‘Ստեփան Դեմիրճյան. Փետրվարի 18-ը համալրեց կեղծված ընտրությունների ցանկը’

3176

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հայտարարություն է տարածել փետրվարի 18-ին տեղի ունեցած ընտրություններին վերաբերյալ.

«Փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները ոչ թե դարձան մեր երկրի նորագույն պատմության լավագույն ընտրությունները, ինչպես խոստանում էին իշխանությունները, այլ ընդամենը համալրեցին կեղծված ընտրությունների ցանկը:

Այդպես էլ պետք է լիներ, քանի որ այս իշխանություններն ու արդար ընտրությունները անհամատեղելի հասկացություններ են:

Ի՞նչ ժողովրդավարական ընտրությունների մասին կարող է խոսք լինել, երբ իրենց տեղերում են նախորդ ընտրությունների կեղծիքների կազմակերպիչները: Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել մարտի 1-ի սպանդը իրականացնողները: Եվ մենք, ինչպես գիտեք, չմասնակցեցինք այդ ընտրություններին, քանի որ մեղմ ասած, երաշխավորված չէր արդար ընտրական գործընթացի ապահովումը:

Փետրվարի 18-ին մեր հասարակությունը մերժեց գործող վարչախմբին: Մերժեց այն վարչախմբին, որի կառավարման տարիների ընթացքում երկրում աճել է աղքատությունը, խորացել սոցիալական բեւեռացումը: Մերժեց այն իշխանությանը, որը մարդկանց դատապարտում է անհուսության եւ արտագաղթի:

Փետրվարի 18-ին մեր ժողովուրդը ոչ ասաց երկրում առկա քրեաօլիգարխիկ համակարգին, կեղծիքին, ընտրակաշառքին եւ վերատիրացավ իր արժանապատվությանը:

Փետրվարի 18-ի ընտրությունները եւ դրան հաջորդող իրադարձությունները շատ հստակ ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը մտադիր չէ նվաստացած ապրել իր երկրում եւ թույլ չի տա բռնանալ իր կամքի վրա: Մարդիկ փոփոխություններ են պահանջում, եւ այդ փոփոխությունները պետք է սկսել ժողովրդի քվեն ստացած իշխանության ձեւավորումից:

ՀԺԿ-ն, ինչպես միշտ, կլինի ժողովրդի կողքին եւ կշարունակի պայքարել հանուն արդարության եւ արժանապատվության հաղթանակի», — ասվում է Ստեփան Դեմիրճյանի հայտարարության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Գեղամյանը հետընտրական բողոքը համարում է «թուրք-ազերիական գաղափարական մեքենայի» աշխատանք’
Հաջորդ հոդվածը‘Լավագույնը Հենրիխ Մխիթարյանի գոլն է’