‘Սմբատ Այվազյան. Ենթադրենք՝ այսօր ժողովուրդը համբերեց, բայց դա հավերժ չի կարող տևել, վաղը ժողովուրդը ոտքի է կանգնելու ‘

2841

ասում  է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը

— Պարոն Այվազյան, առաջին անգամն է ՀՀ-ում, որ նախագահի ընտրություններից երկու-երեք ամիս առաջ նման պասիվություն է նկատվում: Ձեր կարծիքով՝ սա  ինչո՞վ է պայմանավորված:

— Սա, առաջին հերթին, պայմանավորված է իշխանությունների կողմից ստեղծված իրավիճակով, քաղաքական դաշտում չկայացած վիճակով ու միգուցե նաեւ՝ հասարակության կողմից, քաղաքական գործիչների կողմից այն գիտակցումով, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ ուղղակի գոյություն չունեն: Որեւէ ընտրական պրոցեսի մեջ մտնելն անիմաստ է, եւ որեւէ լուրջ քաղաքական գործիչ չի մտածում, որ Հայաստանում այս փուլում ընտրություններով որեւէ բան կփոխվի:

— Բայց ընդդիմությունը քննարկում է միասնական թեկնածու առաջադրելու ճանապարհը:

— Եթե ընդդիմությունը գնա զուտ ընտրությունների, հերթական անգամ կհիասթափվի ե՛ւ ինքը, ե՛ւ կհիասթափեցնի հասարակությանը:

— Այդ դեպքում ի՞նչ եք առաջարկում դուք:

— Քանի որ մենք ապրում ենք «չընտրությունների» ժամանակաշրջանում, ճիշտը կլոր սեղան կազմակերպելն է, որին մասնակցեն հասարակության տարբեր շերտեր, ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր քաղաքական ուժեր, եւ միասին որոշեն այն ճանապարհները, որ պետք է գնանք: Պետք է միասին ինչ-որ լուծման հանգեն, որովհետեւ այժմ ընտրված ճանապարհները մեզ այլեւս ոչ մի տեղ չեն տանում. երկրի ներսում վիճակը գնալով վատանում է՝ ե՛ւ սոցիալապես, ե՛ւ տնտեսապես, ե՛ւ անվտանգության երաշխիքների առումով: Հայաստանը պատրաստ չէ դիմագրավելու որեւէ լուրջ մարտահրավերի: Պետք է փորձել իրավիճակից դուրս գալ, իսկ դրա ճանապարհը կլոր սեղան կազմակերպելու մեջ է: Ընդ որում՝ կլոր սեղանը պետք է կազմակերպի իշխանությունը, որովհետեւ ինքն է առաջին հերթին պատասխանատու ստեղծված իրավիճակի համար:

— Իշխանությունները, սակայն, կարծես թե պատրաստ չեն որեւէ զիջման, որեւէ լուրջ քայլի:

— Ուրեմն՝ այդ իշխանությունները վաղը ավելի մեծ պրոբլեմներ կունենան, քան այսօր: Իրենք պարտավոր են նման քայլեր անելու: Լավ, ենթադրենք՝ այսօր ժողովուրդը համբերեց, բայց դա հավերժ չի կարող տեւել, վաղը ժողովուրդը ոտքի է կանգնելու եւ հաշիվ է պահանջելու:

— Խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերն իրենց հերթին առաջարկել են կոնկրետ օրակարգեր ու կազմակերպել են քննարկումներ: Դա իրավիճակից դուրս գալու ե՞լք է, թե՞ ոչ:

— Ես այդ պրոցեսներին շատ չեմ հետեւում: Կարծում եմ՝ Հայաստանում պետք է արմատապես փոխել իրավիճակը, պետք է փոխել այն արժեհամակարգը, որով մեզ ստիպում են ապրել: Ես ընտրությունների միջոցով իշխանափոխությանը չեմ հավատում: Միգուցե ընտրական պրոցեսներն օգտագործելով՝ հնարավոր լինի փոխել իշխանություններին: Եթե քաղաքական ուժերը հանգեն այդ եզրակացության, ես կողջունեմ: Այսօր քաղաքական դաշտում չկա որեւէ ուժ, որն ի վիճակի լինի միայնակ երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Հարկավոր է կոնսոլիդացիա, հարկավոր է վերացնել պառակտվածությունը, անվստահության մթնոլորտը, ժողովրդի օտարվածությունը պետությունից: Հասարակությունը պետք է միասնական ձեւով դիմակայի մարտահրավերներին:

Հիմա շատ է խոսվում ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր կոնսոլիդացիայի մասին: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

— Այս պահին չեմ կարող ասել՝ կլինի կոնսոլիդացիան, թե ոչ: Եթե այդ կոնսոլիդացիան լինի, դեռ չի նշանակում, որ վերջնական հաջողության ենք հասել: Հարկավոր է հստակ դիրքորոշում ունենալ ապագա պրոցեսների հանդեպ, որի դեպքում արդեն կարող ենք հաջողության հասնել:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Բարոզուն հանդիպել է հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ’
Հաջորդ հոդվածը‘Իրանը ցուցադրել է անսովոր՝ փիրուզագույն սուզանավ ‘