Սթոլթենբերգ․ Երաշխիք չկա, որ Վիլնյուսի գագաթնաժողովում Շվեդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին

259

Վիլնյուսում Հյուսիսատլանտյան դաշինքի հուլիսյան գագաթնաժողովում Շվեդիայի անդամակցության երաշխիքներ չկան, սակայն ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։

Այդ մասին հինգշաբթի հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը՝ ժամանելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։

«Շվեդիան Թուրքիայի բոլոր պահանջները կատարել է․ չեղարկել է զենքի մատակարարման սահմանափակումները, փոխել է սահմանադրությունը և հակաահաբեկչական օրենսդրություն է ներմուծել, ուստի մենք կարծում ենք, որ նա հնարավորինս արագ պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Սակայն առայժմ երաշխիքներ չկան, որ Վիլնյուսի գագաթնաժողովում Շվեդիան կանդամակցի դաշինքին, մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Սթոլթենբերգը։

Ի պատասխան այն հարցին, թե հունիսի 12-ին ինչպես է անցել անդամակցության վերաբերյալ Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի հանդիպումը, Սթոլթենբերգն ընդամենն ասել է՝ «շատ կառուցողական մթնոլորտում»։ Միաժամանակ՝ նա նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ այն երկիրն է, որն ամենաշատն է ենթարկվում ահաբեկչական հարձակումների, և նրա մտահոգությունն այդ առումով միանգամայն հիմնավոր է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեզ վրա թքողը կբուժվի մեր հաշվին. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըՌԴ-ի գործողություններն առայժմ ՆԱՏՕ-ի միջուկային ուրվագծի փոփոխություն չեն պահանջում