‘Սնոուդենի ամանորյա ուղերձը. դադարեցրե՛ք համատարած լրտեսումը’

704

ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, որը հրապարակել էր ամերիկյան իշխանությունների կողմից էլեկտրոնային լրտեսման մանրամասնները, հրապարակել է նաև իր «այլընտրանքային» ամանորյա ուղերձը միջազգային հանրությանը և կոչ է արել դադարեցնել քաղաքացիների զանգվածային լրտեսումը:

Սնոուդենի տեսաուղերձը հեռարձակվել է բրիտանական Channel 4-ով, Եղիսաբեթ II թագուհու՝ Ծննդյան տոների ավանդական ուղերձի ամենաթեժ պահին: Ելույթի սկզբում Սնոուդենը հիշատակել է Ջորջ Օրուելի «1984» վեպը և ասել, որ մարդկանց լրտեսելու՝ Օրուելի նկարագրած մեթոդները պարզապես ծիծաղելի են այն ամենի համեմատ, ինչ արվում է այսօր: «Բոլորս միասին մենք կարող ենք դադարեցնել զանգվածային լրտեսումները և կառավարությանը հիշեցնել, որ եթե նա իսկապես ուզում է իմանալ, թե մենք ինչ ենք մտածում, ապա ավելի հեշտ է դա հարցնել, քան լրտեսել»:

Ի դեպ, բրիտանական հեռուստատեսության չորրորդ ալիքը առաջին անգամ չէ, որ հեռարձակում է «այլընտրանքային» ամանորյա ուղերձ: Նախորդ անգամներն  ամբիոնը տրամադրվել է Իրանի այն ժամանակվա նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, կատակերգակ Սաշա Բարոնի հերոսին՝ Ալի Ջիին, Օզի Օզբորնի տիկնոջը՝ Շերոնին, ու նույնիսկ «Սիմփսոնները» մուտֆիլմի հերոս Մարջին:

 Channel 4-ի ղեկավարության խոսքով՝ Սնոուդենի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հենց նա է այս տարվա գլխավոր նյուզմեյքերներից մեկը, և հեռուստատեսությունը ցանկանում է, որ իր հեռուստադիտողները տեղեկատվություն ստանան առաջին ձեռքից և ինքները դատեն՝ կարելի՞ է հավատալ Սնոուդենին խոսքերին, թե՞ ոչ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը թաքուն «մեգա-ասուլիս» կտա ‘
Հաջորդ հոդվածը‘Մաո Ցզեդունը՝ Չինաստանի խամրող խորհրդանիշ’