‘Սերժ Սարգսյանն ու «ազատ լրատվությունը»’

1276

Նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանի և իր թիմի կողմից անընդհատ որպես առաջընթաց է ներկայացվում լրատվության ազատության հարցը, իբր` Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո ազատություն է տրվել լրատվական դաշտին: Դա ներկայացվում է որպես ձեռքբերում և բարի կամքի դրսևորում իշխանությունների կողմից:

Այն, որ հեռուստատեսային բազմակարծության հարցով, 2008թ. նախընտրական շրջանի  համեմատ` կա ակնհայտ տեղաշարժ, անվիճելի է: Վիճելին երևույթի պատճառներն են ու մատուցման ձևը: Սակայն մինչ պատճառերին անցնելը` պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ժողովրդավարական «նվաճումներից» խոսվում է միայն հեռուստատեսային լրատվության մասով և  չի խոսվում ժողովրդավարության այլ կարևորագույն չափորոշիչների` քաղաքական հակակշիռների ստեղծման, քաղաքական հետապնդումների դադարեցման, հասարակության առանձին խմբերի իրավունքների պաշտպանության և, վերջապես, ընտրական համակարգի առողջացման մասին` դրանով իսկ ենթագիտակցական մակարդակում փաստելով, որ այդ ոլորտներում անցած հինգ տարիների ընթացքում ոչ մի առաջընթաց տեղի չի ունեցել:

Վերջապես, ինչու՞ հանկարծ Սերժ Սարգսյանը որոշեց բացել հեռուստատեսությունը ընդդիմադիր կամ այդպես համարվող քաղաքական գործիչների համար, կամ արդյո՞ք իրապես բացեց: 

Պատասխանը բխում է երկու հիմնական պատճառներից, առաջինը` օբյեկտիվ, երկրորդը` քաղաքական:

Օբյեկտիվ պատճառը վերջին շրջանում տեխնոլոգիաների զարգացումն է կամ դրանց հզոր մուտքը հայկական շուկա: Այսօր արդեն բնակչության ահռելի հատվածը, եթե ոչ՝ գերակշիռ մասը, իր տեղեկատվությունը փնտրում է համացանցում և բնավ էլ «հայլուրային» իրականության մեջ չի ապրում: Վաղուց արդեն մեր հասարակությունը իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում էր համացանցից, իսկ facebook-ի ֆենոմենալ հնարավորություններին ոչ ոք չի կասկածում:

Իհարկե, բնակչության մի զգալի հատված, հիմնականում՝ հեռավոր բնակավայրերի բնակիչները և համացանցից օգտվելու հնարավորություններ չունեցողները, դեռ շարունակում է սնվել հեռուստատեսային տեղեկատվությունից, բայց նրանց դերը հասարակական կարծիքի ձևավորման կամ ընտրազանգվածի ուղղորդման մեջ նվազագույն է:

Այս պարագայում պարզապես անիմաստ է դառնում հեռուստատեսային ամբողջական գրաքննությունը, առավելեւս՝ երբ ընտրություններում իշխանությունների համար «վտանգ» ներկայացնող թեկնածու ուղղակի չկա: Հիշենք թեկուզ 2008թ., երբ, ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Փենինգտոնի՝ պետքարտուղարությանը տրված զեկույցի (Վիկիլիքս)՝ հազարավոր մարդիկ Ազատության հրապարակ էին գալիս լսելու Լևոն Տեր-Պետրոսյանին և ազատվելու տեղեկտվական վակուումից, իսկ այդ մրցավազքում Տեր-Պետրոսյանը հաղթեց Սարգսյանին:

Երեւույթի քաղաքական պատճառը, մի կողմից՝ ընտրություններին կենդանության շունչ հաղորդելն ու արհեստական մրցակցային պայմանների ստեղծումն է, մյուս կողմից էլ` ժողովրդավարության իմիտացիան Արևմուտքի համար:  Լրատվական դաշտի ուսումնասիրման ամենատարբեր կենտրոններ ուղակի փաստում են, որ այս անգամ ընդդիմադիր թեկնածուներին նույնիսկ ավելի շատ եթերային ժամանակ է տրվում, քան Սերժ Սարգսյանին: Ընդհանրապես, քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, և Հայաստանի պես երկրներում ակնհայտորեն դա կարող է  տեղի ունենալ, եթե թելադրված լինի միայն «վերևից»: Թե «վերևում» ինչու՞ են մտահոգված ընդդիմադիր կամ այդպիսին համարվող թեկնածուների վարկանիշով, եզրակացություններ կարող է կատարել ամեն ոք:

Միայն հավելեմ, որ նախընտրական տրամաբանության մեջ լրատվամիջոցների ազատությունը ևս միանշանակ չպետք ընդունել, որովհետև հասարակությունը կարծիք է ձևավորում ոչ թե մեկ ամսվա կտրվածքով, այլ տարիների:

Ընդհանուր առմամբ՝ կարող ենք արձանագրել, որ մեր հասարակությունը վաղուց արդեն տիրապետում էր տեղեկատվություն ստանալու մեթոդներին, և դա սարգսյանական բարի կամքի դրսևորում չէր, ոչ ընդունելի ձևով բազմակարծության, խոսքի ազատության բարձրագույն արժեքները վերածվում են քաղաքական նպատակահարմարության հարցերի, և վերջապես, իշխող վարչախմբից ժողովրդավարական բարեփոխումներ սպասելը, մեղմ ասած, ինքնախաբեություն է, քանի որ բարեփոխում կատարողը երբեք չէր հանդուրժի երիտասարդ քաղբանտարկյալների, գաղտնալսվող քաղաքական գործիչների, մենաշնորհ կառավարման ու ընտրական կեղծարար մեքենայի փաստերը:

 

Արշակ Մուսախանյան

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ արտգործնախարարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին’
Հաջորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդու. Երեխայովս եմ երդվում, որ «Ռեալում» այլ խնդիր է եղել’