‘Սկանդալ. Ս. Սարգսյանը միջամտել է Վրաստանի ԱԺ ընտրություններին և Սահակաշվիլիին հանձնել Իվանիշվիլիի հայ կողմնակիցներին ‘

1779

Հայկական իշխանությունների հերթական ապաշնորհության պատճառով, ըստ երեւույթին, խոշոր սկանդալ է հասունանում հայ-վրացական հարաբերություններում: Վրացական newposts.ge կայքը սենսացիոն տեղեկություններ է տպագրել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտոնական Երևանի անհարկի և կոպիտ միջամտության  վերաբերյալ: Վրացական լրատվամիջոցը նշում է, որ Երևանն աջակցում էր Միխեիլ Սաակաշվիլիին, և ակնարկում զանգվածային ռեպրեսիաների հարցում հայկական հետքի մասին:

Ilur.am-ի վրացական աղբյուրների պնդմամբ՝  այս հրապարակումը միայն սկիզբն է, և առաջիկայում մենք ականատես ենք լինելու նոր մերկացումների: Նույն աղբյուրների պնդմամբ՝ իրականությունը շատ ավելի ողբերգական է: Թբիլիսիի մեր աղբյուրը նշում է, որ  Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ Մոսկվան խնդրել է Ս. Սարգսյանին Վրաստանի հայաբնակ շրջաններում աջակցել հակասաակաշվիլիական ուժերին: Սերժ Սարգսյանը, բնականաբար, խոստացել է դա անել, իսկ իրականում արել է լրիվ հակառակը: Վրաստան են գործուղվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ, ծագումով ջավախքցիներ Վարդան Այվազյանը, Տաճատ Վարդապետյանը և այլք, որոնք գյուղեգյուղ ընկած՝ աշխատել են Սաակաշվիլիի օգտին: Ավելին, ծագումով վիրահայ այն քրեական հեղինակություններին, ովքեր բնակվում են արտերկրում և Հայաստանում հայտնվում են միայն ընտրությունների ժամանակ՝ իշխանություններին աջակցելու համար, Երևանից խնդրել են մեկնել Վրաստանի հայաբնակ շրջաններ և աջակցել Սաակաշվիլիին, ինչն էլ արվել է:

Երևանի այս միջամտության ողջ դրսևորումները, բնականաբար, չեն վրիպել «Վրացական երազանքի» աչքից: Իսկ այսօր՝ Իվանիշվիլիի հաղթանակից հետո, նոր հարցեր են ծագում:

Մասնավորապես, վրացական պարբերականում  ռեպրեսիաների  մասին հիշատակումը շատ ավելի վտանգավոր և սկանդալային պոտենցիալ ունի: Վրացական մեր աղբյուրները նշում են , որ խոսքը հետևյալի մասին է. ընտրություններից մի քանի օր առաջ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Իվանիշվիլիի ներկայացուցչի հետ, տեղեկացրել, որ ինքն ունի Սերժ Սարգսյանի կողմից տրված լիազորություններ: Հանդիպման ընթացքում Ա. Բաղդասարյանը խնդրել է այն հայ առանցքային ակտվիստների անունները, ովքեր կազմում են Իվանիշվիլիի հայ աջակիցների կորիզը: ԱԽՔ-ը հիմնավորել է իր խնդրանքը նրանով, որ, իբր, իրենք էլ են ուզում  վերջին պահին աջակցել Իվանիշվիլիին: Սակայ, հայ ակտիվիստների ցուցակները ԱԽՔ-ին տրամադրելուց հետո՝ բառացիորեն հաջորդ օրը սկսվել են նրանց ձերբակալությունները: Լուրջ կասկածներ կան, որ Ա. Բաղդասարյանն այդ ցուցակները պարզապես հանձնել է Սաակաշվիլիին:

Փաստորեն՝ այս ամենը դեռ սկիզբն է: Առաջիկայում, չի բացառվում, որ ականտես կլինենք նոր բացահայտումների:

Մուսա Բադալյան 

Նախորդ հոդվածը‘Մարտիմեկյան զոհի ծնող. «Ի՞նչ իրավունք ունի Էդիկ Մինասյանն իր տեսակետը գրել դասագրքում»’
Հաջորդ հոդվածը‘Բանկոմատից 29 միլիոն դրամ են գողացել’