նույն օրվա երեկոյան` կրակ բացեցին սեփական երկրի քաղաքացիների` խաղաղ ցուցարարների դեմ: Առնվազն 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ եւ քաղբանտարկյալներ: Հարյուրավոր քրեական գործեր, որոնք դատախազությունը թխում էր մեկը մյուսի հետեւից եւ մեկը մյուսի պատկերով ու նմանությամբ: Բազմաթիվ գործերով անցնող նույն վկաները, բռնի ուժ կիրառած իրավապահները, որոնք դարձել էին կամ վկաներ կամ տուժածներ: Սերժ Սարգսյանին այս ամենը պետք էր` Բաղրամյան 26-ում հաստատվելու եւ ամրապնդվելու համար: Սարգսյանը չխորշեց ոչնչից: Տարիներով անազատության մեջ պահեց տասնյակ մարդկանց, որոնք ազատության մեջ հայտնվեցին միայն Համաժողովրդական շարժման եւ միջազգային կառույցների ճնշումների ներքո: Ու հիմա Սարգսյանը դատախազների առաջ հաթաթա՞ է տալիս, «էս ինչե՜ր եմ իմանում» ոճի մեջ հայտարարում է, թե դատախազները գործե՞ր են կոծկում: Սերժ Սարգսյանը երեւի մոռացել է, որ հարյուրավոր նման կոծված գործերի արդյունքում է ինքը շարունակում մնալ նախագահի աթոռին: Ինքն էր ասում` «գլխից է պետք բռնել, մեծերին»: Մարտի մեկի առնվազն տաս զոհերի, հարյուրավոր վիրավորների ու քաղբանտարկյալների, տնտեսական հետապնդումների ու խոսքի ազատության ճնշումների գնով նախագահ դարձած անձը դեռ համարձակվո՞ւմ է խոսել այս խնդիրների մասին: Այո, դատախազությունում, ինչպես եւ պետական մյուս բոլոր մարմիններում, այսօր ավելի շատ ապօրինություններն ու կոռուպցիան են ծաղկում, (Աղվան Հովսեփյանի մեքենան ձեզ օրինակ), բայց այդ ամենը նախեւառաջ գալիս է նրանից, որ Բաղրամյան 26-ում նստած անձը նույնկերպ ապօրինություններով է հայտնվել իր աթոռին: Ու նա` պետական բոլոր կառույցները օգտագործել է որպես գործիք` այդ խնդիրները իրականացնելու համար: Այնպես որ, դատախազությունում եւ մյուս բոլոր պետական կառույցներում ապօրինությունները վերացնելու միայն մեկ ճանապարհ կա, եւ այդ ճանապարհը` ապօրինություններով, ընտրակեղծիքներով, առնվազն 10 զոհերի եւ հարյուրավոր վիրավորների ու քաղբանտարկյալների գնով նախագահականում հայտնված Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելն է: 

Իսկ մինչ այդ, կարող ենք փաստել, որ Սարգսյանն այսօր դատախազությունում առաջին ինքնախոստովանական ցուցմունքն է տվել:

 

Պարգեւ Ապրեսյան

 

 

Նախորդ հոդվածը‘Յուլիա Տիմոշոնկոն հացադուլ է հայտարարել ընդդեմ ընտրությունների կեղծման’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո. Վերջ Մագատի բռնապետությանը’