‘Ստյոպա Սաֆարյան. Պաշտոնական կապերից չխուսափելը նշանակում է, որ Ուրուգվայը ԼՂՀ-ի անկախությունը կարող է ճանաչել ցանկացած պահի ‘

584

«Եթե Ուրուգվայը պաշտոնական ձևաչափերով շփումներ է հաստատում Արցախի հետ, նշանակում է, որ, բնականաբար, ճանաչման ցանկություն կա, իսկ թե երբ կկատարի այդ քայլը, կարծում եմ, որ պարզ կլինի՝ ելնելով թե՛ տարածաշրջանային իրավիճակից և թե՛ Ուրուգվայի ու Ստեփանակերտի փոխպայմանավորվածությունից»: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով ԼՂՀ-Ուրուգվայ երկկողմ հարաբերությունների արդյունքում Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախության հնարավոր ճանաչման կանխատեսումների մասին:

Վերջինս չի կարող նշել հստակ ժամկետներ, բայց վստահ է, որ միայն նման ձևաչափերով շփումներ հաստատելն ու պաշտոնական կապերից չխուսափելը նշանակում է, որ Ուրուգվայը ճանաչման խնդիրը կարող է լուծել ցանկացած պահի:

Պատասխանելով այն հարցին, թե Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման դեպքում արդյո՞ք ՀՀ-ն կհետևի Ուրուգվայի օրինակին՝ Ս. Սաֆարյանն ասաց.

«Թերահավատ եմ, որովհետև Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այդ առումով , անկեղծ ասած, այնքան էլ պարզ և հստակ չէ»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչն է խանգարում ՀՀ-ին վերջապես ճանաչել ԼՂՀ անկախությունը՝ նա նշեց, թե խանգարող հանգամանքը ԼՂՀ-ն չճանաչելու դիրքորոշումն է:

«Մենք էլ պետք է հարգենք Արցախի ինքնիշխանությունը, ինձ մոտ մեկ-մեկ տպավարություն է ստեղծվում, որ իշխանությունները իսկապես ձևական են նայում Արցախի ինքնիշխանությանը՝ Արցախը դիտարկելով որպես Հայաստանի գավառ, իսկ նրա  իշխանությունն էլ՝ որպես ՀՀ-ին ենթակա: Այսինքն՝ պիտի ներքուստ մի բան փոխվի, հարգանք պետք է ձևավորվի միավորի նկատմամբ»,- նկատեց Ստյոպա Սաֆարյանը՝ խանգարող հանգամանք համարելով նաև Մադրիդյան սկզբունքները:

Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունն արդեն իսկ ներկայացրել է ԼՂՀ ճանաչման օրինագիծը, իսկ հետագայում այն մեծ օրակարգ բերելը կախված է մեծամասնությունից և քաղաքական մյուս ուժերի պատգամավորների կամքից:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստի ուղիղ հեռարձակում’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Շաբոյանն ազատվել է հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից’