‘Սպառնացել են լրագրողներին. «Ով եք եղած, որ մեզի նկարեք, ըդքան չկաք, եկա՝ աչքերներդ կհանեմ»’

1027

Գյումրու Թբիլիսյան խճուղում (նախկին Մալայա զեմլյա թաղամասում) գտնվող թիվ 21 մանկապարտեզում տեղակայված 35/22  ընտրատեղամասի շրջակայքում ականտես եղանք արտասովոր իրարանցման: Հենց սկզբում՝ ընտրատեղամաս մտնելիս,  մանկապարտեզից քիչ հեռու կուտակված մեքենաներ կային, ու ահազանգ ունեինք, թե հիշյալ մեքենաներից մեկից՝ սպիտակ «Նիվա»-ից,  ընտրակաշառք են բաժանում: Տեղում մեր հայտնվելուց րոպեներ անց մեքենան հասցրեց հեռանալ: Քիչ  հետո հեռացող անձնակազմին փոխարինեց նորը՝ նոր մեքենայով: «Հրահանգիչները», տեսնելով նկարող լրագրողներին, որոշեցին կանգնել ու սպառնալ, որ հանկարծ չփորձենք իրենց նկարել. «Ով եք եղած, որ մեզի նկարեք, ըդքան չկաք, եկա՝ աչքերներդ կհանեմ»:

Ի դեպ, սպառնալիքները հնչում էր մեքենայի դիմացը նստած կնոջից, ում, չգիտես ինչու, անչափ վրդովեցրել էր մեր ներկայությունը: Նշենք, որ ժամանակ առ ժամանակ հիշյալ մեքենային մոտենում էին բնակիչները ու րոպեներ անց հեռանում:

Ինչպես պարզ դարձավ բնակիչների խոսքերից՝ ամբողջ թաղամասում ընտրակաշառքը սկսել են բաժանել երեկ երեկոյան՝ թիվ 31 դպրոցից: Այսօր արդեն դա կատարվում էր ակնհայտ՝ ի տես բոլորի ու առանց թաքցնելու, հենց մեքենաներից, ընտրատեղամասի դիմաց:

Պետք է նշել, որ թաղամասում ամեն քայլափոխի հանդիպում էինք կուտակված մարդկանց ու մեքենաների՝ հիմնականում տաքսիներ ու երթուղայիններ:

Asparez.am

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց քվեարկությանը’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Լրագրողների նկատմամբ ճնշումներն ունեն կեղծիքները, խախտումները քողարկելու ակնհայտ միտում’