‘«Սեւ» օր «Շախտյորի» եւ մյուս առաջատարների համար’

1065

Ուկրաինայի առաջնության 16-րդ տուրում գրանցվեց միանգամից երկու խոշոր անակնկալ: Մրցաշարի անվիճելի առաջատար Դոնեցկի «Շախտյորը» Կիեւի «Արսենալի» հետ խաղում կրեց այս առաջնությունում առաջին պարտությունը՝ 0:2:

Ընդհանուր առմամբ հաշիվը արտացոլում է խաղի իրական պատկերը: «Հանքափորները», ինչպես երեւում էր, հոգով եւ մտքով ամբողջովին գտնվում էին Դանիայում, որտեղ նոյեմբերի 20-ին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի շրջանակներում հանդիպում են անցկացնելու «Նորշելանդի» հետ: «Շախտյորի» խաղացողները խաղում էին կես ուժով, ինչի համար էլ պատժվեցին: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Նույն օրը տեղի ունեցավ եւս մեկ հանդիպում, որտեղ նույնպես հանդիպեցին Դոնեցկի եւ Կիեւի թիմերը՝ «Մետալուրգը» եւ «Դինամոն»: Չնայած խաղի բացահայտ ֆավորիտ էր համարվում «Դինամոն», սակայն «Մետալուրգը» բավական հաջող հանդիպում անցկացրեց, երկրորդ խաղակեսում բացեց հաշիվը, որն էլ մինչեւ հանդիպման վերջ չփոխվեց՝ 1:0:

«Մետալուրգի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Կառլեն Մկրտչյանը, իսկ Գեւորգ Ղազարյանը խաղադաշտ մտավ 66-րդ րոպեին:

Հետաքրքիր է, որ Չեմպիոնների լիգայի E խմբի առաջատարների համար օրը «սեւ» ստացվեց: «Շախտյորն» ու «Չելսին» պարտություն կրեցին, «Յուվենտուսը» սեփական հարկի տակ, ունենալով գոլային բազմաթիվ հնարավորություներ, այդպես էլ չկարողացավ հաղթել Հռոմի «Լացիոյին» (0:0): Հետեւաբար, միայն «Շախտյորը» չէ, որ իր ուժերը խնայել է Չեմպիոնների լիգայի համար: Միայն դանիական «Նորշելանդը» իր ազգային առաջնությունում հաղթանակ տարավ:

Մեծ հաշվով, օրը հաջող չէր եվրոպական մի քանի այլ գրանդ ակումբների համար: «Մանչեսթեր Յունայթեդը» 0:1 հաշվով պարտվեց «Նորվիչին» եւ իրենից առաջ թողեց «Մանչեսթեր Սիթիին», ինչը անեծքի պես մի բան է: Ֆրանսիական ՊՍԺ-ի դեպքում այդ անեծքը 100 տոկոսանոց էֆեկտ է ունեցել: Սեփական հարկի տակ Ֆրանսիայի առաջնության առաջատարը 1:2 հաշվով պարտվեց «Ռենին»՝ մոտ 40 րոպե ունենալով… երկու խաղացողի առավելություն: Ռենի» երկու ֆուտբոլիստ կարմիր քարտ էին ստացել: «Բավարիան» չկարողացավ հաղթել «Նյուրնբերգին»՝ 1:1, չնայած մյունխենցիները չպետք է առաձնապես այդ հաշվից տխրեն, որովհետեւ երկրորդ տեղում ընթացող «Շալկեն» ընդհանրապես պարտվեց՝ «Բայերին» (0:2): Ահա այսպիսի անակնկալներով լի ֆուտբոլային օր ստացվեց:

Ուկրաինայի առաջնություն. 16-րդ տուր

«Արսենալ» (Կիեւ) — «Շախտյոր» (Դոնեցկ) — 2:0

Շաչկիխ՝ 35, Կոբախիձե՝ 90+3

«Մետալուրգ» (Դոնեցկ) — «Դինամո» (Կիեւ) — 1:0

Դիմիտրով՝ 71 

Նախորդ հոդվածը‘Քիդմանն առաջարկում է Ֆյորտին նորից «դառնալ» իր ամուսինը ‘
Հաջորդ հոդվածը‘Փոթորիկ անապատում. «Լոուրենս Արաբիացի» ֆիլմը 50 տարեկան է (Ֆոտոշարք)’