‘Սպորտ. Մեսսին այսօր կստանա իր 4-րդ «Ոսկե գնդակ»-ը’

653

Ռեկորդներով նշանավորված տարվանից հետո այսօր Ցյուրիխում արգենտինացուն կհանձնեն իր հերթական՝ արդեն 4-րդ «Ոսկե գնդակ»-ը՝ չնայած նրան, որ Լեոն 2012-ին չի մասնակցել տարվա կարևորագույն մրցաշարին` Եվրո — 2012-ին, և տարվա ընթացքում բացի Իսպանիայի գավաթից ոչ մի կարևոր մրցանակ չի շահել:

Կատալոնական «Սպորտ» օրաթերթը, որը սերտ կապեր ունի Բարսայի ղեկավար մարմնի հետ, այսօրվա իր համարում պնդում է, որ երեկոյան հենց Մեսսիին կհանձնվի 2012-ի տարվա լավագույն խաղացողի կոչումը: Այն, որ Լեոն «Ոսկե գնդակ»-ի գլխավոր հավակնորդն է, պարզ դարձավ դեռևս ամռանը, երբ փայլուն խաղաշրջան անցկացրած Ռոնալդուին և Պիրլոյին չհաջողվեց նվաճել Եվրո-2012-ը:

Դրանից հետո միայն մադրիդյան մամուլն ու մադրիդիստ պորտուգալացիներն էին պնդում, որ մրցանակը պետք է հանձնել Ռոնալդուին: Նրանց համար սեպտեմբերին ստեղծվեց մի իրավիճակ, որը նրանք ամեն կերպ փորձում էին օգտագործել, որպեսզի վնասեին Լեոյի իմիջին: Խոսքը «Գրանադա»-ի հետ տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ Լեոն, դժգոհելով Վիլյայից, պահանջում էր գնդակն իրեն փոխանցել այն ստանալուց հետո: Այդ դրվագից հետո «Մարկա»-ն և «ԱՍ»-ը փորձեցին Լեոյից «փոքրիկ բռնապետ» կերտել,  ով ամբողջովին իրեն է ենթարկում ամբողջ Բարսայի աստղային հանդերձարանը: Բայց այս ամենը այդպես էլ մնաց «Մարկա»-ի և «ԱՍ»-ի սահմաններում:

Իսկ խոսելով 2012-ի համաշխարհային ֆուտբոլի մասին՝ մեծամասնությունը առաջին հերթին հիշատակում է Լեո Մեսսիի անունը, ով անկացրեց իր լավագույն տարին, որի ընթացքում խփած իր 91գոլերով գերազանցեց թե Սեզար Ռոդրիգեսի՝ ՛ ակումբի բոլոր ժամանակների լավագույն ցուցանիշը, թե՛ Գերդ Մյուլլերի ռեկորդային` մեկ տարվա ընթացքում 85 գոլ ցուցանիշը:

Լեոն անցած տարվա ընթացքում իր խաղով և գոլերով ոչ միայն գերազանցեց «Լա լիգա»-ում հանդես եկող Ռոնալդուին և Ֆալկաոյին, այլև իրապես կանգնեց անցյալի լեգենդների հետ միևնույն հարթության վրա, իսկ շատերի կարծիքով՝ նույնիսկ գերացանցեց նրանց:

Ամենակարևորը, ինչ կարողացավ անել Լեոն, որի մասին վերջին օրերին մոռացել են  և քիչ են խոսում,  այն էր, որ արգենտինացին 2012-ին վերջապես կարողացավ կայունացնել իր ելույթները ազգային հավաքականի կազմում, որտեղ մինչ այդ նրան միայն քննադատում էին և պահանջում էին հրաժարվել Դիեգոյից ժառանգած 10 համարից:

Մեսսիին հաջողվեց իր վրա ուշադրությունը սևեռել նաև Եվրո-2012-ի ժամանակ` Բրազիլիայի դեմ իր «հեթ-տրիկով»: Ովքեր հետևել են Սաբելյայի թիմի խաղին, կհաստատեն, որ ազգային հավաքականի կազմում Լեոն հաճախ ավելի լավն էր, քան Բարսայում:

Իհարկե, վաղը ամբողջ համացանցը կողողվի այնպիսի տեսակետներով, թե Մեսսին որևէ կարևոր տիտղոս չի նվաճել 2012-ի ժամանակ, չի մասնակցել տարվա գլխավոր մրցաշարին, «Չելսի»-ի դեմ խաղում վրիպել է իր կարիերայի ամենակարևոր 11 մետրանոցը, և նրա խփած 91 գնդակները ոչինչ չարժեն: Իսկ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի մասին խոսակցությունների ժամանակ կշարունակեն պնդել, որ նա դեռևս չի նվաճել աշխարհի գավաթը:

Դա հիմնականում կլինի «բարսատյացների» տեսակետը, ովքեր, իհարկե, կմոռանան խոսել այն մասին, որ ամեն տարի Լեոն տարբեր խաղային առումներով ավելի է կատարելագործվում՝ մի կողմ թողնելով նրա 91 գոլերն ու 22 գոլային փոխանցումները: Ինչ վերաբերում է Մեսսիի՝ մինչ օրս գործած գլխավոր «մեղք»-ին` աշխարհի գավաթ չունենալուն, ապա Զակարդոն կամ Անդերսոն Պոլգան պետք է հավակնեն բոլոր ժամանակների լավագույնի կոչմանը, քանի որ տանը ունեն աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը..

«Սպորտ»-ի այն տեղեկատվությունը, որ այսօր նրան կհանձնվի «Ոսկե գնդակ», ավելի իրատեսական է դառնում, եթե հիշենք, որ 2010-ին փոխվել են այդ մրցանակի համար քվեարկության կանոնները, և այժմ քվեարկությանը մասնակցում են ոչ միայն եվրոպացի լրագրողները, այլև, օրինակ` Բուրունդիի կամ Գուամի ներկայացուցիչները ևս, ովքեր, շատ հնարավոր է, նույնիսկ չեն տեսել Պիրլոյի կամ Ինյեստայի խաղը:

Նախորդ հոդվածը‘Մեքսիկայում տարեց մարմնավաճառների կացարան է բացվել (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Բոլիվիայում ամերիկյան դավադրություն են բացահայտել ընդդեմ նախագահի’