‘Ստորագրահավաք` հանուն հուշարձանների ճիշտ պաշտպանության ‘

993

Այսօր Հյուսիսային պողոտայում ժամը 13:00-ից սկսած` կմեկնարկի հանուն հուշարձանների ճիշտ պաշտպանության ստորագրահավաքը:

Ստրագրահավաքի մասնակիցները պահանջում են՝

  1. Չեղյալ համարել ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշումը և վերադարձնել հուշարձանները իրենց նախկին վայրերը:
  2. Ֆինանսական միջոցները ուղղել հուշարձանների հաշվառման, անձնագրավորման, տեղում վերանորոգման, տեղանքի բարեկարգման, վերահսկման և տուրիստական երթուղիներում ավելացման վրա:
  3. Հստակեցնել «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը՝ սահմանելով, թե որոնք են այն բացառիկ դեպքերը, որոնց ժամանակ կարելի է տեղափոխել հուշարձանները:
  4. Օրենքով սահմանել հանրային կամ ազգային նշանակություն ունեցող նյութական կամ հոգևոր արժեքների նկատմամբ ցանկացած գործողության դեպքում հանրային քննարկումներ կազմակերպելու կարգը:
  5. Մինչ օրս ինչ-ինչ պատճառներով ՀՀ-ից դուրս բերված, տեղափոխված կամ կորած հուշարձանների և այլ մշակութային արժեքների վերաբերյալ ներկայացնել հանրային հաշվետվություն և ձեռնամուխ լինել դրանց վերադարձմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 13-ին ընդունել է որոշում՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին»՝ հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդես կազմակերպելու նպատակով թույլատրվել է Երևան տեղափոխել պատմության և մշակույթի՝ թվով 63 անշարժ հուշարձան: Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016 թ. սեպտեմբերին, դրանք, կառավարության որոշման համաձայն, կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը: Սակայն այս որոշումը լայն հասարարական զանգվածների դժգոհությունն է առաջացրել. մասնավորապես՝ մտահոգություն կա, որ հուշարձանները չեն վերադարձվի իրենց նախկին վայրերը, որոշումը խոչընդոտում է մարզերի համաչափ զարգացման հեռանկարները, և այլն:

Նախորդ հոդվածը‘Նախագահական ընտրությունները՝ փետրվարի 18-ին’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը պաշտոնապես տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ»’